«Ազատություն» կուսակցությունը «Հայաստանի կանաչների կուսակցությանը» դիմել է առաջարկով` Երևանի ավագանու ընտրություններում հանդես գալ միասնական ցուցակով: Նշված երկու կուսակցությունները ՀԱԿ անդամներ են:
Նախագահական ընտրություններից առաջ «Ազատություն» կուսակցությունը հայտարարեց, որ սառեցնում է հարաբերությունները ՀԱԿ-ի հետ: Չնայած ՀԱԿ-ը չսատարեց որևէ նախագահի թեկնածուի, սակայն «Հայաստանի կանաչների կուսակցությունը» պաշտպանեց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:
Aravot.am-ը Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանի հետ զրույցում հետաքրքրվեց` բանակցություններն ի՞նչ փուլում են և ո՞րն է նպատակահարմարությունը «Հայաստանի կանաչների կուսակցության» հետ միասնաբար հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններում: Կ. Հարությունյանը փոխանցեց հետևյալը. «Այս պահին որևէ պաշտոնական բան ասել չեմ կարող, քանի որ Հրանտ Բագրատյանը երկրում չէ: Մեկ շաբաթից կվերադառնա, քննարկումներ կսկսենք այն ժամանակ շատ բան պարզ կդառնա, և կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ: Ինչ վերաբերում է միավորման նպատակին, ապա նշեմ, որ Կանաչների կուսակցությունը բնապահպանական կուսակցություն է և իր գործունեությամբ Հայաստանում բավականին հայտնի, ուստի կարծում եմ, որ, համագործակցությունը կլինի արդյունավետ»:
«Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանից էլ հետաքրքրվեցինք` որոշե՞լ են` միանալո՞ւ են «Ազատության» առաջարկին, թե՞ոչ: Նա ևս նշեց, որ սպասում են Հ. Բագրատյանի վերադարձին ու հավելեց. «Տարբեր խնդիրներ կան, որոնք պետք է ճշտվեն: Բագրատյանը կվերադառնա, այդ ժամանակ էլ վերջնական որոշում կլինի: Մենք ունենք կոնկրետ մոտեցումներ, որոնց շուրջ է նպատակահարմար համախմբումը: Իսկ համախմբման արդյունքում ավելի են մեծանում հնարավորությունները»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ չեն միանում Ր. Հովհաննիսյանի շարժմանը և ինչո՞ւ մինչև այս պահը ընդդիմադիր դաշտի միավորում տեղի չի ունեցել, պարոն Դովլաթյանն այսպես պատասխանեց. «Նման հարց առայժմ չի քննարկվել: Ընթանում են տարբեր բանակցություններ և հանդիպումներ, այնպես որ հնարավոր է և պահի տակ ընդդիմադիր ճակատի միավորում լինի: Անհնար բան չկա, հնարավոր է և դա էլ լինի»:
Հաղթանակի հեռանկարների մասին խոսելիս էլ Ա. Դովլաթյանը դա կապեց ընտրությունների անցկացման որակի հետ ու նշեց. «Ամեն ինչ կախված է ընտրությունների որակից` նախագահականի նման չակերտավոր ազատ, արդար կլինե՞ն, թե՞ կունենանք իսկապես նորմալ ընտրություններ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ