Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա` Շիրակի նորանշանակ մարզպետին ներկայացնելու պահին

Մարտ 11,2013 18:12

«Մուշ 2» նորակառույց թաղամասում աշխատած մի քանի բանվորներ պահանջում էին իրենց աշխատավարձը

Մինչ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները, մարզի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու լրագրողները մարզպետարանի դիմաց սպասում էին, թե երբ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կգա ու կներկայացնի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, բանվորները սկսեցին իրենց բողոքի ակցիան: Նրանցից մեկը դժգոհեց, որ օգոստոս ամսից սկսած եվրոդռներ ու պատուհաններ են սարքել նորակառույց շենքերի համար, սակայն իրենց փողը չեն տալիս, ամեն անգամ տանում –բերում են` ասելով` կտանք էլի: «Սվառչիկները, աբլիցովչիկներն էլ չեն ստացել իրենց գումարը, միայն մեր ցեխը 7 միլիոն փող ունի ստանալու, 20 հոգուց ավել աշխատող կա: Մենք պայմանագիր չունենք կնքած, մեզանից և ոչ մեկը գրանցված աշխատող չի եղել, ձեռքներս որ փող չկա, ճարահատյալ ենք աշխատել , էսպես ասեմ՝ ընկերական ենք աշխատել: Չեն հրաժարվում, որ մեզ պարտք են, ուղղակի ասում են 10 օր հետո եկեք, գնում ես, ասում են` մի ամսից եկեք էլի փող չկա»:

Բանվորները շատ ոգևորվեցին, երբ տեսան փոխվարչապետին նորանշանակ մարզպետի հետ: Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, լսելով, թե խոսքն ինչի մասին է, հորդորեց իրեն սպասել, որպեսզի հարցը քննարկեն մարզպետին ներկայացնելուց հետո:

Ինչպես և խոստացել էր, մարզպետին ներկայացնելուց հետո, նա անմիջապես մարզպետի առանձնասենյակ կանչեց բանվորներին: Մի քանի րոպե տևած քննարկումից հետո, բողոքավորները, դուրս գալով, լրագրողներին փոխանցեցին, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խոստացել է մի շաբաթվա ընթացքում հարցը լուծել:

Ըստ բանվորների, նա վաղը պատրաստվում է հանդիպել «Գլենդել Հիլզ» շինկազմակերպության ներկայացուցիչների հետ: Փոխվարչապետը առաջարկել է բանվորներին հանդիպել Երևանում , սակայն վերջիններս հրաժարվել են: «7 օրվա ընթացքում խոստացավ հարցը լուծել, մենք խմբով մյուս շաբաթ կգանք մարզպետարան, ու արդեն պարզ կլինի`ով պիտի վճարի մեր գումարը «Գլենդել Հի՞լզը», թե՞ պատվիրատուն: Ընդհանուր գումարը մոտ 30 միլիոն է, մի 100 հոգի կլինեն փող չստացողները»,- ներկայացրեց բանվորներից մեկը : Փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում հաստատեց բանվորների խոսքը` ասելով, որ կվերադառնան Երևան և կքննարկեն նրանց հարցերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031