Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները. Միացյալ Թագավորության ԱԳ փոխնախարար

Մարտ 11,2013 18:04

Երեւանում Բրիտանական դեսպանատանը այսօր տեղի ունեցավ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերի ճեպազրույցը լրագրողների հետ:

Սայմոն Ֆրեյզերը նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, հետաքրքիր հանդիպումներ է այսօր ունեցել ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի եւ վարչապետի հետ, քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը, Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի գոտու պայմանագիրը եւ Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային հարցերը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

«Մենք մտադիր ենք լրացուցիչ ներդրումներ անել, աջակցություն ցուցաբերել բրիտանական ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում»,- նշեց Սայմոն Ֆրեյզերը` հավելելով, որ կցանկանան զարգացնել առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները, օգնել Հայաստանին ավելի խորացնել Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի հետ: Բաց եւ հավաստի ներդրումային պայմաններ ստեղծելուց է կախված բրիտանական հետագա ներդրումները եւ այդ առումով կարեւորել կառավարությանը քայլերը:

«Տնտեսության եւ քաղաքականության միջեւ տարանջատումը կեղծ տարանջատում է»,- կարծում է Սայմոն Ֆրեյզերը հավելելով, որ հետաքրքրված են ծավալուն ներդրումներ իրականացնել,- Մենք աջակցում են Հայաստանի զարգացմանը, ինչպես նաեւ բաց քաղաքական գործընթացների եւ բաց հասարակական գործընթացների զարգացմանը»:

Խոսելով ԼՂ-ի հակամարտության մասին, նա նշեց, որ փորձում են աջակցել ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին, եւ կարեւոր է լուծում գտնել այդ գործընթացի հիմքով: Դիվանագիտական ընթացքը բավական երկարել է, անհրաժեշտ է աջակցել միջնորդներին, որպեսզի հասնել բանակցային ճանապարհով լուծմանը` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման հիմքով: Ստեփանակերտի օդանավակայանի վերագործման առիթով Բաքվի ագրեսիվ հայտարարություններին անդրադառնալով, նա նշեց, որ չի ցանկանում մանրամասնել, անհրաժեշտ է թափանցիկություն ապահովել ցանկացած գործընթացում:

Անդրադառնալով միջազգային դիտորդների զեկույցներին` նախագահական ընտրությունների առնչությամբ, նա նշեց, որ Մեծ Բրիտանիան ճանաչում է ընտրությունների արդյունքները, թեեւ որոշ խնդիրների մասին բարձրաձայնել են զեկույցներում, եւ թեեւ գիտեն, որ գործընթացը կատարյալ չէր, այնուամենայնիվ արդյունքը`լեգիտիմ է, գուցե դասեր կան քաղելու, բայց շատ կարեւոր է, որ այդ դասերը բոլոր կողմերը հաշվի առնեն:

Հիշեցնենք, որ ՄԹ Արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը մարտի 10-12 Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակում է Հայաստանում: Սայմոն Ֆրեյզերը ՄԹ Արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է եւ պատասխանատու է Լոնդոնում Արտաքին գործերի նախարարության աշխատանքի եւ աշխարհի տարբեր երկրներում գործող բրիտանական կառավարության ներկայացուցչությունների համար:

Սայմոն Ֆրեյզերը մեծ սպասումներ ուներ Երեւանյան իր առաջին այցից, որի ընթացքում քննարկել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ Հայաստանի ու ՄԹ-ի միջեւ մասնավորապես առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031