«Այսպես կարող էր վարվել կրոնական գործիչը, քարոզիչը, բայց ոչ քաղաքական գործիչը: Սա ամեն ինչ է, բայց ոչ քաղաքականություն, այն զուրկ է քաղաքական բովանդակությունից»,-Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը` այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլ է անում: Պարոն Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ կազմելու են ազգային համաձայնության իրենց վարչակարգը:
Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ Ր. Հովհաննիսյանի շարժումն իր առջև ոչ թե քաղաքական նպատակներ է դնում, այլ լոզունգներ, իսկ դրանք հատկություն ունեն չիրականանալու:
Իսկ թե ի՞նչ իրավիճակի կարող են հանգեցնել կատարվող քայլերը, Ռ. Մեհրաբյանը դժվարացավ կանխատեսել ու նշեց. «Իշխանությունն էլ այս ամենի նկատմամբ ադեկվատություն չի դրսևորում: Փաստ է, որ կա հասարակական դժգոհություն և դրա հետ ինչ-որ բան է պետք անել: Ինչ վերաբերում է ընդդիմության հացադուլերին, մեկին մյուսին, ապա ես կարող եմ ասել, որ մենք այստեղ գործ ունենք երկուստեք ոչ ադեկվատության հետ, և սա վտանգավոր է նրանով, որ պարարտ հող է ստեղծում, որ ապաքաղաքական, հակաքաղաքական ուժերը այս պղտոր ջրում փորձեն բռնել իրենց ձկներին: Դրանք ուժեր են, որոնք չեն թաքցնում, որ համամիտ են Պուտինի գաղափարին: Իսկ դա ՀՀ-ի ստրկությունն է: Այդ հինգերորդ շարասյունին մեծ հնարարավորություն է տրվում ամեն ինչ վերցնել իր ձեռքը, քանի շարունակվում է իշխանության և ընդդիմության ոչ ադեկվատությունը: Ուստի ժամանակն է արդեն խելքի գալ»:
Կարդացեք նաև
Լրագրող, փորձագետ Թաթուլ Հակոբյանն էլ կարծում է, որ Ր. Հովհաննիսյանը անում է քաղաքական գործչին վայել քայլեր, որոնք ՀՀ Սահմանադրության և օրինականության շրջանակներում են: Այնուհետև հավելում. «Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների մի ստվար հատված, համոզված է, որ հերթական անգամ ՀՀ-ում կեղծվել են ընտրությունները, ինչպես 1996-ին, 2003-ին, 2008-ին: Եվ նա թերևս առաջին անգամ ոչ ուժային ճանապարհով` հացադուլի միջոցով, իսկ այն պայքարի ծայրահեղ ձևերից մեկն է, ուզում է ասել, որ ժամանակն է` ՀՀ-ն ունենա ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե նախագահ: Նա ասում է, որ ՀՀ նախագահը չպետք է կեղծ երդում տա Սահմանադրության և Աստվածաշնչի վրա: Ր. Հովհաննիսյանի քայլերը համարժեք են ստեղծված իրավիճակին, ավելին, կարծում եմ, որ այն, ինչ անում է, անկախ նրանից` ինչ հեգնանքի, ծաղրանքի, ինչ արձագանքի է արժանանում, նա անում է քաղաքական գործչին վայել քայլեր` օրինականության և Սահմանադրության շրջանակներում»:
Հարցին` արդյոք Ր. Հովհաննիսյանի քայլերը համոզի՞չ են, Թ. Հակոբյանը պատասխանեց. «Ր. Հովհաննիսյանի հետ վերջին տասը օրվա ընթացքում որպես լրագրող շրջեցի: Այդ հանդիպումների ժամանակ զգացի, թե ինչ մեծ ժողովրդականություն է վայելում նա: Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, որին կոպիտ թվերով հանրության 50 տոկոսը սիրում է, 50-ը ատում, Ր. Հովհաննիսյանի նկատմամբ կա բացառապես դրական տրամադրվածութուն: Նա համարում է, որ իրեն ՀՀ քաղաքացիները ձայն են տվել և ասում, որ պատրաստ է մինչև վերջ պայքարել: Այս խաղաղ կռիվը Րաֆֆիի կռիվը չէ, այլ ՀՀ ընտրողների կռիվն է իշխանությունների և գործող նախագահի դեմ, որոնք ասում են, որ հերիք եղավ, չենք ուզում հերթական անգամ ունենալ կեղծված ընտրություններ: Ր. Հովհաննիսյանի քայլերը ազնիվ, ընկալելի, արդարացված և հենց քաղաքական քայլեր են»:
Թ. Հակոբյանը նաև նկատեց. «Այսօր ՀՀ-ում նկատվում է իշխանության երկու բևեռ`մեկը Բաղրամյան 26-ը, մյուսը` Ազատության հրապարակը: Մյուս քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, «Օրինաց երկիրը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, եթե հայտարարում են, որ ժողովրդի կողքին են, պետք է նկատել, որ ժողովրդի կողքին լինելը անհասկանալի ձևակերպում է: Այդ կուսակցությունները պիտի հստակ հայտարարեն` իրենք ընդունո՞ւմ են փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները, ո՞ւմ կողքին են կանգնած: Շատ բան որոշվելու է Ազատության հրապարակում, որքան շատ մարդ լինի այնտեղ, այնքան Ր. Հովհաննիսյանի դիրքերը իշխանության հետ պայքարում ավելի ուժեղ են լինելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այնպիսի տպավորություն է, որ ,,ժողովուրդ,, ասվածը ամեն մի կուսակցություն իր շահերի հետ է համադրում……,,ժողովուրդը,, հայ ազգն է, որ ընդվզում է….ժողովրդի ,,կողքն,, էլ անտարբերների տեղն է…..Ձեզ ժողովրդի մի մասնիկ զգացեք մի պահ……