Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պայքար Երեւանի համար

Մարտ 12,2013 12:33

Ինքնին տարօրինակ կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգությունը» չփորձեր զարգացնել նախագահական ընտրություններում ստացած շուրջ 37 տոկոսը, առավել եւս Երեւանի մի քանի վարչական շրջաններում՝ Ավանում, Աջափնյակում եւ Արաբկիրում արձանագրած հաջողությունը։

Բայց «Ժառանգությունում» էլ թերեւս հոյակապ հասկանում են, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն նման թվով ձայներ ստացել է նաեւ մյուս ընդդիմադիրների ու ԲՀԿ-ի չմասնակցության հետեւանքով։ Իսկ այժմ, եթե ավագանու ընտրություններին մյուս ընդդիմադիր ուժերն ու ԲՀԿ-ն մասնակցեն առանձին-առանձին, այդ ձայները «վերաբաշխվելու» են, հնարավոր է, անգամ փոշիանան։
Միասնաբար հանդես գալու առաջարկը բարձրաձայնեց կուսակցության վերափոխվելու գործընթացի մեջ գտնվող ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը։ Դրանից հետո քաղաքական ուժերի միջեւ խորհրդակցություններ ու քննարկումներ սկսվեցին, որոնք, սակայն, առաժմ կոնկրետ արդյունք չեն արձանագրել։ Իսկ ժամանակը չի սպասում, ուստի առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է կարողանալ որեւէ կոնկրետ որոշման հանգել, ըստ այդմ պարզելով ուժերից յուրաքանչյուրի հետագա անելիքները։
Մի կողմից, իհարկե, զուտ քաղաքական առումով, ընդդիմադիր ուժերին ձեռնտու է միասնաբար հանդես գալը։ Դա ամենից առաջ թույլ կտա, որ բողոքավոր ընտրազանգվածի ձայները չփոշիացվեն։ Նման միավորումը, իհարկե, բխում է նախագահական ընտրություններից մի կողմ քաշված ՀԱԿ-ի ու ՀՅԴ շահերից։ Վերջիններս որոշակիորեն քաղաքական ռեանիմացիայի եւ դաշտում իրենց դիրքերը պահելու կարիք ունեն։ Այդ տեսանկյունից «Ժառանգության» հետ միավորումը կարող է խիստ նպաստավոր լինել։
Բայց միաժամանակ «Ժառանգությունն» էլ նման միավորման պարագայում կարող է պայմաններ առաջադրողի կեցվածք ընդունել՝ հղում անելով նախագահական ընտրություններում արձանագրած արդյունքին։ Չնայած, կրկնում ենք, սա նուրբ հարց է, ու հավանական գործընկերներն էլ կարող են հակադարձել, որ այդ արդյունքը նաեւ «իրենց» ձայներով է ստացվել։
Ողջ հարցն այն է, թե ինչի վրա է դրվում շեշտը. պարզապես «վերցնել» Երեւա՞նը, թե՞ մայրաքաղաքում տեղական ինքնակառավարման մարմինը գլխավորելու միջոցով փորձել իշխանափոխության գործընթաց սկսել կամ առնվազն հակամարտության մեջ մտնել նախագահի եւ կառավարության հետ։
Դատելով մոտեցումներից, միավորման առաջարկի հեղինակները իշխանափոխության խնդիրն են գերակա համարում։ Իսկ ահա, օրինակ, ԲՀԿ-ն կարծես կոնկրետ խնդիր է դնում՝ ստանձնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ինչպես շեշտեց Գ.Ծառուկյանը։
Ըստ որում, միավորման փորձը կարող է ձախողվել նաեւ ընտրություններին ԲՀԿ առանձին մանսակցության պատճառով։ Հասկանալի է, որ միավորման նախագծի հեղինակներն իրենց հաշվարկներում որոշակիորեն նկատի են առել ԲՀԿ կազմակերպչական, ինչու ոչ՝ ֆինանսական ու քարոզչական հնարավորությունները։ Իսկ այ, առանձին մասնակցության պարագայում նույն այդ ուժերն ու մյուս մասնակիցներն էլ, իհարկե, ստանում են նշված հնարավորություններին տիրապետող մրցակից։
Դեռ չենք խոսում այն մասին, որ միասնական մասնակցության դեպքում հարկ կլինի թեկնածուների ցուցակ կազմել, եւ այստեղ էլ կատաղի քննարկումներ կծավալվեն, թե ով ցուցակի ո՞ր տեղում լինի, որ ուժից քանի՞ թեկնածու ընդգրկվի եւ այլն։ Մի խոսքով, մանրամասներն անգամ կարող են տարանջատել հավանական միավորվողներին։ Իսկ սատանան, ինչպես հայտնի է, մանրամասների մեջ է։
Իրավիճակի մյուս նրբությունն այն է, որ եթե «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չհասցնեն միավորման որոշում ընդունել, ապա շատ քիչ ժամանակ են ունենալու ավագանու ընտրություններին իրենց առանձին մասնակցության հարցերը կարգավորելու համար։
Ի դեպ, չմոռանանք մի տեսակ ավանդույթ դարձած այն երեւույթը, որ ցանկացած ընտրությունից առաջ կտրուկ ակտիվանում են ընդդիմադիր ուժերի միասնական մասնակցության մասին խոսակցությունները։ Սակայն ամեն անգամ խմորումներն ավարտվում են ոչնչով. միավորում կամ միասնական մասնակցություն, ըստ էության, չի լինում։ Դրանից, իհարկե, դեռ չի հետեւում, որ այս անգամ էլ նույնը կլինի, սակայն ամենի ինչ կարծեք հենց դրան էլ գնում է։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031