Գեղագիտության ազգային կենտրոնի սաները մասնակցել են նկարչական մրցույթի
«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում այսօր տեղի ունեցավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ վերջինիս գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ 2012-ի հոկտեմբերին կազմակերպված 5-րդ Համահայկական նկարչական մրցույթի և 3-րդ դիմակահանդես-շքերթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:
FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, խոսելով հիմնադրամի վերջին տասը տարվա գործունեությունից, ասաց. «Մեր նպատակն է` մանուկներին եւ պատանիներին հնարավորություն տալ ճանաչել եւ գնահատել հայրենի բնության արժեքները, ինչպես նաեւ` քայլեր անել դրա պահպանության հարցում: Մեր աշխատանքի արդյունքը այսօր տեսանելի եւ գնահատելի է: Հանգիստ կարող ենք ասել, որ ծառայել ենք մեր նպատակին»:: Խաչատրյանի խոսքով` 5-րդ Համահայկական նկարչական մրցույթը պետք է շարունակություն ունենա. «Եթե այն կանգնեց, երեխաները չեն կարողանա իրենց կրած արժեքները փոխանցել հետագա սերունդներին»:
Մրցութային հանձնաժողովի նախագահ, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը նշեց, որ կենտրոնը կանգնած է նման միջոցառումների կողքին. «Մենք փողոցում, արվեստից բացի, ուրիշ բանով չենք զբաղվում: Մեր երեխաները տաղանդավոր են եւ նկարչության ասպարեզում մրցակիցներ չունեն: Դա փաստում են բազմաթիվ միջազգային միջոցառումները»:
Կարդացեք նաև
ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համոզմամբ. «Գիտակցում ենք, թե որքան կարեւոր է ունենալ մաքուր եւ առողջ միջավայր, իսկ երեխաները մեր ապագան են: Մենք ուզում ենք միշտ կանգնել այն գաղափարների շուրջ, որոնք սուրբ առաքելություն են կատարում»:
Պարոն Յիրիկյանը մրցանակներ հանձնեց 5-րդ Համահայկական նկարչական մրցույթի հաղթող-երեխաներին: Մրցանակներ ստացան նաեւ 3-րդ Դիմակահանդես-շքերթի լավագույն մասնակիցները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ