«Ես 2008-ին ունեցել եմ այն միտքը, թե ինչո՞ւ ինչ-որ մեկը դահլիճից վեր չի կենում ու ասում միջազգային դիտորդներին, որ դուք սուտ եք խոսում, որ ընտրությունները կեղծվել են: Հինգ տարի հետո ես այդ հարցը ինձ էլ չտվեցի, ինքս արեցի դա»,- «Մեդիալաբին» պատմում է ընտրություններից հետո յուրահատուկ քայլով իր բողոքն արտահայտած Լենա Նազարյանը` անդրադառնալով բողոքի ակցիայի օրվան:
Փետրվարի 19-ին, մինչ Հայաստանում նախագահական ընտրություններից մեկ օր անց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները տեղական և միջազգային լրագրողների հետ խոսում էին հերթական «քայլ առաջ» ընտրությունների մասին, մի քանի երիտասարդներ «Բեկում» ակումբի նախաձեռնությամբ անսպասելիորեն մտան մամուլի սրահ:
Չնայած խոչընդոտներին` ուղերձը ձեռքին՝ 29-ամյա Լենա Նազարյանը, համարձակ ու հաստատակամ, կանգնում է տեղական, միջազգային լրատվամիջոցների ու դիտորդների առջև և բարձրաձայնում այն, ինչը շատերը չէին էլ պատկերացնում, որ հնարավոր է անել:
«Գիշերն ինձ զանգեց ընկերներիցս մեկը և ասաց, որ նման բան են որոշել, քանի որ սպասելի էր, որ հերթական անգամ միջազգային դիտորդները ստանդարտ և իրականությանը չհամապատասխանող գնահատականներ են հնչեցնելու»,- պատմում է Լենա Նազարյանը:
Կարդացեք նաև
Նա որոշում է իր վրա վերցնել պատասխանատվությունը՝ ուղերձով հանդես գալու և «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում միջազգային դիտորդների զեկույցին միջամտելու, նրանց «քաղաքական տուրիստներ անվանելու, որոնք լեգիտիմացնում են կեղծված ընտրությունները և ոտնահարում հենց այն ժողովրդավարական արժեքները, որոնք իրենք են որդեգրել»:
Երիտասարդ, նրբակազմ, բայց հաստատակամ և իրավագիտակից քաղաքացի Լենան մասնագիտությամբ լրագրող է: 2008-ից սկսել է զբաղվել քաղաքացիական ակտիվիզմով, ընդգրկվել տարբեր բնապահպանական ակցիաներում և նախաձեռնություններում:
Փետրվարի 18-ին ինքն էլ ներգրավված էր «Եվրոպայի իրավունքի միավորում» կազմակերպության դիտորդական առաքելության մեջ: Պատմում է, որ ընտրությունների օրը որպես դիտորդ աշխատել է Արտաշատ քաղաքի ընտրատեղամասերում:
«Ես համաձայնվեցի ու համոզվեցի, որ դիտորդական աշխատանքով հնարավոր է ընտրատեղամասում իրավիճակը փոխել»,- ասում է Լենան:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ