Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոնի մարգինալացումը

Մարտ 12,2013 10:45

Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 11-ին, ի թիվս այլ քաղաքական գործիչների, այցելել ու իր զորակցություն է հայտնել նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած արհամարհական վերաբերմունքի և նրա պայքարի՝ ըստ էության մերժման ֆոնին Ստեփան Դեմիրճյանի այս քայլը ուշագրավ է:

Տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանն աստիճանաբար մարգինալացվում է առնվազն նախկին ՀԱԿ-ի տիրույթում: Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո նրա որդեգրած դիրքորոշումը իր համակիրների և թիմակիցների բանակը ավելի ու ավելի է նոսրացնում: Տարբեր տրամաչափի գործիչներ, որոնք ժամանակին բավական ամուր կանգնած էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, հիմա նրա քննադատներն են կամ առնվազն լռում են: Իսկ Հայ ազգային կոնգրեսը կուսակցական տանիքի տակ հավաքելու տերպետրոսյանական սցենարը հերթական անգամ նոսրացրեց նրա թիմի շարքերը: Նույնիսկ ՀԱԿ առաջնորդին անվերապահորեն վստահող «Հայոց համազգային շարժում» կուսակցության կորիզը տրոհվեց: Այս ամենը տեղի ունեցավ վերջին երկու տարիների ընթացքում, իսկ վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները պարզապես եզրափակում են Տեր-Պետրոսյանի մարգինալացման արարը:

Գրեթե անհավանական է, որ Հայ ազգային կոնգրեսը կամ ՀՀՇ-ն լքած և Տեր-Պետրոսյանին քննադատող յուրաքանչյուր գործիչ անպայման դավաճան կամ ծախված լինի: Նման մասսայական հիասթափություն կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ լիդերը համապատասխան իրավիճակներում կայացնում է ոչ ադեկվատ որոշումներ, որի արդյունքում նրա ղեկավարած կառույցը սկսում է ինքնափլուզվել:

ՀԱԿ կուսակցության ստեղծումը պարզապես իրավիճակը փրկելու հուսահատ փորձ էր, որի հնարավոր արդյունքը խիստ անկանխատեսելի է: Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նոր ստեղծվող ՀԱԿ կուսակցությունը հազիվ թե այնպիսի ազդեցություն ունենա քաղաքական գործընթացների վրա, ինչպիսին ուներ ՀԱԿ կուսակցությունների դաշինքը: Այս քայլով կարելի է փակված համարել 2007թ. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ գեներացրած համաժողովրդական շարժման էջը: Թեև համաժողովրդական շարժումը իր վերջնական արդյունքին չհասավ, սակայն հսկայական դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումների վրա:

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031