Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն արել է մի քայլ, որին այսօր պետք է արձագանքեն բոլորը

Մարտ 12,2013 11:19

Նախագահական ընտրություններում՝ պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի կողմից երկարաժամկետ հացադուլի նստելու որոշումը չի կարող ազդեցություն չունենալ քաղաքական գործընթացների հետագա զարգացման վրա։ Ոչ միջազգային հանրությունը, ոչ Հայաստանի իշխանությունները, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողները չեն կարող պարզապես չնկատելու տալ այն փաստը, որ նա Ազատության հրապարակում հացադուլ է անում, եւ անցնել առաջ՝ յուրաքանչյուրն իր օրակարգով։ Նրանք պետք է հաշվի նստեն այդ փաստի հետ եւ առաջիկա իրենց բոլոր գործողությունների առանցքում ունենան դա։

Եթե հարցը դիտարկենք ընտրողների տեսակետից, ապա նրան ձայն տված ցանկացած ընտրողի համար, ով այս ընթացքում զլացել է գալ Ազատության հրապարակ հանրահավաքի, տատանվել կամ զգուշացել, իր ընտրած թեկնածուի այս քայլը սեփական գործողությունները վերանայելու, ավելի համառ ու համարձակ, նախաձեռնող ու ակտիվ լինելու առիթ է։ 540 հազար ընտրողներից յուրաքանչյուրն այս ընթացքում չի կարող ամեն օր գոնե մեկ անգամ չմտածել Ազատության հրապարակում հացադուլի նստած, նաեւ իր ձայնի շնորհիվ նախագահական ընտրություններում հաղթած մարդու մասին եւ հարց տալ ինքն իրեն՝ արդյոք ինքը չպետք է կանգնի նրա կողքին, արդյոք իր կողմից ճիշտ է նրան այսօր միայնակ թողնելը։ Այս հարցը չեն կարող իրենց չտալ նաեւ այն բոլոր ընտրողները, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանին չընտրելով՝ դեմ են քվեարկել նաեւ Սերժ Սարգսյանի վերընտրությանը։ Նաեւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր համոզված են, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ եւ առնվազն իրենց վիրավորված կզգան, եթե նա հայտնվի նախագահի պաշտոնում։ Եթե հարցը դիտարկենք միջազգային հանրության տեսակետից, ապա նրանք առավել եւս չեն կարող փակել աչքերը եւ չտեսնելու տալ այն, որ Հայաստանում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն երկարաժամկետ հացադուլի է նստում։ Սա լուրջ խնդիր է, ինչպես հեղինակավոր դիտորդական կազմակերպությունների, այնպես էլ Սերժ Սարգսյանին շնորհավորած, սեփական հեղինակությունը բարձր գնահատող երկրների համար։ Հետընտրական, հատկապես մարզային գրեթե բոլոր հանրահավաքների ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը մեսիջներ էր ուղարկում այդ երկրներին, հորդորում նրանց՝ հետ կանչել իրենց շնորհավորանքը, ճանաչել հայ ժողովրդի ընտրությունը։ Այդ մեսիջներն ու հորդորները նրանք կարող էին անտեսել, ինչը եւ անում էին, հացադուլը՝ ոչ։ Ու սա ոչ թե մարդասիրությունից դրդված, այլ՝ սեփական շահերը, հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտությունից։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա տպավորություն է ստեղծվում, որ նրանք իսկապես չգիտեն ինչպես վարվել, ճնշումների, ահաբեկումների ճանապարհը փակ է, հայտնի եւ բազմիցս օգտագործված՝ «թողնենք թող շարժումն ինքն իրեն մարի» մոտեցումը՝ վտանգավոր, 540 հազար ընտրողի ձայն ստացած, բայց հացադուլից հյուծվելու հետեւանքով հիվանդանոց տեղափոխված թեկնածու ունենալու հեռանկարը համաշխարհային խայտառակություն ու սկանդալ է խոստանում, սիրաշահելու, պաշտոններ խոստանալու, տարբեր առանցնքների շուրջ միավորվելու առաջարկներն անարդյունավետ ու այլեւս սպառված են թվում։

Րաֆֆի Հովհաննիսյանն արել է մի քայլ, որին այսօր պետք է արձագանքեն բոլորը՝ հասարակ ընտրողից մինչեւ Սերժ Սարգսյան, հայաստանցի մտավորականից մինչեւ սփյուռքահայ մտավորական, Եվրոպայից մինչեւ ԱՄՆ եւ Ռուսաստան։

Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Դե գիտեք ինչ կա, հարգելի Աննա Վ. Հակոբյան’, արդեն ինչպես ասում են` перегибаете палку! Ձեր տրամաբանությամբ այսպես է ստացվում` վաղվանից մի կես միլիոն մարդ չի կարողանում պատառը բերանը տանել, անկողին մտնել և զբաղվել առօրյա գործերով: Բոլորին տանջում է մի միտք` ոնց անենք որ Րաֆֆին Նախագահ դառնա, որ հանգիստ կարողանանք մի կտոր հաց ուտել: Աստիճանաբար այս մտահոգությամբ վարակվում են մնացած ՀՀ քաղաքացիները: Բոլորը դասադուլ, գործադուլ և հացադուլ են անում: Ծաղիկները հրաժարվում են ծաղկել, ծառերը բողբոջադուլ են անում, կովերն ու ոչխարները ԽՈՏԱԴՈՒԼ են հայտարարում, հավերը ձու չեն ածում… Ալիքը դուրս է գալիս ՀՀ սահմաններից, երկրագնդով մեկ ցույցեր ու հացադուլներ են սկսվում: Բոլոր երկրների ղեկավարները, ստանալով Րաֆֆիի “մեսիջները”` ամոթից գետինն են մտնում, ետ են վերցնում իրենց շնորհավորանքները և հրաժարական են տալիս: Ճապոնիայի վարչապետը խարակիրի է անում, Լուկաշենկոն արտասվում է, Պուտինը հրաժարվում է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ և ՄԱՔՍՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ գաղափարից և որոշում է գնալ Օբամայի մոտ, այն էլ պարզվում է Օբաման ավելի շուտ է եկել Մոսկվա, որ միասին գտնեն այս “ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ” հաղթահարելու համար .. Տիեզերական կայանները սկսում են հաղորդագրություններ ստանալ այլմոլորակային վրդովված քաղաքականություններից… Սերժ Սարգսյանը համարյա համոզվում է ինքնաբացարկի, մնում է Գալուստ Սահակյանին ու Շարմազանովին համոզել… ՈՒ ԸՏԵՆՑ ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ:
    Ինչ վերաբերվում է մտահոգվելուն` ես էլ եմ այսօր օպերայի մոտով անցնելիս մտահոգվել: Ես մտահոգվում եմ նրանից, որ այս ԲԱՐԻ, ԴՅՈՐԱՀԱՎԱՏ, մի քիչ ՌՈՄԱՆՏԻԿ և ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՄԱՐԴԸ պատանդ է դառել իր “ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ”, “ԿԱՄԵՑՈՂՆԵՐԻ” և “ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ” ձեռքին, որոնց մեծ մասը իրականում իրենց սեփական շահը հետապնդող սովորական խառնակիչներ են, պղտոր ջրում ձուկ որսալու սիրահարներ կամ էլ պարզունակ ԹԱՄԱՇԱՅԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐ: Այս վտանգավոր հավաքածուն լավ ուսումնասիրել է Րաֆֆիի պատվախնդիր և ինչու ոչ` ամբիցիոզ կերպարը, և “թասիբի գցելով” այս լավ մարդուն դրդում են դեպի ինքնակործան փակուղի, կուլիսների ետևում էլ “խաղադրույքներ” կատարելով` կմահանա… թե կկոտրվի…: Ձեր նմաններն էլ իրենց “սրտացավությանբ” ապահովում են կրակի վրայի ԱՌԱՏ ՅՈՒՂԸ, իրականում ուղղակի “գործ ա, պիտի արվի” սկզբունքով: Օրինակ հենց Դուք` կարծում եմ գիշերը հանգիստ էլ քնել եք, առավոտյան էլ կուշտ նախաճաշել եք… նոր կոչեր գրելուց առաջ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031