Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրգործով հերթական նիստը: Հիշեցնենք, որ կազմակերպված խումբը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներ է գործել:
«Բանդայի գործով» հերթական դատական նիստին ներկա էր երկու վկա, նրանցից մեկը` Ալբերտ Մաթոսյանը, այսօր դատարանին պատմեց, որ ճանաչում է ամբաստանյալ Դավիթին. «Նրա հետ հանդիպել եմ երկու անգամ: Նախանցյալ տարվա օգոստոսի վերջին զանգեց ինձ, ես անշարժ գույքի գործակալ եմ, առանձնատան վերաբերյալ խոսեցինք, նա ուզեց տեսնել այն: Ինձ վրա դրական տպավորություն թողեց, հանդիպեցինք, իրենք երեքով էին, հավանեցին տունը, բայց ասացին՝ մի հատ էլ բնակարան կա, դա էլ կտեսնեն ու էլի կզանգեն: Ավելի ուշ զանգեցին, ասացին, որ հանդիպենք, հաջորդ օրը հանդիպեցինք՝ տունը տեսան, վարձակալեցին: Այս ամենից հետո նրան չեմ տեսել, մինչեւ հայտնի դեպքերը: Տան համար վճարեց Գուրգենը, ասաց, որ տունը իր համար է, նա վճարեց 800 դոլար՝ մեկ ամսվա վարձը բնակարանի համար եւ 200 դոլար ինձ: Հայկի անունը իմացել եմ պայմանագիրը կապելու ժամանակ, երբ նա իր անձնագիրը տվեց: Չգիտեմ, թե ինչու Դավիթի անունով պայմանագիր չկնքեցին: Իսկ Դավիթի անունը իմացել եմ քննիչից, երբ նա լուսանկար ցույց տվեց ինձ, սեղանին երկու, կամ երեք նկարներ էին դրված, դրանց միջից ճանաչեցի հենց նրան»:
Վկան չհիշեց, թե օգոստոսին իր հետ հանդիպման ժամանակ Դավիթի հագին ինչ էր, սկզբում նա ասաց, թե Դավիթը «դուբլյոնկայով» էր, ապա հասկացավ, որ ամռանը նա չէր կարող ձմեռային հագուստով լինել:
Վկան նաեւ նշեց, որ երբ իրեն զանգել է Դավիթը, չի ֆիքսվել նրա հեռախոսահամարը, քանի որ փակ համարով է զանգել:
Կարդացեք նաև
Ալբերտ Մաթոսյանն իր ցուցմունքով հավելեց, որ երբ Դավիթենք հանդիպեցին տան տիրուհու հետ, նա ցույց տվեց նրանց տունը, հավանեցին, ապա ասացին, որ ապրողը պիտի Գուրգենը լինի, իսկ տիկին Անահիտը համաձայնեց վեց ամսով տունը տրամադրել Դավիթին:
«Սեպտեմբերին ինձ զանգեց տան տիրուհին՝ տիկին Անահիտը, ասաց, որ ոստիկանությունն իրենց տանն է եւ իրեն կանչել են այնտեղ: Մենք, կարելի է ասել, բարեկամական հարաբերությունների մեջ ենք տիկին Անահիտի հետ: Հետո երեկոյան նա զանգեց ու ասաց, որ իրեն հարցաքննել են»:
Այս գործով մեկ այլ վկա Լեւոն Ավագյանը ամբաստանյալներից ոչ մեկին չճանաչեց, նա անհասկանալի ցուցմունք տվեց, պատմելով, որ իր ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանները, խոսեցրել ու լավ չի հիշում, թե ինչ է եղել, հիշում է միայն այն, որ իրեն ոստիկանները խնդրել են օգնել ու թե նախկինում ինչ է ինքն ասել կամ գրել՝ չի հիշում. «Ասացին, որ գործողություն է իրականացվելու եւ ես պիտի ներկա լինեմ, դա Նալբանդյան փողոցում էր, ինչ- որ մեկին բռնել էին… Ասացին՝ կես ժամվա գործ է, բայց շատ տեւեց: Գիշերը ժամը 12-ից ուշ էր: Այնտեղ, ինձնից բացի, եւս մեկ հոգի կար, էլի պատահական մարդ էր… Ոստիկանները մեկ հոգու էին բռնել: Ոստիկանները ստուգում էին այդ մարդու գրպանները, հեռախոսն էին հանել ու մի թղթի կտոր էր մոտը, փաթաթված, չգիտեմ, թե դրա մեջ ինչ էր: Հնարավոր է նաեւ դանակ լիներ, եթե ծիծաղելու բան լիներ, օրինակ՝ ռագատկա` հաստատ կհիշեմ, ատրճանակ նրա մոտ չկար: Այն թուղթը, որը գրպանից հանեցին, հանելուց հետո նա ոստիկաններին ասաց, որ դա իրենը չի: Թե որ գրպանից են հանել, ես չգիտեմ, չեմ տեսել, ես միայն սեղանին դրված եմ տեսել այդ փաթաթված թուղթը»:
Լեւոն Ավագյանը նաեւ նշեց, որ մեկ ագամ էլ իրեն Նալբանդյան փողոցի քննչականից են կանչել. «Այնտեղ ես ասել եմ, որ այդ փաթաթված թուղթը տեսել եմ այնտեղ սեղանին դրված, բայց չեմ տեսել, որ դա հանեն նրա գրպանից, ու այդ փաթեթը իմ ներկայությամբ չի բացվել: Թղթի գույնը չեմ հիշում»:
Վկա Լեւոն Ավագյանը նաեւ հայտնեց, որ իրեն, որպես ընթերակայի, իր իրավունքները չի բացատրվել,իսկ ավելի կոնկրետ՝ շատ կարճ է բացատրվել. «Ոստիկանները, որոնք մոտեցան ինձ, այնքան էլ բարեհամբույր չէին»: Նա նաեւ նշեց, որ իրեն երբ կանգնեցնում են ոստիկանները ու երբեք նրանք չեն փայլել իրենց բարությամբ, իսկ երբ դատավոր Պապոյանը նրան հարցրեց, թե ինչ նկատի ունի վկան, ասելով, որ ոստիկանները երբեք իր հանդեպ բարեհամբույր չեն եղել, նա պատասխանեց. «Հա, օրինակ, մի քանի օր առաջ էլ տեսա, թե ոնց են Օպերայի մոտ մարդ ծեծում…»:
Դատավորը ընթերցեց Լեւոն Ավագյանի տված նախնական ցուցմունքը, Ավագյանին ներկայացրեց իր այսօրվա եւ նախկին ցուցմունքի տարբերություններն ու հակասությունները: Այսպիսով, ըստ դրա`նա տեսել էր իրեն անծանոթ Արման Ալբերտի Դալլաքյանին, որի տաբատի աջ գրպանից հայտնաբերվել էր բջջային հեռախոս, ծալվող դանակ, եւ թափանցիկ փաթեթ, որի մեջ մուգ շագանակագույն զանգված էր, որն էլ ոստիկանները կշռել են, կնքել: Այս ամենը Ավագյանը բացատրեց հետեւյալ կերպ`«բավականին ժամանակ է անցել, ես չեի հիշում, այդ փաթեթը իմ մեջ տպավորվել էր որպես թղթի կտոր, իսկ հիմա հիշեցի, որ կարծես թե սիգարետի տուփի վրայի ցելոֆան լիներ»:
Քյարամ Ամոյանի մոտ առաջացած հիվանդությունը հոգեբուժական բնույթի է, ինչը վկայել է բժիշկը, այս փաստը ներկայացնելով՝ նրա պաշտպանը միջնորդեց պարզել, արդյոք կարո՞ղ է նա իր ներկա հոգեկան վիճակով պատիժ կրել, նաեւ այն, որ երբեւէ նա տառապել է հոգեկան հիվանդությամբ, թե դա ձեռք է բերել այս դեպքերի հետ կապված… Մեղադրող կողմը չառարկեց թույլատրել Քյարամ Ամոյանի նկատմամբ իրականացնել բժշկական հետազոտություններ:
Դատարանը որոշեց ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության մասին Քյարամ Ամոյանի պաշտպանի միջնրդությունը բավարարել:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 18-ին, ժամը 12:00-ին
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ