Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան ճամբորդող իրանցի աւտովարորդների ուշադրության

Մարտ 11,2013 17:30

Նովռուզի արձակուրդների մոտենալով սպասւում է, որ այս տարի ևս մի խումբ իրանցիներ իրենց սեփական աւտոմեքենաներով Հայաստան ճամբորդեն: Նկատի ունենալով, որ սեպտեմբեր 2012 թվականից սկսյալ Հայաստանում ընթանում է Հարաւ-հյուսիս մայրուղու շինարարական աշխատանքները կուզենայի հետևյալ խնդիրները յանձնել իրանցի յարգելի վարորդների ուշադրության.

Արարատ քաղաքից սկսյալ դեպի Երևան ընթանում են ճանապարհի ընդարձակման և բարեկարգման աշխատանքներ   և  որոշ հատվածների համար առաւելագույն արագություն է սահմանված ժամում մինչև հիսուն կիլոմետր և տեղադրված են համապատասխան նշաններ: Արտաշատից դեպի Երևան մայրուղու կենտրոնական հատվածում կատարվում են նաև հողահեռացման աշխատանքներ և գոյացել են մոտ կես մետրանոց փոսեր, որի երկայնքով տեղադրված են արգելապատնեշներ: Այս հատվածում և հատկապես գիշերվա ժամերին հարկավոր է լինել խիստ զգույշ: Մեղրի-Երևան ճանապարհը հիմնականում անցնում է բնակավայրերով, ուստի և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) համաձայն բնակելի հատվածներում թույլատրվում է ժամում մինչև վաթսուն կիլոմետր արագութիւն՝ եթե չլինեն նվազ արագության վերաբերյալ բացառություններ (շինարարություն, խաչմերուկ, դպրոցականների անցում): Որպես օրինակ Մեղրի, Կապան, Գորիս,Վայք և Եղեգնաձոր քաղաքների դպրոցականների համար նախատեսված անցումների հատվածներում թույլատրվում է ժամում քառասուն կիլոմետր արագություն:

Մեղրիի կամ սահմանային ցանկացած անցակետից  դեպի ՀՀ մուտք գործող տուրիստական աւտոմեքենաները մաքսային անհրաժեշտ ձևակերպումներից հետո  պետք է ապահովագրվեն: Վարորդները պետք է ունենան ժամկետի մեջ գտնվող միջազգային և կամ ՀՀ վարորդական իրավունք և աւտոմեքենային վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Ընթացքի ժամանակ ամրացնեն իրենց ամրագոտիները, չծխեն և առանց հատուկ սարքերի (ականջակալ և այլն) բջջային հեռախոսից չօգտվեն: ճանապարհային ոստիկանի հրահանգի դեպքում պետք է աջ ընդունել և հարմար տեղ կայանելուց հետո սպասել ոստիկանի մոտենալուն: Ճանապարհային ոստիկանը ներկայանալուց հետո բացատրում է աւտոմեքենան կանգնեցնելու պատճառը: Ոստիկանը պարտավոր է ծառայության ժամանակ միացրած պահել իրեն ամրակցված ոստիկանական աւտոմեքենայի փարոսիկները (միգալկա) և ավտոյի մեջ տեղադրւած տեսախցիկի միջոցով տեսագրել վարորդի հավանական խախտումն՝ օրինազանցին ցուցադրելու կամ դատարան ներկայացնելու համար: Խախտումը փաստվելու դեպքում ճանապարհային ոստիկանը վարորդի փաստաթղթերի հիման վրա կազմում է համապատասխան արձանագրություն, որին ծանոթանում է վարորդը և ցանկութեան դեպքում պատկան սյունակում գրում է իր առարկությունները: Վարորդն ապա ստորագրում է խախտման արձանագրությունը, ստանում է իր փաստաթղթերը և արձանագրության երկրորդ կեսը: Օրենքով նախատեսված տուգանքը մուծվում է տեղում և կամ բանկերում՝ երկշաբաթյա ժամկետում: Տեղում մուծելու դեպքում ճանապարհային ոստիկանը պարտավոր է տրամադրել ՀՀ ոստիկանության կողմից համարակալված և կնքված անդորրագիր:

Իրանցի վարորդների մոտ շփոթ է ստեղծում հատկապես Երևանի հարաւային մուտքը: Նրանք հաճախ մայրուղու ավարտին արգելակում են, որը ՀՀ ՃԵԿ-ի համաձայն համարվում է խախտում, քանի որ իրենք գտնվում են գլխավոր ճամբի վրա և հետևից ընթացող աւտոմեքենայի համար վթարային իրավիճակ են ստեղծում: Երևանի մուտքի մոտ  գտնվող խաչմերուկը հաւասարազոր չէ և դեպի Մասիսի գյուղերը տանող ճանապարհը համարվում է երկրորդական, ուստի և երկրորդական ճանապարհով ընթացող աւտոները պետք է զիջեն մայրուղուց դուրս գացող մեքենաներին:

Անցնող մեկ տարվա ընթացքում Երևանի փողոցներում և խաչմերուկներում տեղադրվել են մեծ թվով արագաչափ սարքեր և տեսախցիկներ: Վարորդները պետք է լինեն ուշադիր, հետևեն ճանապարհային երթևեկության կանոններին և տեղադրված նշաններին: Տեղադրված սարքերի միջոցով խախտումն արձանագրվելու դեպքում վարորդները կամ աւտոմեքենաների սեփականատերերը բարդությունների կհանդիպեն: Հիշեք նաև, որ հետիոտնի համար նախատեսված, բայց լուսացույցով չկարգավորվող անցումի հանդիպելիս անպայման զիջել անցորդին, այլապես Ձեզ քսան հազար դրամի տուգանք է սպասւում:

ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ կապված հարցերով կարելի է դիմել 1-77 հեռախոսահամարով, որն անվճար է, ՃՈ հերթապահ մասին 00374.10.522763 հեռախոսահամարով, ՀՀ ոստիկանութեան կայքէջին՝ www.police.am  (հայերեն, անգլերեն և ռուսերեն) և կամ աւտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին (Աքիլես ՀԿ- www.achill.am, հեռ. 00374.10.361940 և 00374.91.361940): Ընթերցողներին խնդրում եմ իրենց հարմար նկատած ձևով անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նաև ոչ-հայ վարորդներին, որոնք որոշել են Հայաստան ճամբորդել աւտոմեքենայով:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031