Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը խոսեց երկրում սպասվող ներքաղաքական զարգացումներից և խորհրդային տարիներին Մարտի 8-ի իրական նշանակության մասին:
«Այսօր համեմատել Մարտի 8-ը սովետական տարիների հետ, ընդհանրապես համեմատելի չէ: Սովետական տարիներին բոլորովին այլ էր: Տեղի էր ունենում մեծ հանդիսավոր նիստ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում, որին մասնակցում էին երկրի առաջին դեմքերը: Տարբեր միջոցառումներ էին կազմակերպվում, պարգևատրումներ էին հանձնվում կառավարական մասշտաբի: Որովհետև այսօր հայ կինը գտնվում է բոլորովին այլ կարգավիճակում, անկախ այն բանից, թե նա հաստոցի մոտ քանի ժամ է կանգնում»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:
Խոսելով ներքաղաքական իրավիճակից՝ Ռուբեն Թովմասյանը ասաց,- «Ինչ է, եթե մենք չենք մասնակցում նախագահական ընտրություններին, նշանակում է՝ այդ կուսակցությունը ընդհանրապես այլևս կուսակցություն չի՞: Տեսակարար կշիռը չի որոշվում ընտրություններով, այն որոշվում է ժողովրդի վերաբերմունքով: Մեզ խեղդում եմ զանազան արհեստական միջոցներով, առաջին հերթին ֆինանսական, որ դուք պետք է մուծեք այսքան միլիոն, որպեսզի իրավունք ունենաք մասնակցելու ընտրություններին: Իսկ որտեղից, եթե այդ կուսակցության մեջ չկա թալանչի, չկա բիզնեսմեն, չկա մեկ ուրիշ մարդ, որը կկարողանա ֆինանսավորել: Փող ունես՝ կուսակցություն ես, փող չունես՝ կուսակցություն չես»:
Ռուբեն Թովմասյանն ասաց, որ հույսը մնում է լրագրողների վրա, որ նրանք բարոյական աջակցություն ցույց տան մյուս կուսակցություններին, որ կարողանան իրենք էլ ոգևորվեն:
Կարդացեք նաև
«Իրենք չեն կարողանում աշխատեն, իրանք երկիրը շողուլից գցել են, երկիրը հասել է 37% աղքատության»:
Ռուբեն Թովմասյանը նշեց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եկել է այն եզրակացության, որ խնդրելով չես կարող իշխանություն վերցնել, միայն ուժով, ժողովրդի ճնշմամբ: Քաղաքակիրթ ճանապարհով հնարավոր չէ:
«Իմ կարծիքով, պարոն Հովհաննիսյանը պետք է իր տակտիկայում փոփոխություն մտցնի և մեծացնի ճնշումը: Թե ինչ մեթոդներով, ինչ ձևով՝ նրա գործն է»:
Ռուբեն Թովմասյան անդրադառնալով Րաֆֆի Հովհանիսյանի հացադուլին՝ ասաց, որ իր աջակցությունը ցույց կտա, նախ որպես հայ մարդ, հետո քաղաքական գործիչ և կայցելի նրան:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ