Սահմանադրական դատարանը երեկ սկսեց փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու մասին նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը:
Հատկանշական է, որ ո՛չ հայցվորները, ո՛չ էլ հանրությունը Սահմանադրական դատարանից որևէ անակնկալ չեն սպասում: Պետական այս ինստիտուտը իր ստեղծման օրվանից հլու-հնազանդ ծառայել է տվյալ պահի իշխանությանը: Այդպես եղել է 96թ., 2003թ. և 2008թ.: 2003-ը կարող էր բացառություն լինել, իհարկե, եթե Սահմանադրական դատարանի՝ վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկը կյանքի կոչվեր:
Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքական դաշտում փոխզիջումային լուծման հնարավորությունը կարող է գալ հենց Սահմանադրական դատարանից: Դա իրատեսական է, որովհետև այսօր բխում է նաև իշխանության շահից: Իշխանությունը քաջ գիտակցում է, թե ինչ է արել փետրվարի 18-ին և թե լեգիտիմության ինչ պաշարով է կառավարելու իրեն չընտրած ժողովրդին:
Սահմանադրական դատարանը՝ որպես գործադիրի կամակատար, պետք է որևէ կրեատիվ առաջարկությամբ հանդես գա, որը կարող է մասամբ բավարարել ընդդիմության պահանջը և մասամբ փրկել այդ կառույցի և իշխանության դեմքը:
Կարդացեք նաև
Առաջարկի հիմնավորումը պետք է լինի այն, որ ՍԴ-ն հիմնվի հենց պաշտոնական տվյալներով արձանագրված անհավանական միտումների վրա: Մասնավորապես՝ այն փաստի, որ 70 տոկոսից ավելի մասնակցություն ունեցող ընտրատեղամասերում գերակշիռ դեպքում հաղթել է Սերժ Սարգսյանը; որ Րաֆֆի Հովհաննիսյանը հիմնականում հաղթել է այն ընտրատեղամասերում, որտեղ ներկայացուցիչներ է ունեցել: Բացի այդ՝ ՍԴ-ն պետք է որևէ ձևով արձանագրի այն վտանգավոր իրողությունը, երբ ընտրատեղամասում ընդդիմության ներկայացուցիչ չլինելու պարագայում ընտրական մեխանիզմն ըստ էության չի աշխատում:
Կրեատիվ հրահանգ է պետք իջեցնել Սահմանադրական դատարան:
Կարեն Հարությունյան
«Օրակարգ»