Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելով ևս մեկ անգամ հանդիպել՝ նշանակում է…

Մարտ 12,2013 13:06

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջով, որ Ավետարանի վրա Սերժ Սարգսյանը կեղծ երդում չտա, և Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ չօրհնի կեղծիքը։ «Ինչո՞ւ նույնը չարեց 5 տարի առաջ, երբ դարձյալ կեղծված ընտրությունները վավերացվեցին Ավետարանի վրա երդումով և կաթողիկոսի օրհնությամբ»,- հետաքրքրվում են սոցցանցում։ Այս հարցի պատասխանն ինքս ինձ համար փորձեցի գտնել. հինգ տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ չէր ընտրվել։ Պատասխանատվության բեռն այն ժամանակ ընդդիմության մեկ այլ առաջնորդի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ուսերին էր. նա էր Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը։

Այս ընտրություններին հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և իրավիճակի ողջ իրավական և բարոյական պատասխանատվությունը կրում է հենց ինքը։

Շրջանառության մեջ է դրված «Րաֆֆիի վկաներ» արտահայտությունը՝ իբրև շարունակություն «Լևոնի վկաներ» թեմայի։ Սա նույնքան կեղծ արտահայտություն է, որքան կեղծ են ընտրությունների արդյունքները։ Եթե խորհրդարանական ընտրություններին մարդիկ քվեարկում էին հօգուտ ԲՀԿ-ի, քվեարկում էին կոնկրետ Գագիկ Ծառուկյանի օգտին։ ՀԱԿ-ի դեպքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, և ոչ մի դեպքում՝ ուրիշի։ Այսինքն՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ընտրությունը կոնկրետ առաջնորդների ընտրություն էր։ Փետրվարի 18-ին մարդիկ քվեարկել են ընդդեմ գործող իշխանությունների։ Եվ այդ քվեարկության խորհրդանիշը լինելու վիճակն ընկել է Րաֆֆի Հովհաննիսյանին։ Սա կարևոր ձեռքբերում է, և այդ մասին շատ է խոսվել։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ գնալու է միայն սահմանադրական ճանապարհով։ Մեր իրականությունն այնպիսին է, որ օրինական դաշտում գործել և հասնել իրավական հաջողության՝ անհնար է։ Մարդկանց տանել առճակատման Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում։ Անընդհատ թեժ պահել կրակը՝ հանրահավաքներով, առանց մեկ քայլ առաջ շարժվելու, ևս խելքին մոտ չէ։ Եվ նա ընտրել է ճանապարհ՝ կեղծված ընտրությունների խնդիրն իրավական դաշտից տեղափոխել բարոյական դաշտ, քանի որ իրավական դռները Հայաստանում փակ են։ Ընդ որում՝ նա հայտարարել է, թե պատրաստ է գնալ մինչև վերջ։ Ավելորդ է ասել, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանին որևէ բան պատահի, իրավիճակը կդառնա անկառավարելի։ Եվ այս գիտակցությունն է շարքային հանրապետականներին ստիպում տարբեր անուններ կպցնել հացադուլին՝ իրավիճակի ծայրահեղացմանը միտված քայլ, ժողովրդին երկու մասի բաժանելու փորձ։

«Էլիտար» հանրապետականների համար արդեն ձանձրալի երկար է թվում ընտրությունների ավարտական գլուխը։ Եվ նրանք անընդհատ խոսում ու մեկնաբանում են իրավիճակը՝ չպատկերացնելով, թերևս, որ իրենց կարծիքն այնքան էլ էական չէ։ Եթե չասենք՝ ընդհանրապես էական չէ։ Լռում է նա, ում խոսքին դեռևս իներցիայով սպասում են՝ Սերժ Սարգսյանը։ Նա, թույլ եմ տալիս ինձ ենթադրել, լռում է, քանի որ չգիտի՝ ի՞նչ ասել, այս դեպքում նրա ասած ցանկացած միտք, հնարավոր է, կաշխատի իր դեմ, քանի որ այսքան լռելուց հետո նրա ասած խոսքը տասնապատիկ արձագանք է ունենալու։

Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելով ևս մեկ անգամ հանդիպել՝ նշանակում է՝ գիտակցել իրավիճակի լրջությունը։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031