Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում էին՝ լցոնողի՞ն էլ կցեինք գործին»

Մարտ 11,2013 19:13

Ստյոպա Սաֆարյանը՝ Սահմանադրական դատարանի մասին. «Այդ դատարանի անունից ինչ ասես, որ մինչ այժմ չի հնչել, այդ դատարանին փչացնելու, կամ չփչացնելու խնդիր այլեւս չկա»:

Պատասխանելով  Aravot.am-ի հարցին՝ իշխանական կողմը մեղադրում էր Րաֆֆի Հովհաննիսյանին, որ բավարար իրավական հիմքեր չունի ՍԴ դիմելու համար, Սահմանադրական դատարանի այսօրվա գործընթացն ի՞նչ ցույց տվեց, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Սուտ են ասում: Ամենամեծ եւ ամենահիմնավոր փաստը  այն տեղամասերերն են, որտեղ ոչ միայն մենք, այլեւ միջազգային դիտորդական առաքելությունները, մեղմ ասած, կասկածներ են հայտնել ընտրութունների արդյունքները պատշաճ հաշվարկելու կամ մասնակիցների թվի կապակցությամբ: Մենք չէ, որ պիտի ապացուցենք, որ Սերժ Սարգսյանը այդ տարածքում ստացել է նաեւ բացակայող ընտրողների քվեն: Չեմ ուզում ուշադրություն դարձնել մնացած բաներին, բայց միայն իրավունքի խախտման փաստերը, որոնք դրված են դիմումում, թե ինչպես ԿԸՀ-ն իր անգործությամբ եւ հանցավոր գործողություններով թույլ չի տվել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա ներկայացուցիչներին վերահսկել ընտրությունները՝ սա արդեն բավարար է»:

Սաֆարյանը ասաց, որ այսօր դատարանում չէր կարողանում իրեն զսպել, երբ լցոնումների հետ կապված Սահմանադրական դատարանը, «ամոթը մի կողմ դրած», ասում էր ո՞ւր է փաստը՝  «ի՞նչ է, ուզում էին, որ լցոնողի՞ն էլ կցեինք գործին»:

Իսկ թե այսօրվա գործընթացը ինչ ցուց տվեց, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ինձ համար սերիալի նման մի բան էր, ես գնացել էի նայելու նրանց բոլորի երեսին: Ես որեւէ բան չեմ սպասում, դա շանս է Սահմանադրական դատարանի համար, մեզ համար սպասելիքների աղբյուր չէ: Սա շանս է իշխանության համար, իսկ  եթե նա չի ուզում խոստովանի, կամ ընդունի, որ երկրում պետք է նոր ընտրություններ անցկացնել, ապա սա շանս է իրենց համար այդ հարթության վրա կայացնելու այլ որոշում, փրկելով նաեւ իրենց դեմքը: Այլ է, եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում առաջին դեմքի մակարդակով ընդունել, որ  կեղծիքներ են եղել իր օգտին, եւ դրանք եղել են համակարգային բնույթի, թերեւս ճգնաժամի լուծումներ կարող են տրվել այդ հարթության վրա, հենց այդ դատարանի անունից: Միեւնույն է՝ այդ դատարանի անունից ինչ ասես, որ մինչ այժմ չի հնչել, այնպես որ այդ դատարանին փչացնելու կամ չփչացնելու խնդիր այլեւս չկա»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031