Քիմիական դեղորայքի օգտագործումը կրճատում է մեղուների քանակը
«Խորհրդային Հայաստանի փլուզումից հետո երկրում կար մոտ 300.000 մեղվաընտանիք, հիմա դրանց քանակը զգալիորեն նվազել է` հասնելով մինչեւ 20.000-ի»,- ասաց մեղվաբուծության ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը՝ այսօր «Հայացք» մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսին:
Թելման Նազարյանը մեղվապահության ոլորտում առկա ամենաարդի և լուծման կարիք ունեցող խնդիրներից մեկը մեղվաընտանիքների բուժման համար օգտագործվող քիմիական դեղորայքների վերացումն է համարում.«Հանրային խորհրդի վերջին նիստում քննարկվել է Հայաստանում մեղվապահության դերի եւ նշանակության հարցը: Հայաստանում մեզ տարեկան անհրաժեշտ է 30-40 հազար մեղվափեթակ: Նրանց աճի եւ զարգացման համար անհրաժեշտ է, որ քիմիական բոլոր գործոնները վերանան: Շուտով քիմիական դեղամիջոցների օգտագործումը ընդհանրապես կարգելվի: Դա կնպաստի ավելի մաքուր եւ օրգանական մեղրի ստացմանը»:
Իսկ այն հարցին, թե որոնք են մեղուների զգալի պակասի հիմնական պատճառները, Թելման Նազարյանը պատասխանեց.«Ինչպես արդեն ասացի, դրանցից ամենագլխավորը՝ քիմիական դեղորայքի օգտագործումը: Բացի այդ մեղուները մեծ դեր են կատարում միջավայրի աղտոտվածության կանխարգելման գործում: Նրանք ամենաթունավոր նյութերի ազդեցությունը իրենց վրա են վերցնում, ինչը նպաստում է մեղրի որակի եւ անառողջ` անգամ անթեւ սերունդ ունենալուն»:
Կարդացեք նաև
«Հայ մեղվապահությունը եւ մեղրի արդունաբերությունը միջազգային շուկայում մրցունակ դարձնելու համար անհրաժեշտ է արտադրել օրգանական մեղր: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն, Կանադան, Ռուսաստանը, Շվեցարիան, Արաբական շուկան հետաքրքրված են հայկական օրգանական մեղրի ձեռքբերմամբ: Այժմ կատարվում է օրգանական մեղր արտադրող բոլոր մեղվապահների եւ ընկերությունների սերտիֆիկացում: Սերտիֆիկատն էլ իր հերթին որակի եւ վստահության նշան կհանդիսանա սպառողի համար եւ կօգնի այն տարբերել կեղծ ապրանքից: Եթե օրգանական մեղր եք գնում, ապա պիտակի վրա փնտրեք էկո բիո եւ մեր ընկերության` «Էկոգլոբ» անվանումը: Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսության եւ սննդամթերքի սերտիֆիկացման գործով».- ասում է «Էկոգլոբ» ընկերության տնօրենը` գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Դարբինյանը:
Իսկ այն հարցին, թե օրգանական մեղրի գինը որքանով կտարբերվի ոչ օրգանական մեղրի գնից, Նունե Դարբինյանը պատասխանեց. «Հայաստանը Չինաստանից եւ Արգենտինայից ներմուծում է սովորական մեղր, որի գինը սկսվում է 1600 դրամից, իսկ օրգանական մեղրը միջինում արժե 3500-4000 դրամ: Չինաստանը եւ Արգենտինան մրցունակ տեղ են գրավում միջազգային շուկայում մեղրի արդյունաբերության ոլորտում, իսկ Հայաստանը ձգտում է մրցունակ տեղ գրավել էկո մթերք արտադրող շուկայում»
Աննա ԹԱՄԱՄՅԱՆ