ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է ` առաջիկայում արմատական փոփոխությունների են գնալու:
«Ասել ենք` պատրաստ ենք նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկել: Մյուս խնդիրը վերահսկողական ծառայությունների` իրենց մասնակցությունն է, ինչու չէ՝ վերահսկիչ պալատում, մրցակցության հանձնաժողովում իրենց ասած մենաշնորհների ու օլիգարխների դեմ պայքարել…փորձում են ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհային դերակատարումը վերցնել, բայց մենք դրան դեմ ենք»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Սահակյանը:
Պարոն Սահակյանը նաեւ բացատրեց` արմատական փոփոխություններ ասելով նկատի չունեն կառավարության կազմը փոխելը. «Ռադիկալ փոփոխությունները վերագրել կառավարությանը կամ պաշտոններին, անիմաստ եմ համարում: Փոփոխությունները պետք է գնալ այն ուղղությամբ, ինչը պահանջում է այսօր ժողովուրդը… բացի դրանից, շատ հնարավոր է, որ քաղաքական ուժեր լինեն, որոնք մասնակից լինեն այդ ծրագրերի իրականացմանը»:
Հարցին՝ ՀՀԿ-ի համար կա՞ ուժեղ մրցակից ավագանու ընտրություններին ու նախագահական ընտրությունների նույն վստահությունը, թե մյուսները պայքարելու են 2-րդ տեղի համար, այս անգամ ՀՀԿ-ն ունի՞. «Մենք չենք ասում, որ Աստծո թեւերով եկել ենք ու հրեշտակապետություն ենք ստեղծելու: Բոլորն էլ ուժեղ մրցակիցներ են, ողջունում են, որ ավելի համակարգված է գնում ավագանու ընտրություններն այս պահին»:
Կարդացեք նաև
Պարոն Սահակյանը, անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի պահանջին` Սյունիքի մարզպետի հրաժարականի վերաբերյալ, ասաց. «Այ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ մեկը ունենա այսօրվա կուսակցությունից, այդ 4-5 հոգու մեջ, որ կկարողանան Սյունիքի մարզպետ աշխատել, այդ ժամանակ հավանություն կտայի Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ