Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ աշխատակիցները պահանջում են վճարել հավելավճարները

Մարտ 11,2013 22:03

Դեռեւս անցած շաբաթվա վերջին Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության  երկու տասնյակից ավելի աշխատակիցներ` հանքում աշխատող հորատողներ, իրենց դժգոհությունն են հայտնել ընկերությունից` փետրվար ամսվա կատարած աշխատանքի  դիմաց հավելավճարներ չստանալու համար:

Կոմբինատի հորատողների դժգոհությունը կայանում է նրանում, որ իրենք հանք մտնելով, առողջությունները քայքայելով` անցած ամիս կատարել են իրենց վրա դրված ամսվա անհատական պլանը, սակայն հանքաքարի նախատեսված պաշարը չապահովելու պատճառով զրկվել են հավելավճարներից:

Նրանք տնօրինությունից պահանջում էին գնահատել իրենց աշխատանքը եւ տրամադրել փետրվար ամսվա հավելավճարը:  «Մոտ 20-25 հոգի հորատողներ, ովքեր խոսում էին շուրջ 60 հորատողների անունից, հավաքվել էին եւ իրենց դժգոհություն էին հայտնում:  4 բանվորի հետ միասին գնացինք տնօրենի մոտ եւ տեղյակ պահեցինք աշխատողների պահանջի մասին:  Մենք  կետ ունենք, որ կոմբինատը 45 հազար տոննա  եւ ավելի հանքաքար ապահովելու դեպքում, կարող է աշխատողներին հավելավճար տրամադրել: Ճիշտն ասած, հունվարին մենք 45 հազար տոննա հանքաքար չենք տվել, բայց հունվարին, ելնելով նրանից, որ Նոր տարի էր, մարդիկ ծախս են արել, միջնորդություն եղավ եւ անհատական հավելավճարներ տրամադրվեց», -նշեց ընկերության արհմիության նախագահ Արսեն Հայրապետյանը եւ հավելեց, որ փետրվարին նույնպես ստացված հանքաքարի պաշարը 45 հազար տոննա չի կազմում: «Փետրվարին 35 հազար տոննա հանքաքար են տվել, հիմնականում մեքենաների, տեխնիկական անսարքություններով էր պայմանավորված: Աշխատողներն իրենց աշխատանքը կատարել են, բայց մեքենաները ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ են աշխատել, իսկ 35 հազար տոննայի դեպքում բոնուս հասկացություն լինել չի կարող»,- հավելեց արհմիության նախագահը: Իսկ հանքի աշխատողներն այնուամենայնիվ համամիտ չեն այդ որոշման հետ եւ գտնում են, որ դա ճիշտ մոտեցում չէ:

«Մենք մեր գործն արել ենք, հանք ենք մտել, առողջություններս քայքայել ենք, որ էս դժվարին պայմաններում ընտանիքներս կարողանանք պահենք, մեր պլանը կատարել ենք, ի՞նչ մեղք ունենք, որ մեքենաները չեն աշխատել ու ամսվա հանքաքարը քիչ է եղել: Մենք մեր չարչարանքի փողն ենք ուզում, մեր անհատական բոնուսը պիտի ստանանք ու վերջ», – պարզաբանում են հորատողները:  Բանակցությունները դեռեւս ամսվա շաբաթվանից ընթացքի մեջ են: Քննարկվում է այն տարբերակը, որպեսզի  հորատողները շարունակեն աշխատել եւ առաջիկա ամիսներին 45 հազար տոննա հանքաքարի ապահովման դեպքում, աշխատողներին ամսվա հավելավճարները տրամադրելուն զուգահեռ մաս առ մաս մարվեն նաեւ չվճարված հավելավճարները:

«Տնօրենի հետ աշխատողների ներկայութայմբ պայմանավորվել ենք, որ նրանք աշխատեն  առաջիկա ամիսներին եւ նրանց տեղեկացվեց, որ  կոմբինատն արդեն  ստացել է այդ մեքենաների պահեստամասերը, ապրիլ ամսին նաեւ  նոր մեքենաներ պետք է ստանան,  ուստի դա խթան կհանդիսանա անհրաժեշտ հանքաքարի պաշարն ապահովելու համար: 45 հազար տոննա 3 ամսից ոչ պակաս տալուց հետո խստանում են այդ գումարը տալ, բայց եթե չկատարենք` խոսք չի տալիս վճարել:  Բանակցությունների մեջ ենք դեռ եւ բանակցելով պետք է հարցին լուծում տանք, առանց անօրինական քայլերի ու չամրագրված գործադուլների: Մարդիկ կան, որ ուզում են վերածել ամբոխավարության, դա մեզ հարիր չէ», – հավելեց պարոն Հայրապետյանը:

Այս խոսակցություններն ու բանակցությունները տեղի են ունեցել անցած շաբաթվա վերջին, իսկ այսօր աշխատավարձի տարաձայնության շուրջ կրկին հանդիպում է եղել տնօրինության հետ: Ըստ զրուցակցիս` ԴԳՄՔ-ի տնօրեն Իլյա Գարկովը 2 օր ժամանակ է խնդրել` մտածելու, իր տարբերակները մշակելու եւ վերջնական պատասխան տալու համար: Տնօրենի կայացրած որոշմանը եւ բարձրացված խնդրի հետագա լուծմանը կանդրադառնանք 2 օրից, երբ կայանա նշանակված հանդիպումը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031