Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքը միայն իրենը չէ

Մարտ 11,2013 13:43

Երեկ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց հացադուլի մասին  եւ սպառնաց, թե Սերժ Սարգսյանը միայն իր «դիակի վրա» կարող է երդվել: Րաֆֆի Հովհաննիսյանին առաջինը զորակցություն հայտնած մտավորականներից է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Նա հացադուլ հայտարարած քաղաքական գործչին երեկ այցելել է որդու հետ:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Բաբայանը նշեց. « Իմ երեկվա այցը զուտ մարդկային քայլ էր, մի անձնավորության հանդեպ, որը հայտարարում է հացադուլ եւ դրանով իսկ պատրաստվում է իրեն վնաս հասցնել: Ընդ որում, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնի է որպես շատ սկզբունքային եւ խոսքի տեր մարդ: Ինչ-որ տեղ համոզված լինելով, որ գուցե նրա այդ քայլն անարդյունք է, երեկ փորձել եմ խնդրել, որ հետ կանգնի այդ քայլից, որովհետեւ արդեն այն վիճակն է, երբ իր անձնական կյանքը չի պատկանում միայն իրեն, մարդիկ հույսեր ու սպասելիքներ ունեն իր հետ կապված: Չէի ուզենա, որ հացադուլը ցավալի հետեւանքներ ունենար իր համար: Ես մեծ համակրանքով եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ նա այն հազվագյուտ քաղաքական գործիչներից է, ում կյանքում մշակույթը մեծ տեղ է զբաղեցնում: Եթե մարդու կյանքում մշակույթը մեծ տեղ է զբաղեցնում, այդ մարդն արդեն վստահություն է ներշնչում:

Ի դեպ, Ազատության հրապարակ գնացի տղայիս հետ: Դա նաեւ տղայիս համար էր փոքրիկ դաս, որովհետեւ լինում են պահեր, որ պետք է ցույց տալ ոչ թե քաղաքական աջակցություն, այլ զուտ մարդկային: Բոլոր դեպքերում ե՛ւ քաղաքականությունը, եւ ամեն ինչը իմաստավորվում է միայն այն ժամանակ, եթե հիմքում մարդասիրություն կա: Մարդասիրություն պահանջելով ուրիշներից, նախ ինքներս պիտի այն դրսեւորենք»:

Ճանաչված մշակութային գործիչը այն համոզումն ունի, որ եկել է պահը եւ տեղը, որպեսզի Սերժ Սարգսյանն ինչ-որ բան փոխի. «Եթե ՀՀ նախագահն ուզում է ինչ-որ բան փոխել, սրանից լավ առիթ՝ ազատվելու այլանդակային շրջապատից եւ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, էլ չի ընձեռվի: Ժողովուրդն էլ այդ փոփոխությունները լավ կընդունի»:

Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, ընտրությունները փաստեցին, որ մարդիկ այլեւս չեն ուզում համակերպվել իշխող վիճակի հետ. «Եթե կա ոգեւորություն եւ փոփոխությունների սպասելիք, ապա դա պետք է անպայման օգտագործել: Իսկ փոփոխություններ կարելի է կատարել միայն այն դեպքում, երբ ունես ժողովուրդ, որը ուզում է այդ փոփոխությունները, հակառակ դեպքում կունենանք եւս մեկ անգամ հիասթափված հասարակություն, ինչն արդեն մեծ ողբերգություն կլինի: Ի դեպ, զուտ փոփոխությունների եւ սպասելիքների տեսակետից ամեն ինչ չեմ ուզում կապել հենց Րաֆֆի Հովհաննիսյանի անվան հետ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. RMH says:

    Հարգելի պարոն Բաբայն: Առաջին անգան չէ, որ հանդես եք գալիս ազնիվ մտավորականի ու հայրենասեր քաղաքացու կեցվածքով: Շնորհակալություն: Սակայն մենք բոլորս ոչ միայն բարոյական զորակցության կարիք ունենք, այլ նաև կոնկրետ գործողությունների: Այլևս Հայրենիքի լինել չլինելու հարցն է դրված: Խնդրում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ մեր մյուս ազնիվ մտավորականներին գործել, կատարել կոնկրետ քայլեր: Կհարցնեք թե ինչ քայլեր … կպատասխանեմ – ՉԳԻՏԵՄ: Բայց այլևս պետք է գործել: Անհնար է լսել երիտհանրապետականների բարբաջը:

  2. Նազիկ says:

    Զարմացած եմ,ցնցված,որ պ.Բաբայանը համարձակվել է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:Քայլը ողջունելի է,ուսանելի անտարբեր կամ էլ վայ-արվեստագետների համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031