Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ձեզ թվում է, որ իշխանությունները ձեզ թույլ կտան սովամա՞հ լինել»

Մարտ 11,2013 18:53

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է լրագրողների հարցերին

 

«Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել որեւէ մի առաջարկ՝ հանդիպման կամ հաղորդակցության: Ես հիմա ասում եմ, որ ձեզ հարմար օր կամ ժամ հրավիրում եմ այս համազգային տագնապը հաղթահարելու համար բաց կամ փակ քննարկման: Իհարկե, ես կողմ եմ բաց հանդիպման: Դա ասում եմ, որովհետեւ անցած անգամ դուք մոնտաժեցիք իմ խոսքը»,- այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում այսպես կրկին Սերժ Սարգսյանին հրավիրեց հանդիպման: Նա առաջարկեց, որ նրանք զրուցեն Ազատության հրապարակի տարածքում՝ որտեղ կցանկանա Սերժ Սարգսյանը՝ նստարանի վրա նստած կամ գուցե սրճարանում՝ սուրճ խմելով:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, նա նշեց, որ վաղը ժամը 12-ին ասուլիս կտա Ռուբեն Հակոբյանը, իսկ ուրբաթ կլինի «հաղթահավաք»՝ ռոքի ողեկցությամբ:

«Թող ոչ մեկը Նժդեհ մեջբերի, պետականության հիմքերի մասին խոսի, Արցախի անվտանգության մասին: Կեղծ հղումներ են դրանք, եթե մեր ժողովրդի ընտրությունը չի ճանաչվում: Եթե մեծ պահքի այս շրջանում պարոն Սարգսյանը չգնա ինքնագնահատականի, ինքնամաքրման, ես կկրկնեմ, թե ինչ եմ անելու մինչեւ ապրիլի 9-ը: Ես ինքս գնացել եմ հանդիպման, ինքս պատրաստակամություն եմ հայտնել նորից գնալու, բայց ներկա դրությամբ ժողովրդի հաղթանակը ճանաչելու, այս համազգային վիհը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխադարձ կամք եւ մինչեւ հիմա եղել է «զրո» դրանից: Եղել են սուտ, միջնորդավորված, շրջանառված ինչ-որ կեղծ դրույթներ, բայց պարոն Սարգսյանից ես ստացել եմ ոչ մի բան: Սա արդեն իր հնարավորությունն է սթափ գնահատելու իրավիճակը եւ իր՝ դե ֆակտո իշխանությունն ի վերջո փոխարինելու դե յուրե առաջին նախագահության: Ես հավատացած եմ, որ ապրիլի 9-ին մենք կունենանք նոր Հայաստանի երդմնակալությունը»:

Հարցին՝ Ձեզ թվում է, որ իշխանությունները ձեզ թույլ կտան սովամա՞հ լինել, ակնհայտ է, որ ինքնաբացարկի չի գնում Սերժ Սարգսյանը, նա պատասխանեց, որ ոչինչ էլ ակնհայտ չէ. «Ես չեմ կարծում, որ որեւէ բան ակնհայտ է: Ձեզ համար երկու ամիս առաջ ակնհայտ էր, որ սրանք ոչ մրցակցային ընտրություններ են, որ ժողովուրդը խեղճուկրակ է, օտարված է, ճակատագրապաշտ եւ իր հավատը պիտի չգտնի իր մեջ եւ գտավ: Դա իմ միակ շնորհքն է, որ ինձ համար երկու ամիս առաջ դա ակնհայտ էր: Հիմա մի ասեք՝ ակնհայտ է»:

Նա վստահեցրեց, որ իր համար յուրաքանչյուր հայ մարդ, քաղաքացի արժեք է եւ թանկ. «Թույլ չեմ տալու նաեւ, որ ոչ մեկը դա անի իմ նկատմամբ»:

Այս պահին Ազատության հրապարակում է նաեւ շտապօգնության մեքենան: Րաֆֆի Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնելով շտապօգնության աշխատակիցներին՝ ասելով. «Ես ներկա դրությամբ որեւէ առողջապահական որեւէ օժանդակության կարիք չունեմ: Երախտագետ եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031