Վերջին շրջանում, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Լոռու մարզում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է արձանագրվել, բուժհաստատություններ դիմելիության թիվը եւս աճել է:
Այդ մասին Aravot.an-ի հետ զրույցում ասում է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը` նշելով, որ համակարգն ամբողջությամբ ուղղված է վարակի դեմ պայքարին:
«Մարզում, ինչպես ամբողջ ՀՀ-ում լարվածությունը կա, դիմելիությունը բարձր է, համակարգն ամբողջությամբ ուղղված է դրա դեմ պայքարին»,-նշում է Սամվել Լամբարյանը` հորդորելով բնակչությանը հիվանդության առաջին իսկ նախանշանների դեպքում ոչ թե ինքնաբուժմամբ զբաղվել, այլ դիմել բժշկի օգնությանը:
«Վիճակն այդքան էլ տագապալի չէ, ուղղակի առաջին նախանշանների դեպքում պետք է դիմել թաղամասային կամ ծանոթ բժշկի օգնությանը, նրա խորհրդին, ինքնաբուժմամբ պետք չէ զբաղվել, քանի որ ինքնաբուժումը միշտ ավելի ծանր հետեւանքներ է առաջացնում, բոլոր ծանրացած դեպքերում ինքնաբուժմամբ զբաղված մարդիկ են»,- նկատում է վարչության պետը` մանրամասնելով, որ անտիբիոտիկների, դեղերի անտեղի օգտագործումը եւս վնասակարար է, քանի որ դրանց չափից շատ օգտագործումը հանգեցնում է իմունիտետի թուլացման:
Կարդացեք նաև
«Այս ընթացքում մենք 2- 3 ծանր դեպք ենք ունեցել, որ ուղեգրել ենք Երեւան` վերակենդանացման: Նրանց վիճակն այսօր բավարար է: Միջին տարիքի մարդիկ էին, չափից շատ բաց թողած, ծանրացած վիճակում էին, ժամանակին չէին դիմել բժշկի: H1N1 (խոզի գրիպ) նրանց մոտ չի հայտնաբերվել: Միջին ծանրության հիվանդ ունեինք Սպիտակում, ում մոտ նույնպես կասկածում էինք, բայց լաբորատոր հետազոտությամբ H1N1 –ը, բարեբախտաբար, չհաստատվեց»,- վերջին շրջանում մարզում առկա հիվանդացածությունների մասին է պատմում Սամվել Լամբարյանը` ընդհանրացնելով, որ մարզում առկա սուր շնչառական հիվանդությունները սեզոնային ակտիվացման բնույթ են կրում:
«Ընդամենը պետք է չտագնապել եւ ժամանակին դիմել բժշկի, ընդունել վիտամիններով հագեցած սնունդ»,-եզրափակում է նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ