Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ փորձը

Մարտ 12,2013 13:02

Հայաստանում յուրաքանչյուր նախագահական ընտրությունից հետո ծավալվող հետընտրական պայքարն իր առանձնահատկությունն ունի, սակայն այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռնարկած քայլերի «գաղափարա-քաղաքական կողմը» որոշ չափով հիշեցնում է 2008-ին Լ.Տեր-Պետրոսյանի որդեգրած քաղաքականության ընդհանուր ուղղվածությունը։
Վերջինս նույնպես իր հետընտրական ելույթներում աշխատում էր հիմնավորել քաղաքական պայքարի խաղաղ մեթոդներին դիմելու եւ բռնությունը բացառելու անհրաժեշտությունը։ Նման քաղաքականության հիմնավորմանն էր ծառայելու նաեւ նրա գլխավորած կուսակցությունների դաշինքի ընտրած Հայ ազգային կոնգրես անվանումը, որը ակնհայտորեն վերցված էր Հնդկաստանի պատմությունից եւ սերտորեն կապված Մահաթմա Գանդիի ու նրա ուրույն փիլիսոփայության հետ։
Պայքարի այս եղանակը իր ժամանակին Հնդկաստանում մի յուրահատուկ երկսայրի սուր էր հիշեցնում։
Բանն այն է, որ 1885-ին հիմնված Հնդկական ազգային կոնգրեսը ընդհանուր առմամբ լոյալ դիրքորոշումներ ուներ բրիտանական իշխանությունների հանդեպ, մինչեւ որ 1921-ին այն գլխավորեց Մահաթմա Գանդին, որը, ճիշտ է, առաջ քաշեց բռնությունը բացառող իր սատյարգահայի ուսմունքը, բայց միաժամանակ աննախադեպ թափ հաղորդեց այդ երկրում ծավալվող ազատագրական պայքարին։ Այսինքն՝ արյունից խուսափելու քարոզը հանգեցրեց ոչ թե պայքարի թուլացման, այլ, հակառակը, ծավալմանն ու ընդարձակմանը։
Այնպես որ մեզանում արդեն ավանդույթ դարձող պայքարի խաղաղ, սահմանադրական մեթոդների արտաքին կողմերի ֆետիշացման վրա հիմնվող հայկական գանդիզմը արդեն երկրորդ անգամ փորձում է քողարկված կերպով առաջ հրել հետընտրական պայքարին զանգվածային բնույթ հաղորդելու՝ խիստ որոշակի նպատակի իրականացման քաղաքական կոնկրետ տեխնոլոգիաները։
Գանդիզմի հիմնական սկզբունքի առաջադրումը մեզանում նույնպես զուգորդվում է շարժման առաջնորդի քաղաքական իմիջի ձեւավորման խիստ յուրահատուկ մեթոդների հետ։ Դրանցից կարեւորագույնը դեռեւս Գանդիին բնորոշ «ժողովրդի մարդու» կերպարի ձեւավորումն է։ Ժամանակին այդ նպատակին էր ծառայում վերջինիս ժուժկալությունը, երրորդ կարգի վագոններով երթեւեկելու սովորույթը եւ, վերջապես, հացադուլի իրավունքի հիմնավորումն ու գործադրումը։
Պայքարի այս մեթոդի որդեգրումը ընդդիմության ներկա առաջնորդ Ր.Հովհաննիսյանի կողմից Հայաստանում գանդիզմի սկզբունքների կիրառման նոր հանգրվանն է, քանի որ Լ.Տեր-Պետրոսյանը նման ծայրահեղ քայլի չգնաց։
Նույն երեւույթի արտահայտությունն է նաեւ ընտրապայքարի շրջանում Ր.Հովհաննիսյանի որդեգրած քարոզչական մարտավարությունը, որը Տեր-Պետրոսյանի նման չի սահմանափակվում չարենցյան «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի..» դրույթի սոսկ բանավոր կրկնությամբ, այլ գործնականորեն՝ հացադուլի միջոցով հռչակում է ինքնազոհության գնալու իր մտադրությունը։
Ժամանակին բազմիցս այդպես է վարվել նաեւ Գանդին, որը 1948թ. հունվարին իր սկսած հերթական հացադուլը հիմնավորել է հետեւյալ արտահայտությամբ. «Մահն ինձ համար կդառնա հրաշալի փրկություն։ Ավելի լավ է մեռնել, քան դառնալ Հնդկաստանի ինքնաոչնչացման անզոր վկան»։
Ճիշտ նույնն էր նաեւ վերջին հանրահավաքում հնչած Ր.Հովհաննիսյանի հայտարարության իմաստը՝ Սերժ Սարգսյանի երդումը սահմանադրության ու Աստվածաշնչի վրա տեղի կունենա «իմ դիակի վրա», իսկ երեկ էլ նա հավաստիացրեց, որ «իր ասածը պետք է հասկանալ ուղիղ իմաստով»։
Բնական է, որ նման պայմաններում Ր.Հովհաննիսյանը մերժում է իշխանության հետ երկխոսությունը շարունակելու առաջարկը։ Այս մթնոլորտում է ձեւավորվում նաեւ գանդիզմին բնորոշ սրբազնացման արարողակարգը՝ մարդկանց պարբերական այցելությունները իրենց հոգեւոր առաջնորդին, քաջալերանքներն ու բանաստեղծությունների ընթերցումը։
Ժամանակին այդ ամենը Հնդկաստանում հանգեցրեց Գանդիի պաշտամունքի ձեւավորմանը, որի փառապսակը դարձավ հնդիկ մեծ գրող Ռ.Տագորի կողմից նրան տրված «Մահաթմա» (մեծ հոգի) տիտղոսը։
Մեր Ռաբինդրանատ Տագորի դերում առաջիկայում թերեւս հանդես կգա Ռուբեն Հախվերդյանը՝ դա նա լավ է կարողանում անել։
Քաղաքական պայքարի այս բոլոր տեխնոլոգիաներն այնքան ծանոթ են, որ դժվար թե նորություն պարունակեն։ Ավելին՝ դրանք կյանքի կոչելու խնդիրը պահանջում է հաշվի առնել հայաստանյան միջավայրի առանձնահատկությունները։ Այն չափից ավելի ապագաղափարականացված է ու միաժամանակ դեսակրալիզացված, ուստի Ր.Հովհաննիսյանի դիմումների զուգորդումը կաթողիկոսի անվան եւ Աստվածաշնչի հետ վերջին հանրահավաքում ճիշտ հակառակ արձագանքը ստացավ։
Ներկաների շարքում հավատացյալների թիվն այնքան էլ մեծ չէր, ուստի նման արժեքների հիշատակումն անգամ չբերեց մթնոլորտի «էլեկտրականացման»։ Ընդհակառակը, դրանք ընկալվեցին նույն հարթության վրա՝ ինչպես պետաքաղաքական կատեգորիաներ հանդիսացող սահմանադրությունն ու նախագահը։
Այսինքն՝ ի դեմս Ր.Հովհաննիսյանի կողմնակիցների, մենք գործ ունենք խորապես աշխարհիկացված «նարնջագույն» հասարակության հետ, որը խիստ դժվար է ընկալում պայքարի նման անսովոր արեւելյան-գանդիական տեխնոլոգիաները։ Իսկ ինչ վերաբերում է լայն հասարակությանը, ապա նա առայժմ միայն ու միայն դիտորդի դերում է։
Ուրեմն ո՞րն է խնդիրը։ Կարծում ենք, խնդիր՝ որպես այդպիսին, կա, քանզի Ր.Հովհաննիսյանը ներկա ընտրարշավի «աշխարհաքաղաքական պարտիայում» ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ իշխանությանը հզոր ճնշման տակ պահելու հնարավորություն, իշխանություն, որն այս օրերին արտաքին ճակատում կանգնեցվել է հիրավի ճակատագրական ընտրության առաջ։
Նման պարագայում ինքնազոհության դիմելու Րաֆֆիի գանդիական պատրաստակամությունը ստեղծում է մի իրավիճակ, որը հիշեցնում է խորհրդային «Զանգեզուր» ֆիլմի բոլշեւիկ «հերոսի»՝ «Քեզ հետ միասին, Սաքո՛» մտադրությունը։
Ուրեմն ամեն գնով պետք է պահպանել Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա թանկագին առողջությունը։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Մեզ` “հնդիկներիս” ցանկանում եմ համբերություն..,”Գանդիին”` քաջ առողջություն’, “Ռաբինդրանաթին” էլ` օյաղանալ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031