Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության համար ամբաստանվողը «Ցայգ»-ի դեմ դատական հայց է ներկայացրել

Մարտ 11,2013 11:59

Ըստ media.am-ի,  գյումրեցի Հարություն Սարգսյանն, ով ամբաստանվում է Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, հայց է ներակայացրել «Ցայգ» հեռուստաընկերության դեմ:

Հարություն Սարգսյանի համոզմամբ, 2012թ-ի դեկտեմբերի 27-ին «Ցայգի» «Ազդարար» լրատվական ծրագրի թողարկման ժամանակ հեռուստաընկերությունը տարածել է հայտարարություն, որն իր մեջ պարունակում է մի շարք վիրավորական եւ միեւնույն ժամանակ իր բարի համբավն արատավորող արտահայտություններ:

Սարգսյանը պնդում է, որ «Ցայգը» փորձել է միտումնավոր բացասական տպավորություն ստեղծել իր վերաբերյալ՝ կատարելով հայտարություններ, որոնք իրենց բովանդակությամբ ուղղված են արդարադատության դեմ:

Մասնավորապես «Ցայգ» հեռուստաընկերությունը տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած «…Հարություն Սարգսյանը Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում առանձնակի դաժանությամբ սպանել էր Գյումրու նախկին քաղաքապետի դստեր նշանած Կարեն Եսայանին…» արտահայտությամբ իրեն  մարդասպան անվանելով, նախ եւ առաջ խախտում է ՀՀ սահմանադրության 21-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հարություն Սարգսյանը դատարանից պահանջում է վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել պատասխանող «Ցայգ» հեռուստաընկերությանը  հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ նրանից հօգուտ իրեն բռնագանձել 100.000 դրամ վիրավորանք հասցնելու համար եւ 200.000 դրամ զրպարտելու համար:

Աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել 2012թ-ի ապրիլի 12-ին: Այդ օրը, ժամը 15-ին պիտի տեղի ունենար Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի եւ 2009թ-ից ԱՄՆ բնակության տեղափոխված, գյումրիի բնակիչ Կարեն Եսայանի նշանադրության արարողությունը: Ապրիլի 12-ի առավոտյան Կարեն Եսայանը գնացել էր ավտոլվացման կետից մեքենան վերցնելու եւ անհետացել էր: Նրան հայտնաբերել էին երեկոյան ժամը 19-ի սահմաններում, Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում՝ սպանված: Կարեն Եսայանին սպանել էին աչքին ուղղված մեկ կրակոցով: Սպանության կասկածանքով ձերբակալվել էր Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը:

Կարեն Եսայանի սպանութայն մեջ մեղադրվող երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել Քրեական Օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն եւ 188 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ձեռնարկատիրություն: Մեղադրանքի ծավալից հետագայում հանվել էր քր. Օրենսգրքի 235 հոդվածով մեղադրանքը՝ ապօրինի զենք կրելու, պահելու վերաբերյալ:

2012թ-ի դեկտեմբերի 27-ին նշանակված դատական առաջին նիստը հետաձգվել էր եւ նշանակվել 2013թ-ի հունվարի 15-ին: Լուրը տեղ էր գտել «Ցայգի» եթերում եւ կայքում: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանին եւ նրա հարազատներին վրդովվեցրել էր «Ազդարարի» եթերում հնչած «…առանձնակի դաժանությամբ սպանել…» արտահայտությունը:

Սարգսյանները դեկտեմբերի 27-ի երեկոյան զանգահարել են «Ցայգ» հեռուստաընկերություն եւ պահանջել կամ ուղղել, կամ եթերից հանել լուրը:

«Ազդարար» լրատվականի տնօրեն Նարա Մելքոնյանի փոխանցմամբ 31.12.2012թ-ին tsayg.am կայքումուղղում է դրվել, որտեղ պարզաբանում է տրվել, որ «առանձնակի դաժանությամբ սպանել» ձեւակերպումը չի համընկնում «Ցայգ» հեռուստաընկերության տեսակետների եւ կարծիքների հետ, այլ վերցված է Կարեն Եսայանի ծնողների կողմից 2012թ-ի սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահին հասցեագրված նամակից: «Ցայգ»-ում ուղղումն ավելի շուտ չեն կարողացել անել, որովհետեւ դեկտեմբերի 29-ին եղել է «Ազդարար» լրատվականի տոնական-ամփոփ թողարկումը, դրանից հետո հեռուստատեսային լուրեր չեն հեռեարձակվել,   արձակուրդ է եղել: Կայքը աշխատել է, դրա համար էլ պարզաբանումը տեղ է գտել միայն այնտեղ:

Հայցվոր կողմի համոզմամբ՝ հեռուստաընկերությունը պիտի հստակ կարողանար տարանջատել, թե որն է պաշտոնական տեղեկատվությունը եւ որը՝ սուբյեկտիվ կարծիքը: Նրանց կարծիքով, եթե լրատվամիջոցը միտումնավորություն չի տեսնում իր գործողություններում, ապա գոնե «առանձնակի դաժանությամբ»-ը օգտագործելիս պետք է հղում աներ այդ արտահայտությունն օգտագործողին:

«Ցայգ» հեռուստաընկերությունն իր դեմ ներկայացրած հայցը չի ընդունում՝ համարելով այն անհիմն: Դատարան եւ հայցվոր կողմին ուղարկած իր առարկությունում նշում է, որ հեռուստաընկերության լրատվության բաժինը զբաղվում է լուրերի հավաքմամբ, լուսաբանմամբ եւ դա անում է անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի՝ առանց որեւէ մեկի շահը ներկայացնելու: Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում լսվող այդ գործը աղմկահարույց էր, հետաքրքրություն էր ներկայացնում հանրության համար եւ բնականաբար լրատվամիջոցը պիտի լուսաբաներ այն:

Պատասխանող կողմն իր առարկությունում նկատում է, որ հայցվորը՝ մեջբերելով վերը նշված արտահայտությունը, չի տարանջատել, թե ասվածից որն է զրպարտություն, որը՝ վիրավորանք: Ըստ պատասխանող կողմի, որեւէ արտահայտություն տվյալ ասվածի մեջ ոչ վիրավորանք է, ոչ էլ զրպարտություն: Բացի այդ, ըստ պատասխանողի, արտահայտությունը պետք էր դիտարկել ընդհանուր համատեքստում, իսկ հայցվորն այն տարանջատել է  ընդհանուր տեքստից:

Պատասխանող կողմը՝ «Ցայգը», չի ընդունում նաեւ, որ ինֆորմացիան իր մեջ զրպարտություն է պարունակում: «Որպեսզի ինֆորմացիան որակվի զրպարտություն, այն չպետք է համապատասխանի իրականությանը, այսինքն պիտի լինի սուտ, անհիմն, ոչ հավաստի,- նշված է հեռուստաընկերության կողմից դատարան ուղարկված առարկության մեջ,- Ըստ էության, ներկա պահին փաստական հանգամանանքները այնպիսին են, որ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. Օր. 104 հոդվածով, այն է դիտավորյալ սպանություն կատարելու համար:

Մեր լրատվամիջոցը հղում կատարել է ՇՄ դատարանին, որպես քրեական գործը քննող մարմնի, լրատվության մյուս մասը՝ մոր խոսքերին: Հ/ը  հայտնել է սպանվածի մոր տեսակետը եւ այդ կապակցությամբ հետագայում հայտարարություն է տվել»:

Երանուհի Սողոյան, Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031