Այսօր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:
Գեներալ մարզպետը Շիրակի մարզպետարան ոտք դրեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ: Նրան Շիրակի մարզպետարանի դահլիճում սպասում էին մարզի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` դատախազը, դատարանի նախագահը, ոստիկանապետը, հարկայինի, մաքսայինի ու կադաստրի պետերը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակիցները:
Կարդացեք նաև
Պաշտոնապես ներկայացնելու արարողությունը ընդամենը մի քանի րոպե տևեց, քանի որ, ըստ փոխվարչապետի, պարոն Ցոլակյանին դահլիճում նստածներից շատերը անձնապես են ճանաչում: «Ուրախ եմ, որ այսօր ներկայացնում եմ պարոն Ցոլակյանին, կարծում ե մ, որ դահլիճում նստածների մեծ մասը ծանոթ են նոր մարզեպետին և նախորդ աշխատանքի համատեղ շփումներից և այն հարուստ աշխատանքային կենսագրությունից, որն ունի մեր նոր մարզպետը: Գիտեք, որ պարոն Ցոլակյանը տարբեր տարիներին աշխատել է պետական տարբեր համակարգերում, և ըստ էության իր կյանքի, աշխատանքային կենսագրության հիմնական մասը անցկացրել է Հայաստանի Հանրապետությանը ծառայելու, աշխատելու գործին: Այդ իմաստով ես կարծում եմ, որ մենք ունենք մի մարզպետ, որը ամբողջությամբ և խորությամբ պատկերացնում է պետական գործառույթների նշանակությունը: Ես կարծում եմ, որ գիտակցում է այն բոլոր խնդիրները, որոնք որ կան ինչպես հանրապետությունում, այնպես էլ մասնավորապես Շիրակի մարզում, հասկանում է, որ բավականին պատասխանատու ժամանակահատվածում է ստանձնում այս պարտականությունները: Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ ինչպես նախորդ տարիներին ընթացքում, նույնպես առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը, ՀՀ իշխանությունները իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում են շարունակելու պահել Շիրակի մարզի խնդիրները և հոգսերը` նոր ծրագրեր իրականացնելով»- , ասաց փոխավարչապետը` շնորհավորելով պարոն Ցոլակյանին ու նրան առողջություն ցանկանալով :
Նորանշանակ մարզպետն էլ իր հերթին ասաց, որ առանձնապես ասելիք չունի, կփորձի աշխատել ներկայումս մարզպետարանում աշխատող մարդկանց հետ ու առաջիկայում պարզ կդառնա ` ովքեր կշարունակեն աշխատել իր հետ, ովքեր` ոչ: «Դրական եմ տրամադրված բոլորի հանդեպ, չունեմ առանձնահատուկ ինչ-որ վերաբերմունք որևէ համայքնի կամ մարդու- պաշտոնյայի հետ կապված : Ես կցանկանամ միայն մի բան ասել, որ պատրաստ եմ աշխատելու, արդարամիտ լինելու, էնպիսին, ինչպիսին երևի ինձ պատկերացնում կամ ճանաչում են մարդիկ: Էստեղ նստածներից շատերի հետ ես շփվել եմ անձնապես, ինձ ճանաչողները գիտեն իմ վերաբերմունքը մարդու, աշխատանքի և հարաբերությունների մասին: Ավելացնելու ոչինչ չունեմ», -ասաց նորանշանակ մարզպետը:
Փոխվարչապետը խոստացավ մի 10 օրից նորից լինել Գյումրիում` 2012 թվականը ամփոփելու համար: Պարոն Ցոլակյանը լրագրողներին էլ դեռ ոչինչ չուներ ասելու , նեղվեց որոշ լրագրողներից, ովքեր տալիս էին այնպիսի հարցեր, որոնց ինքը արդեն մայրաքաղաքում պատասխանել էր: Նախկին գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի մասին ասաց, որ նրան ճանաչում է վաղուց , որպես մարզպետ նրա աշխատանքը գնահատում է նորմալ , նրա հետ էլ հանդիպել, նոր է եկել:
Լրագրողների այն հարցին, թե մարզի ո՞ր խնդրի լուծմանը առաջնահերթություն կտա, նորանշանակ մարզպետն ասաց, որ խնդիրներին դեռ տեղյակ չէ, որ դասակարգի: Այն հարցին, թե տեղյակ էլ չե՞ք, որ Շիրակը ամենաաղքատ մարզն է , պարոն Ցոլակյանն ասաց. «Հայաստանում մարզերը քիչ են իրարից տարբերվում, իհարկե, Գյումրին տարբերվում է մյուս տեղերից, մարզը ամբողջությամբ՝ էդքան չէ, բայց Գյումրին տարբերվում է, դա ուրիշ հարց է: Ես դրա մասին ուրիշ ասելիքներ ունեմ, Գյումրին որպես քաղաք, քաղաքատիպ վայր, քաղաքի ապրելակերպ, գյումրեցու ձգտում, չեմ ուզում հիմա տարածվել, ուրիշ առիթներ կլինեն, կասեմ»:
Իսկ թե ինչո՞ւ են անընդհատ գերներալների ուղարկում Շիրակի մարզ, պարոն Ցոլակյանն ասաց, որ երկու հոգու իրար հետևից ընտրելը պատահականություն է : Նրա հարցազրույցից հետո փոխվարչապետի գլխավորությամբ փակ խորհրդակցություն տեղի ուենցավ մարզպետի առանձնասենյակում, իսկ Արմեն Գևորգյանին սպասող լրագրողները այնպիսի տպավորություն ստացան, որ նորանշանակ մարզպետը անչափ անտրամադիր է , միգուցե և մեծ ոգևորությամբ չի ընդունել ԱԱԾ-ի պետի տեղակալից մարզպետ դառնալու առաջարկը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ