Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանում այսօր ավարտվեց նիստը

Մարտ 11,2013 16:42

Ընդմիջումից հետո Սահմանադրական դատարանում շարունակվեցին հարցերը, որոնք ուղղված էին դիմումատու՝ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանին եւ Զարուհի Փոստանջյանին: Զարուհի Փոստանջյանը պահանջում էր, որ պատասխանողը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր գործընկերոջը՝ Կարեն Մեժլումյանին ուղղված հարցերը նորից կրկնի, իսկ երբ Մուկուչյանը հրաժարվեց, ասելով, որ ինքը բավարարված է Կարեն Մեժլումյանի պատասխաններից, դիմեց ՍԴ, որպեսզի հրապարակվեն բոլոր այն հարցերը, որոնց ինչ-ինչ առումներով չէր պատասխանել Կարեն Մեժլումյանը (գուցե նաեւ մարտավարությունից ելնելով): ՍԴ նախագահը դիտողություն արեց կողմին՝ ասելով, որ ճշտեն, թե իրենցից ով է պատասխանում:

Այնուամենայնիվ, շարունակվեց հարցուպատասխանը եւ դիմումատու կողմին հասցրեցին հարցեր տալ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը, հարակից պատասխանող ճանաչված, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Թաթուլ Պետրոսյանը:

Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը մեղադրեց ոստիկանությանը, որ ընթացք է տվել այն դեպքերին, երբ մամուլն է գրել, թեկնածուներն են հայտնել լրատվամիջոցներով, իսկ ոստիկանությունը գոնե մեկ խախտում չի հայտնաբերել:

Թաթուլ Պետրոսյանը հարցրեց, թե արդյոք կողմը, երբ տեսաերիզներն է ներկայացրել որպես ապացույց, ուսումնասիրել է, արդյոք այնտեղ առկա՞ են եղել առերեւույթ խախտումների մասին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ամբողջ ծովը չպետք է խմել, որպեսզի ասեն, թե աղի է ջուրը»: ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանը դատարանին ներկայացրեց իր դիտարկումները, որոնք դատարանը կբազմացնի եւ կբաժանի դատավարության բոլոր կողմերին, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց եւ կշարունակվի վաղը, ժամը 10.00-ին:

Ի դեպ, ՍԴ-ում Անդրիաս Ղուկասյանն արդեն իր սենյակն ունի եւ սենյակի վրա գրված է «Անդրիաս Ղուկասյանի սենյակ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031