Այսօր Սահմանադրական դատարանը սկսեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությունը: Սահմանադրական դատարանում հանդես են եկել արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանն ու Զարուհի Փոստանջյանը: Դրան հետեւել է հարցուպատասխանը: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանին հարցեր են տվել ՍԴ անդամներ, զեկուցողներ:
Այս գործով զեկուցողներ են Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը, Աշոտ Խաչատրյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը: Կարեն Մեժլումյանին հարցերը, որը պատրաստվում էր տալ պատասխանող, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից, ընդհատվեց եւ կշարունակեն ժամը 14.30-ին:
Դատելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցերից, ենթադրվում է, որ խոսք կգնա հիմնականում դիմումատուի ներկայացուցչի կողմից մատնանշված ապացույցների պատշաճության, զինված ուժերում ընտրությունների կազմակերպման ,իրավապաշտպան կառույցների գնահատականների (մասնագիտակա՞ն, փորձագիտակա՞ն եզրակացություններ են…) եւ ԿԸՀ-ի գործունեությանն առնչվող հարցերին: Տեղեկացնենք նաեւ, որ Զարուհի Փոստանջյանի եւ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի միջեւ կարճատեւ վեճ տեղի ունեցավ, մասնավորապես այն կապված էր Ֆելիքս Թոխյանի կողմից Կարեն Մեժլումյանին տված հարցերի հետ: Զ. Փոստանջյանը անթույլատրելի համարեց հարցադրման այդ ձեւը, այն գնահատելով որպես կարծիք եւ ոչ թե հարց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հ, Գ. Հիշեցնենք, որ ՍԴ-ում տեղի ունեցող քննությանը կարող եք հետեւել «Առավոտի» ուղիղ եթերում: