«Քաղաքական ցնցումները Կովկասում» վերնագրած իր հոդվածում բրիտանացի ճանաչված փորձագետ Թոմաս դե Վաալը վերլուծում է տարածաշրջանի երեք երկրներում ստեղծված քաղաքական իրավիճակը` նշելով, որ երեք երկրներում էլ թվում է թե ապահով իշխող ռեժիմները բախվում են վերածնված հանրային բողոքի:
Այս երկրներից յուրաքանչյուրը 1990-ականներին քաղաքական մեծ ցնցումներ են տեսել, սակայն շատ տարիներ թվում էր, որ մարդիկ այլեւս չեն հավատում, որ կարող են մասնակից լինել հանրային կյանքին, եւ համաձայն են հանդուրժել յուրաքանչյուր ղեկավարի, ով կերաշխավորեր որոշակի կայունություն: Սակայն սա այլեւս չի գործում, նինջի տեւական շրջանից հետո քաղաքականությունը վերադարձել է, գրում է դե Վաալը:
Այժմ ուշադրության կենտրոնում է փոքրիկ Հայաստանը, որտեղ կայացել են նախագահական ընտրություններ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է: Սարգսյանի հեշտ հաղթանակը կանխորոշված էր, քանի որ նրա երկու ենթադրյալ մրցակիցները դուրս մնացին պայքարից: Սակայն քարոզարշավի վերջին երկու շաբաթների ընթացքում ընդդիմադիր թեկնածու, անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջընթաց արձանագրեց:
Իրականում շատ դժգոհներ Հայաստանում արթնացան, սակայն շատ ուշ էր ընտրություններում իրավիճակը փոխելու համար, եթե քարոզարշավը երկու շաբաթ ավելի շարունակվեր, շատ հնարավոր է, որ Հովհաննիսյանի սկսած շարժումը նրան դուրս բերեր երկրորդ փուլ, գրում է Թոմաս դե Վաալը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ընտրությունները կարող էին երկու շաբաթով հետաձգվել, եթե հարձակման հետեւանքով հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարանից իր դիմումը վերջին պահին հետ չվերցներ:
Դե Վաալը իր հոդվածում նշում է, որ Սերժ Սարգսյանին շնորհավորել են աշխարհի առաջնորդները, այդ թվում եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, իսկ Պետդեպարտամենտն ընդհանուր առմամբ ընտրությունները լավ կազմակերպված է որակել:
Հայաստանի խնդիրները այնքան ընտրությունների օրվա հետ չեն կապված, որքան` ընդհանուր իրավիճակի: Մամուլը խստորեն վերահսկվում է կառավարության կողմից: Տեղական ղեկավարները ծառայում են նեղ իշխող վերնախավին, այլ ոչ պետությանը, ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին այս մասին էր ասում, երբ հայտարարում էր, որ պետության եւ իշխող կուսակցության միջեւ սահմանները հստակ չեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը պարկեշտ մարդ է, ով կեղտոտված չէ հետխորհրդային քաղաքական գործիչներին հատուկ կոռուպցիոն գործունեությամբ, գրում է Թոմաս դե Վաալը: Սակայն նա նաեւ Կալիֆորնիայում ծնված լինելով` յուրային չէր համարվում, եւ քչերն էին պատկերացնում, որ նա կարող է Հայաստանի նախագահ լինել: Ակնհայտ է, որ նա կարողացել է մոբիլիզացնել ավելի մեծ ընդդիմադիր զանգված, քան իր ընտրազանգվածն է, գրում է փորձագետը:
Դե Վաալը գրում է, որ Հովհաննիսյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ զարմանալիորեն արդյունավետ ամբողջ երկրում հանրահավաքներ է կազմակերպում: Սակայն դժվար է հասկանալ, թե ինչպես նա կարող է կարճ ժամանակահատվածում գերազանցել նախագահ Սարգսյանին, ով այժմ միջազգային լեգիտիմություն ունի եւ վերահսկում է իշխանության բոլոր լծակները:
Մինչդեռ ավելի երկարաժամկետ հեռանկարում նախագահը խնդիր ունի. սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում մեծ է հասարակության դժգոհությունը կոռուպցիայից, աղքատությունից եւ իշխանության չարաշահումից, դա արտահայտվում է միջակ տնտեսական ցուցանիշներով եւ ուղեղների արտահոսքով: Սարգսյանը փոխզիջման ընդունակ մարդ է, ով կարող է առնվազն ականջալուր լինել իր հակառակորդներին, եւ եթե նա չի ցանկանում, որ իր երկրորդ ժամկետը շատ խորդուբորդ լինի, այժմ պետք է մտածի, թե ինչ քայլեր պետք է կատարի, որ մարդկանց դժգոհությունը վերացնի: Միեւնույն ժամանակ, նա հասկանում է, որ գործող համակարգին միջամտությունը կարող է ավարտվել իր իշխանության վախճանով:
Կովկասյան քաղաքականության անցած տարվա դասը, ըստ Թոմաս դե Վաալի, հետեւյալն է. հանրային կարծիքը ոչ թե մոնոլիտ է, այլ` ալիք, դժգոհ տրամադրությունները կարող են կուտակվել եւ թափ ստանալ միանգամից եւ շատ հանկարծակի, թվում է` զրոյից:
Տաթեւիկ Լազարյան
«Ազատություն» ռադիոկայան