Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստանոց» խորագրով ճեպանկարի ցուցահանդես: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 3-րդ և 4-րդ կուրսի գրաֆիկայի բաժնի 13 ուսանող ներկայացրեցին իրենց լավագույն աշխատանքները:
Գծանկարչության դասախոս Աննա Ավետիսյանն ասաց. «Ճեպանկարը թեթև և պարզ միջոցներով է ստեղծվում: Մենք փորձեցինք դա րոպեներից մինչև անգամ վայրկյանների ընթացքում: Եվ ցուցասրահում փորձեցինք ստեղծել այդ անմիջականությունը, որից կարելի է արվեստանոցային պարզ միջավայր ստանալ»:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը հիշելով իր հոր խոսքերը` ավելացրեց. «Եթե մարդ ուզում է նկարիչ լինել, ուրեմն ամբողջ օրը պետք է ճեպանկար անի: Իսկապես դա այդպես է, քանի որ շարժման մեջ ամեն ինչ անմիջական է` չես խորանում ինչ որ բանի մեջ, եթե դա պետք չէ: Այդ շարժման միջոցով մարդ ավելի շուտ է ընկալում մարդու, կենդանու առանձնահատկությունները»:
Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանն էլ նշեց, որ ցուցասրահում ճեպանկարի ցուցադրություն դեռ տեղի չէր ունեցել: Եվ դա պետք է ոգևորող լինի և ոչ միայն ճեպանկարի այլև գծանկարի, բնորդի, դիմանկարի ցուցահանդեսներ կազմակերպելու համար:
Կարդացեք նաև
Հեռանկարի, կոմպոզիցիայի դասախոս Արմեն Կանայանն էլ կիսվեց իր տպավորություններով. «Ուսանողները չեն աշխատել հատուկ այս ցուցահանդեսի համար, այլ աշխատել են մշտապես: Եվ այդ մշտական, ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքը եղավ այս ցուցահանդեսը: Այս աշխատանքները միայն ցուցահանդեսի համար չէ, որ պատրաստվել են, սրանք ընթացիկ աշխատանքներ են և պտուղը տվել է այդ աշխատանքը»:
«Արվեստանոց» խորագրով ճեպանկարի ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ մեկ րոպե լռությամբ: Ներկաները հարգեցին նկարիչ Հակոբ Հակոբյանի հիշատակը, ով միշտ ներկա էր գտնվում ցուցասրահի ցուցահանդեսներին:
Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ