ՀՀԿ եւ «Ժառանգության» անդամները վերլուծում են Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հայտարարությունը
«Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան է ասում. ասում է տվեք մեզ իշխանությունը, թող նախագահը հրաժարական տա»,- այսօր «Հայելի» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունն այսպես մեկնաբանեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը նրան ուղղեց՝ «Մեզ չի ասում, ասում է տվեք իշխանությունը ժողովրդին, վերադարձրեք»:
Սուքիաս Ավետիսյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանի թիմը «860 հազար ձայն է բերել նրան, 500 հազար մարդ էլ ձայն է տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմի դրա համար բնական է, որ արդեն երբ որ նախագահը կստանձնի իր լիազորությունները, կգնա թիմային փոփոխությունների: Կարող է 1-2 փոփոխություններ լինեն, կարող է նույն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրած խնդիրները հաշվի առնեն: Ինչի՞ չեք ուզում սպասել»:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյանի դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն 3 պայման է առաջարկել Սերժ Սարգսյանին, երեքն էլ մերժվել են՝ Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց, որ դրանք հակասում էին Սահմանադրությանը. «Մենք ուսումնասիրել ենք այն տեղամասերը, որտեղ «Ժառանգությունն» ունեցել է հանձաժողովի նախագահ եւ քարտուղար եւ այստեղ ձայների համադրությունը նույնն է, ինչ մյուսներում, տոկոսային հարաբերակցությամբ ձայները նույնն են»:
Ըստ Անահիտ Բախշյանի, «ՍԴ-ում տեսնեք այդ բոլոր թվերը հատ-հատ եւ կտեսնեք՝ նո՞ւյնն է»:
Մինչ այս, երբ հացադուլ էին անում մարդիկ, իշխանությունը որեւէ կերպ չի արձագանքել: Հարցին՝ հիմա երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն հացադուլ է անում, կարո՞ղ է այս անգամ հանդիպեն, արձագանքեն՝ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Անդրիաս Ղուկասյանը նախընտրական հացադուլ էր անում: Ի՞նչ էր ուզում: Ինքը խոսում էր շինծու ընտրություններից: Թող հացադուլ չաներ, ունենար 1958 մարդ, տեղամասերում մեզ հետ միասին ընտրությունները անցկացնեիք: Մենք գտնում ենք, որ նորմալ ընտրություն ենք անցկացրել: Եթե մարդը ընդհանրապես չի մասնակցել, տեղյակ չէ ընտրություններից, ուրեմն ես կարծում եմ՝ նա պիտի բարոյական լինի, էդ ընտրություններից չխոսի»:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին արձագանքելուն՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Կարող է հրավիրեն Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպում ունենալու՝ եւս մեկ անգամ իր առաջադրած խնդիրները քննարկելու: Թե որտեղ՝ չեմ կարող ասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ