Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Սմբատ Լպուտյանը համաձայնեց ընդունել ՀՀԿ առաջարկը

Մարտ 12,2013 12:50

Հատվածներ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հարցազրույցից, որը Հայաստանի հանրապետական կուսակցության մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի երկրորդ տեղում է։

Շատերի համար էր զարմանալի, որ ցուցակում ընդգրկված է Ձեր անունը։ Կպատմե՞ք, թե ինչպես դա տեղի ունեցավ, ո՞ւմ կողմից է եղել առաջարկը։

– Առաջարկը եղել է Երևանի քաղաքապեւո Տարոն Մարգարյանի կողմից։ Նա շատ է ցանկանում, որ ես լինեմ ավագանու շարքերում և իմ մոտեցումներով օգտակար լինեմ քաղաքապետարանի աշխատանքներին։ Մեր խոսակցություններում ես հասկացրել եմ քաղաքապետին, որ իմ ձգտումն է՝ միշտ տեսնել լավը, և, եթե դա չլինի, ես կլինեմ առաջին պայքարողը։ Որքան հասկացա, այդ մոտեցումը շատ հաճելի էր նրան, և նա կցանկանար, որ հենց այդպիսի մարդիկ համալրեին ավագանու շարքերը, որոնք կպաշտպանեին հասարակության շահերը։ Ես ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգտակար լինել որևէ հարցում։

Առաջին անգա՞մ եք ընդգրկվում որևէ կուսակցության ցուցակում։

Քաղաքական փորձառություն չունենալը, ըստ Ձեզ, չի՞ խանգարի Ձեր աշխատանքին։

– Այո, առաջին անգամ է, բայց ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև ես անկուսակցական եմ։ Ես ուղղակի քաղաքացի եմ և կանեմ այն, ինչ ճիշտ եմ համարում։ Չեմ կարծում, թե որևէ մեկն իրեն իրավունք կվերապահի բռնանալ իմ մտածելակերպին։

Պարոն Լպուտյան, Ձեր որոշման հարցում դեր խաղացե՞լ է այն հանգամանքը, որ թե՛ ՀՀԿի, թե՛ Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։

– Հավանաբար ինչ-որ առումով դա նշանակություն ունի, սակայն իմ որոշումը եղել է ներքին մղումով։

Իսկ այլ կուսակցություններից առաջարկի դեպքում կհամաձայնեի՞ք, թե՞, այնուամենայնիվ, հաշվի առնելով Ձեր երկարամյա շփումը՝ Ձեզ վստահելու հիմք է տվել ընդունել հենց նրա ղեկավարած կուսակցության առաջարկը։

– Անկեղծ ասած, չգիտեմ։ Առաջինն, իհարկե, կարևոր է, թե ով է առաջարկում և ինչ վստահություն ունի։ Ամեն դեպքում, մենք երկար տարիներ միասին աշխատում ենք, և այդ աշխատանքը, կարծում եմ, միայն բարիք է բերում հասարակությանը, և այդ աշխատանքից է գուցե, որ մեկս մյուսի հանդեպ ունենք վստահություն։ Ինչ վերաբերում է այլ առաջարկներին, քանի որ այդպիսի բան չի եղել, չեմ մտածել դրա շուրջ, բայց վստահ չեմ, որ բոլոր առաջարկները կարող էի ընդունել։

Պարոն Լպուտյան, հստակ պատկերացում ունե՞ք Ձեր առաջիկա աշխատանքի մասին։ Կա՞ն մտահղացումներ, նախագծեր, որոնք պետք է իրականացնեք։

– Իհարկե, դեռ հստակ պատկերացում չունեմ, քանի որ նոր աշխատանք է։ Գիտեմ, որ այն հասարակական աշխատանք է։ Իսկ ինչ վերաբերում է մտահղացումներին, կարծում եմ՝ գուցե կկարողանամ օգտակար լինել սպորտի կամ կրթության ոլորտում։

Որո՞նք են, ըստ Ձեզ, Երևանի առաջնահերթ խնդիրները, որոնք լուծված չեն։

– Այն, ինչ ես կասեմ, գուցե շատ անգամ է ասվել, բայց խնդիրն այն է, որ դրանք բոլորիս ցանկությունն են։ Ես շատ կուզենայի կանաչապատված Երևան տեսնել, կուզենայի տեսնել մաքուր փողոցներ, կուզենայի, որ ասֆալտապատումները լինեին որակյալ, կուզենայի, որ ոչ միայն Կենտրոնը, այլ մյուս վարչական շրջանները ևս գեղեցիկ լինեին։ Կցանկանայի, որ ընկերական կամ բարեկամական կապերը չխոչընդոտեին քաղաքի զարգացման որևէ ուղու։

 – Հաշվի առնելով Ձեր զբաղվածությունը՝ կկարողանա՞ք պարտաճանաչորեն մասնակցել ավագանու աշխատանքներին։

– Կարծում եմ՝ այո, քանի որ, որքան գիտեմ, ավագանու նիստ գումարվում է ամիսը մեկ անգամ։ Իմ կարծիքով, եթե մարդը մտածում է հասարակության մասին, ապա կգտնի ժամանակ, որպեսզի օգտակար լինի այդ աշխատանքներին։ Դա մարդու տեսակից է գալիս, և մարդը, ապրելով իր կյանքը, այդ հարցի պատասխանը տալիս է։

Անահիտ ՓԻԼՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031