Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի քաղաքական հետևանքները կամ արդյունքները դարձել են հասարակության շատ շրջանակների քննարկման առարկան: Ընդ որում, որոշ շրջանակներ այդ քննարկումն իրականացնում են առանց ծաղրի: Հայկական քաղաքական կյանքում հացադուլը ամենևին նոր երևույթ չէ: Այն հասարակական-քաղաքական շրջանառության մեջ է հայտնվել արցախյան շարժման ժամանակաշրջանից, երբ տարբեր առիթներով հայտարարվել են հացադուլներ, որոնք ունեցել են տարբեր արդյունավետություն:
Հացադուլն, իհարկե, պայքարի ծայրահեղ միջոց է և շատ դեպքերում, անշուշտ, կարող է նույնականացվել հուսահատության զգացումի հետ, հանդիսանալ անելանելիության վկայություն և այդ իմաստով նույնիսկ հակառակ էֆեկտ ունենալ և ազդել հասարակության տրամադրության վրա բացասական իմաստով՝ վկայելով, որ առաջնորդը կամ առաջնորդները ծրագիր չունեն, այլևս անելիք չունեն, ասելիք չունեն, հույս էլ չունեն և նստում են հացադուլի: Բայց արժե արձանագրել, որ արցախյան շարժման տարիներին, օրինակ, հացադուլի ակցիաները չէին արժանանում այդպիսի բնութագրման, այդպիսի գնահատականի:
Իհարկե, ժամանակները համեմատելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ տվյալ դեպքում ոչ միայն ներքին իրավիճակներն են բոլորովին այլ, այլ նաև աշխարհաքաղաքական կոնյունկտուրան, սակայն զուտ արձանագրելու իմաստով արժե նշել, որ արցախյան շարժման տարիներին հացադուլները նույնիսկ հանդիսանում էին կոնսոլիդացնող լրացուցիչ գործոն, ոչ թե՝ ծաղրի, հեգնանքի կամ հուսահատության առիթ: Մյուս կողմից, իհարկե, առաջանում է հացադուլի հիմնավորման, ռացիոնալացման անհրաժեշտություն, որովհետև, ի վերջո, կան հանրային շատ շերտեր, որոնք ինչ-որ բան անելուց կամ ինչ-որ բանի հետևից գնալուց առաջ ուզում են հասկանալ կատարվողը կամ կատարվելիքը հնարավորինս մանրամասն, հանգամանալից, պարզ և հստակ:
Տվյալ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին գուցե չի խոսում այն, որ նա մի անգամ արդեն իսկ արել է այդպիսի հացադուլ, դիմել է այդպիսի քայլի, որը, սակայն, շատ շատերի համար եղել է անպատասխան, չպարզաբանված: Դրան գումարվում է նաև այն, որ նախագահի ընտրության քարոզարշավի ընթացքում հացադուլ էր հայտարարել նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ինչը ևս այնքան էլ չի խոսում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի օգտին՝ թուլացնելով դրա էպատաժային ուժը: Բայց, այդ ամենով հանդերձ, էական վրիպում կլինի կարծել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի է դիմել էպատաժի համար:
Հացադուլը լրջագույն քայլ է, որը պահանջում է մտքի և ֆիզիկական ու հոգևոր ներուժի լուրջ կենտրոնացում, որը պահանջում է կամային չափազանց մեծ որակներ, այլապես շատ մեծ է պարզապես խայտառակության մատնվելու ռիսկը: Եվ երբ հացադուլի մի անգամ դիմած մարդը դրան գնում է երկրորդ անգամ, ապա, որքան էլ առաջինից հետո հանրության համար մնացած լինեն անպատասխան հարցեր, այդուհանդերձ հստակ է, որ երկրորդ այդպիսի քայլը ոչ թե անլրջության, այլ հակառակի դրսևորում է՝ լուրջ հաշվարկի և կենտրոնացման:
Կարդացեք նաև
Սա, անշուշտ, չի խոստանում արդյունավետության երաշխիքներ: Բայց նաև չի նշանակում, որ եթե այդ երաշխիքները չկան, ուրեմն քայլն անլուրջ է և ավելորդ: Ի վերջո, ո՞ր քաղաքական նախագիծը կամ ակտն է երաշխավորված: Չէ՞ որ ակտերի տարբեր տեսակներ արձանագրած Հայաստանի հասարակության համար պարզ է, որ դրանցից ոչ մեկն էլ չի ունեցել հաջողության երաշխիքներ: Եվ որևէ նոր ակտ էլ չի ունենալու, ինչպիսին էլ այն լինի և որտեղից էլ գա: Հետևաբար, պետք է փոխել չափման միավորները, այսինքն՝ քաղաքական ակտի լրջությունը կամ անլրջությունը, անհրաժեշտությունը կամ ժամանակավրեպությունը պետք է դիտարկել շատ ավելի հողեղեն չափանիշներով կամ գոնե չենթարկել արհեստական դիտարկումների:
Ի վերջո, որևէ մեկը դրանից՝ այդ արհեստական և արհեստածին չափանիշներով դիտարկումներից օգտվելու է իր քաղաքական կուսակցական շահի համար, այսինքն՝ այդ դիտարկումները նեղ խմբի են ծառայելու, ոչ թե լայն հանրությանը: Վերջապես, այստեղ կա մի էական հարց, որն անհրաժեշտ է անպայմանորեն ամրագրել: Երբ ստեղծված իրավիճակում ընդդիմադիր գործողությունները դիտարկում ենք դասական քաղաքական կամ քաղաքագիտական չափումների շրջանակում, ապա հասարակական փորձագիտական միտքը կա՛մ հայտնվում է հեռու ինչ-որ մոլորակում, որը կապ չունի Հայաստանի և դրա խնդիրների հետ, կա՛մ փակուղում:
Դասական քաղաքական կամ քաղաքագիտական չափումներ կատարվում են դասական քաղաքական համակարգերով առաջնորդվող երկրներում: Հայաստանում նույնիսկ անվանումներն են հազիվ ձգում դասականության, ուր մնաց՝ քաղաքական կյանքի բովանդակությունը: Արցախյան շարժման տարիներին հացադուլները չէին արժանանում ծաղրի ու հեգնանքի, կամ չէին հռչակվում որպես քաղաքական պայքարի անարդյունավետ գործիքներ, որովհետև բոլորը պարզ հասկանում էին, որ խոսքը դասական քաղաքական պայքարի մասին չէ, այլ ժողովրդական շարժման:
Անցած 20 տարիներին այդ իմաստով քիչ բան է փոխվել, որից շատն էլ ոչ թե փոփոխություն, այլ խեղում բառով կարող է բնութագրվել: Հետևաբար, հացադուլի կիրառումը՝ որպես պայքարի միջոց, չի կարող դիտվել որպես քաղաքական մտքի հետընթաց, առավել ևս, որ հետընթաց է ապրել քաղաքական գործընթացն ու այն կրող իրականությունն ինքը: Տվյալ պարագայում խնդիրն այլ է. հացադուլն ուղեկցում է որևէ քաղաքական գործընթացի՞, թե՞ հացադուլն ինքնին գործընթացի է փոխարինում:
Կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում այդ հարցի պատասխանը հանրության համար առայժմ այնքան էլ հստակ չէ, թեև ամենակարևորն այս դեպքում միանգամայն հստակ է. ի տարբերություն, օրինակ, հացադուլի նախորդ ակցիայի՝ Հովհաննիսյանը հստակ սահմանել է նպատակ-պահանջը, որից շատ դժվար է լինելու շեղվել թե՛ իրեն, թե՛ մրցակից ճամբարներին:
Արամ Ամատունի
«Ժամանակ»
Ես էն…էն.. դոկտոր Հայդերի հերն անիծեմ, որ էս մոդան գցեց մեյդան… կասեր Հադրութցի տատս