Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես հուսով եմ, որ ապրիլի 9-ին դու եւ ես ողջ կլինենք»

Մարտ 11,2013 16:30
PrevPhoto
NextPhoto

Նա հույս ունի, որ Սերժ Սարգսյանն ունի այդ «հայրենասիրությունը, թոռնիկասիրությունը»՝ վերանայելու իր որոշումը

Այսօր առավոտյան Aravot.am-ն այցելեց հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նա խոստացել էր, որ այլեւս ոչ մի արյուն չի լինի, բայց երեկ հայտարարեց, որ «Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով»: Մեր դիտարկմանը, որ Դուք խոստացել եք, իսկ Ձեր արյունը նույնպես արյուն է, ինչո՞ւ նման հայտարարություն արեցիք՝ նա պատասխանեց. «Ժողովրդի հաղթանակի այս շարժումը մտել է իր վճռական հանգրվան: Ճիշտ ես ասում, ես նվիրվել եմ այս պայքարին քաղաքացիական, հանդարտ, սահմանադրական ճանապարհով բացառելով ցանկացած արյան կաթիլ՝ դա լինի քաղաքացու, զինվորի, ոստիկանի, որովհետեւ բոլորս միեւնույն հայրենիքի ժառանգներն ենք: Եվ մինչեւ մեր հաղթանակի գրանցում եւ երդմնակալություն ապրիլի 9-ին, ես պատրաստ եմ այդ ճանապարհով գնալ: Ես երեկ չխոսեցի դիակների մասին, ոչ էլ արյան մասին: Ես ասացի, որ եթե պարոն Սարգսյանը կեղծ երդման գնաց եւ Վեհափառ հայրապետը, օրհնելով այդ կեղծ երդումը, պղծեց Աստվածաշունչը, դա կանեն իմ դիակի վրա: Դեռ արյան մասին չեմ խոսել: Ես կարծում եմ, որ իրենք, կոնկրետ պարոն Սարգսյանն ունի այդ հետագիծը, այդ հայրենասիրությունը, այդ թոռնիկասիրությունը, քրիստոնեականությունը՝ վերանայելու իր որոշումը, չգնալու կեղծ երդման, որը թուլացնելու է մեր երկիրը, ճանաչելու ժողովրդի ընտրության իրավունքը»:

Նա նաեւ նշեց, որ այս շաբաթ կսպասեն Սահմանադրական դատարանի որոշմանն ու վճռին. «Հավանաբար այս կազմով կլինի իր վերջին վճիռը: Սա իր հնարավորությունը կլինի սահմանադրական վճիռ, ժողովրդի ընտրությունը հարգող վճիռ կայացնել, որը կարող է նաեւ առաջարկ անի, թե ինչպես առաջ գնալ: Ես եթեներով չեմ սիրում խոսել, բայց եթե դա չանի եւ եթե այդպես չեղավ, այդ որակները չգտավ հերթական անգամ դատարանը, եթե պարոն Սարգսյանն իր այդ որակները չգտավ, եւ գնաց ժողովրդի ձայնի գողությամբ խարսխված ընտրությունը կեղծ երդումով ամրագրելու ճանապարհով, ես ասում եմ, որ այսպես թե այնպես մենք կունենանք նոր Հայաստանի երդմնակալություն: Եթե ինքը եւ վեհափառը ձեռք ձեռքի տված պաշտոնականացնեն եւ օրհնեն կեղծիքը, դա կանեն իմ դիակի վրայով, կրկնում եմ՝ ուղղակի իմաստով եւ փոխաբերական: Բայց ես սպասում եմ, որ մինչ այդ ուղիներ կգտնենք՝ դատարանից սկսած, մինչեւ պարոն Սարգսյանը, ում ես հրավիրել եմ այստեղ: Եթե ինքը ցանկություն ունի համապետական լուծում առաջարկել՝ կքննարկեմ իրեն հետ: Ես վերջնագրի լեզվով չեմ խոսում: Այդ կուսակցապաշտ երիտասարդների նկատողությունը, որ իրենց իրավունքն է իհարկե, ուղղակի սքողում է իրականությունը, որ սադրիչը, կեղծարարը եւ պատասխան տվողը պիտի լինեն իրենց կուսակցության պետերը, շտաբի պետերը, մարզպետերը, քաղաքապետերը եւ հենց իրենք, ովքեր պետք է այդ սադրանքի համապատասխան ոչ թե կոշտ միջոցներ սպառնան ինձ եւ ժողովրդին, այլ իրենք ենթարկվեն օրենքի խստագույն պատասխանատվության: Այն, ինչ ես ասել եմ, ոչ վերջնագիր է, ոչ սպառնալիք, ոչ էլ նախապատրաստում ծայրահեղ վախճանի, բայց դա ճշմարտություն է: Եթե իրենք որոշեն այդպես խեղդել ժողովրդի ձայնը, իրենք նաեւ պետք է ինձ հետ, իմ կյանքի հետ գործ ունենան: Ասում են՝ Րաֆֆի, ինչո՞ւ ես դու անակնկալներ մատուցում վերջին րոպեին: Հիմա անակնկալ չէ, ես իրենց ասել եմ, տեղեկացրել եմ, որ այս ճանապարհով է, որ իրենք այլեւս հարգեն ժողովրդի ձայնը, չխեղեն ուսուցչին, երիտասարդին, զինվորին: Բոլորը գիտեն, անգամ իրենք իրենց գրասենյակներում, որ ես ժառանգորդն եմ նախորդ սերունդների պայքարների, նախորդ ընդդիմադիր գործիչների, ովքեր հաղթել են, բայց չի գրանցվել իրենց հաղթանակը, բայց այս անգամ մի փոքր ոճի տարբերություն կա առ այն, որ բոլորը գիտակցում են՝ սա ոչ թե Սերժի պարտությունն է եւ Րաֆֆիի հաղթանակը, այլ անակնկալ շատերի համար, բայց ոչ ինձ, որ ժողովուրդը դարձավ բաժնետերը, սեփականատերը այս շարժման, դրա համար իրենք պետք է իրականության հետ հաշվի նստեն: Դրա համար էլ ոչ մի լաց, ոչ մի արցունք: Ես հուսով եմ, որ ապրիլի 9-ին դու եւ ես ողջ կլինենք, կլինենք կենդանի, իրար հետ հայացք կկիսենք, որ այս երկարատեւ եւ դժվարին երկունքից հետո մասնակցում ենք նոր Հայաստանի կերտմանը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վանես says:

    Արա դե հերիք ա էլի,այ աբիժնիկ…մեկից պրծանք,հիմի էլ դու ես վայնասուն բարձրացրե՞լ…Դու ուղղակի մուռ ես հանում,ուրիշ ոչինչ..Քեզ հայրենասեր ես հորջորջում,բայց ուզում ես ժողովրդին հանել իրար դեմ..Բարոյական մարդ չես…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031