Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ֆրանս-գերմանական տարվա շրջանակներում ԵՊՀ-ում այսօր ներկայացվեց ֆրանս-գերմանական հաշտեցման պայմանագրի կարեւորությունը եւ երկու երկրների համատեղ պատմության դասագրքի դերակատարությունը երկխոսության հաստատման գործում:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ դասագիրքը մի բանալի է, որն ավելի շուտ եզրահանգման կետ է, քան ելակետ. «Այդ ձեռնարկով մենք կարեւոր իրողություն ենք փաստում, որ անդրադարձ է կատարվել ժողովուրդներից յուրաքանչյուրի պատմությանը»: Դեսպանը նշեց, որ ձեռնարկի ստեղծման արմատներում կանգնած են ֆրանսիացի եւ գերմանացի երիտասարդները. «Հաշտեցման պայմանագրի 40-ամյակի կապակցությամբ նրանք ստեղծեցին երիտասարդական խորհրդարան, որի առաջարկով էլ սկսվեցին ձեռնարկի մշակման աշխատանքները»:
Ռենոյի դիտարկման շուրջ, թե դասագիրքը կարող է օրինակ լինել նաեւ Հայաստանի համար, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ օրինակ կարող է ծառայել համատեղ դասագիրքը` Ադրբեջանի եւ Թուրքիայի պես հարեւաններ ունենալու պարագայում: Ի պատասխան դեսպանն ասաց` «Դուք կիմանաք»: Ռենոյի խոսքով. «Դասագիրքը կոչում չունի դասեր տալ Հայաստանին, բայց կարող է օրինակ ծառայել: Մենք ընդամենը ներկայացնում ենք, թե ինչ է ֆրանս-գերմանական պատմությունը: 75 տարի երկու երկրները գտնվել են արյունալի բախումների մեջ»:
Իսկ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն ասաց, որ իրենք որպես ուսուցիչ չեն հանդես գալիս. «Թե ինչպես կօգտվեք այդ օրինակից, ձեզ է վերապահված»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ