Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը «նոկաուտի» մեջ է

Մարտ 11,2013 13:29

Նա գտնում է, որ գուցե մենք արժանի չենք Րաֆֆի Հովհաննիսյանի զոհաբերությանը

«Նոկաուտի մեջ էի ընկել»,- այսօր «Հայելի» ակումբում քննարկելով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը միավորի ընդդիմությանը՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Միավորմանը չեմ հավատում: Չեմ հավատում, որ Րաֆֆու այդ քայլը կարող է միավորել բոլորին: Անկեղծ ասած, այդ միավորման մեջ մարդիկ կան, որոնց չեմ ուզում տեսնել»:

Հարցին՝ առաջին հետընտրական հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այլեւս չի լինելու հացադուլ, ինչո՞ւ ուրեմն կրկնեց իր քայլը, ի՞նչն է փոխվել «Ժառանգության» մարտավարության մեջ՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ինքը չի ասել կոնկրետ, որ հացադուլ չի լինելու, ասել է՝ ինչ նախկինում եղել է՝ էլ չի լինելու: Իսկ հիմա ինքը չի ասել հացադուլ մենակ, ասել է՝ ստադուլ, կեղծիքադուլ, վախադուլ: Մի՞թե հասկանալի չի, հասկանալի է՝ մարդը ինչ է ասում: Ասում էր՝ միայն իր դիակի վրայով: Ինքը պատրաստ է բոլորիս համար զոհաբերել իրեն, որի համար ես ցավ եմ զգում, որովհետեւ ինձ թվում է՝ մենք արժանի չենք նման բանի»:

Նա բանավիճում էր ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

Անահիտ Բախշյանը նկատեց, որ «Սերժ Սարգսյանը, երբ ՀՀԿ-ն պետք է դառնար ԵԺԿ անդամ, ասում էր, որ խորհրդարանում պետք է լինեն միայն քաղաքական գործիչներ: Եղա՞վ: Չեղավ, որովհետեւ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները փուչիկի պես պայթեցին»:

«Ինչի՞ չեղավ»,-ի պատասխան ասաց Սուքիաս Ավետիսյանը եւ ծիծաղեց:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ դուք, լինելով Շիրակի մարզից, որտեղ Սերժ Սարգսյանին չհաջողվեց «թվեր խփել», երբ Գյումրիում աղքատ, սոված երեխա եք տեսնում, ի՞նչ եք զգում, մեղավոր չե՞ք զգում: Նա պատասխանեց. «Որպես մարդ լավ չեմ զգում եւ գտնում եմ, որ այդ խնդիրները շուտափույթ լուծման կարիք ունեն: Բնական է, մեղավոր եմ զգում, որովհետեւ այս տարիների ընթացքում եղել եմ պատգամավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդրվել են, համենայնդեպս, վերջնական արդյունքի չեմ հասել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031