Խորհրդարանի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթանն այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում խոսեց Բունդեսթագի նախագահի Հայաստան կատարած այցի արդյունքներից: Հիշեցնենք, որ Բունդեսթագի նախագահը Հայաստանում էր մարտի 5-7-ը:
Արտակ Դավթյանը այդ այցը կարեւորեց այն առումով, որ այցը տարածաշրջանային չէր ու ինչն էլ, ըստ բանախոսի, բավականին կարեւորում է մեր հանրապետության դերը: Քանի որ Գերմանիան նաեւ Եվրոպայի հզորագույն, այդ թվում նաեւ տնտեսապես, երկրներից է, Արտակ Դավթյանը պարոն Լամերտի այցը կարեւորում է: Կա նաեւ երրորդ հանգամանքը, Բունդեսթագի նախագահի այցը Հայաստան համարյա նախորդեց Գերմանիայի կանցլերի Թուրքիա կատարած այցին: Սա, ըստ Դավթյանի, Գերմանիայի կողմից Հայաստանի դերի ընդգծում է:
Արտակ Դավթյանն այցը կարեւոր է համարում նաեւ խորհրդարանական հետագա համագործակցության տեսանկյունից: Կավելանան հայ խորհրդարանականների այցելությունները Բունդեսթագ, այնտեղ կհնչի նաեւ հայկական տեսակետը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Գերմանիայում թուրքական համայնքն ազդեցիկ է ու այդ մասին քանիցս նաե ԲՀԿ խմբակցության քարտուղարն է ասել, մինչդեռ հայկական համայնքն այնտեղ կազմակերպված չի աշխատում, հետեւաբար տեղեկատվական բաց է առաջանում, բանախոսն ասաց, որ հայ խորհրդարանականների հաճախակի այցելությունները կլրացնեն նաեւ այդ բացը:
Կարդացեք նաև
Ի դեպ, նա եւս ընդգծեց, որ թուրքական կողմը աղավաղված փաստեր է հրապարակում եւ տարածում: Բայց, քանի որ Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները պատմության որոշակի հատվածում նույնիսկ դաշնակցային են եղել, Գերմանիայում մեր 50 հազարանոց համայնքը չի կարող միայնակ էական բաներ անել: Ըստ բանախոսի, Հայաստանը պետք է բոլոր խողովակներն օգտագործի, հետագայում հայկական տեսակետը հասցնելու ու արդյունքներ գրանցելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ