Սահմանադրական դատարանում այսօր հանդես եկավ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որը հայտնեց, թե 469 ընտրատեղամասերում պակասել են քվեաթերթիկները եւ որ ընտրական հանձնաժողովները չեն ապահովել, որ մյուս տեղամասերում չպակասեն, այլ տեղամասերում ավելանան: Նա հռետորական հարց տվեց, թե արդյոք դա կազմակերպված բնույթ է կրել, թե հավանականության տեսությունից է:
Նա իր բացատրությունները ներկայացրել էր աղյուսակների տեսքով եւ այդ աղյուսակները բաժանված էին 2 տեղամասերի՝ 576 եւ 1412: Ըստ 1412 տեղամասերի՝ չէր ներկայացվել մյուս թեկնածուների ձայների հաշվարկը, եւ դիմումատուն Ա. Ղուկասյանն ասաց, որ հաշվարկին համար լրացուցիչ աշխատանք է պահանջվում:
Անդրադառնալով Սերժ Թանկյանի նամակին եւ հանրապետության նախագահի պատասխանին, թե ընտրությունները կազմակերպել է ինքը, Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ որպես վկա պետք է կանչել Սերժ Սարգսյանին, որպեսզի նա դատարանին հայտնի իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները, թե ովքեր են կազմակերպել ընտրությունները:
ՍԴ-ում երկրորդ հրապարակային միջադեպը եղավ այսօր, երբ ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը Անդրիաս Ղուկասյանին հարցեր տալուց հետո փորձեց, իր իսկ խոսքերով՝ «լուսավորել» նրան, տեղակացնելով, որ կան տեղամասեր, որտեղ 63%-ով հաղթել է Սերժ Սարգսյանը եւ եղել են տեղամասեր, որ հաղթել է Ր. Հովհաննիսյանը: Երբ ՍԴ նախագատ Գագիկ Հարությունյանը հորդորեց, որպեսզի հարցեր տան, Սմբատյանը համառորեն շարունակում էր իր խոսքը, եւ Գ. Հանրությունյանը հորդորեց. «Լսեք, երիտասարդ»: Ա. Սմբատյանը ներողություն խնդրեց դատարանից, իսկ Գ. Հարությունյանը հիշելով նախորդ միջադեպը Կիմ Բալայանի հետ, ասաց. «Վատ օրինակը անմիջապես վարակիչ է»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ