Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի են գնում արվեստագետները

Մարտ 11,2013 11:47

Եթե որեւէ մեկը կարծում է, որ արտասահմանում արվեստագետները չունեն քաղաքական նախասիրություններ, ապա դա մոլորություն է: Օրինակ, Միացյալ նահանգներում նախագահական ընտրությունների ժամանակ Հոլիվուդի աստղերը հրապարակավ պաշտպանում են այս կամ այն թեկնածուին: Ընդ որում, նրանց մեծ մասը սատարում է Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին՝ վերջիններս սովորաբար ավելի լայնախոհ են ու լիբերալ, ինչը, ըստ երեւույթին, դուր է գալիս արտիստներին: Չնայած կան նաեւ Հանրապետականի համակիրներ՝ Առնոլդ Շվարցենեգեր, Սիլվեսթեր Սթալոնե, Քլինթ Իսթվուդ: Ի՞նչ են անում նրանք՝ իրենց թեկնածուներին պաշտպանելու համար: Կարծիք են հայտնում նախընտրական շրջանում քննարկվող խնդիրների շուրջ՝ պետք է խստացնե՞լ, թե՞ ազատականացնել զենք կրելու մասին օրեքները, թույլատրե՞լ աբորտները, թե՞ արգելել, ճի՞շտ էր պատերազմ սկսել Իրաքում, թ՞ե սխալ:

Նրանք նաեւ օգնում են իրենց թեկնածուների նախընտրական հիմնադրամներին, օրինակ, մի քանի հազար դոլար եւ ավելի բարձր գներով տոմս են գնում բարեգործական ճաշերի համար, համերգներ են կազմակերպում, որոնց ամբողջ հասույթը փոխանցվում է այդ հիմնադրամներին եւ այլն: Այսինքն՝ ի տարբերություն Հայաստանի կամ Ռուսաստանի, ոչ թե կուսակցություններն են արվեստագետներին փող տալիս, որ նրանք խոսեն այդ կուսակցությունների կամ թեկնածուների օգտին, այլ հակառակը՝ իրենք են նյութապես օգնում այդ կուսակցություններին կամ թեկնածուներին: Դա, իհարկե, էական տարբերություն է. արտասահմանցի արվետագետներն անկախ մարդիկ են. մտավորականները քաղաքական խնդիրներին խառնվում են ոչ թե իրենց գործերը դասավորելու, կամ թեկուզ մի ավելորդ շիշ կոնյակ խմելու նպատակով, այլ՝ որովհետեւ գտնում են, որ այս կամ այն թեկնածուն ավելի լավ է իրագործելու իրենց գաղափարները: Կարող են ոչ մեկին չսատարեն, իսկ «ընդդիմության» թեկնածուին սատարելու դեպքում վստահ են, որ դա իրենց ստեղծագործական կյանքի եւ բարեկեցության վրա չի ազդի:

Մեր նման երկրներում վիճակն, իհարկե, խիստ տարբեր է. մտավորականները այսպես թե այնպես կախված են իշխանությունից, որը կարող է ոչ միայն փող տալ, այլեւ գրքեր տպագրել, համերգներ եւ ցուցահանդեսներ կազմակերպել, հովանավորել ֆիլմեր, գործուղել արտասահման եւ այլն: Կարող է այդ ամենը չանել, եւ այդ դեպքում արվեստագետը կհայտնվի բավականին բարդ վիճակում: Ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավորություններն այս առումով շատ ավելի սահմանափակ են, նրանք լծակների չեն տիրապետում, երբեմն ունեն միայն փող: Խնդիրը հենց այդ կախվածության մեջ է, թե չէ՝ Հոլիվուդի դերասանը կամ ամերիկացի որեւէ ռոք երգիչ ավելի խելացի եւ գրագետ չէ, քան մեր դերասաններն ու երգիչները, արտասահմանյան աստղերը երբեմն ճիշտ նույնպիսի հիմարություններ են դուրս տալիս, ինչպես մերոնք: Պարզապես նման դեպքերում չի առաջանում «մութ ուժերին ծառայելու» կամ «ծախվելու» խնդիրը:

Ինչպես եւ շատ դեպքերում, խնդրի լուծումը քաղաքական կամք դրսեւորելու մեջ է: Քաղաքական ուժերը եւ իշխանությունները առաջին հերթին չպիտի «մարտի ուղարկեն» արվեստագետներին՝ իրենց համար «դոշ տալու» ակնկալիքով: Այդ «դոշ տալը» չպիտի գին լինի որոշակի հովանավորության համար: Թող այդ մարդիկ շարունակեն հեղինակություն վայելել իրենց մասնագիտական ոլորտում՝ դրանից իշխանությունը միայն կշահի: Մնացած արվեստագետներն ու մտավորականներն էլ չպիտի իրենց պարտքը համարեն «ծախվածներին» քարկոծելը: Մի կողմից, իհարկե, դա ինքնահաստատման բավականին հեշտ ձեւ է, մյուս կողմից՝ գործընկներների հետ նման հակամարտության մեջ մտնելով մարդիկ վարկաբեկում են ընդհանուր գործը՝ այն ոլորտը, որին երկուսն էլ ծառայում են: Ոչ ոք չի կարող ասել՝ «մտավորականը պիտի լինի այսպիսին կամ այնպիսին»՝ այդ հրամայական տոնը մտավորականներին բացարձակապես հարիր չէ:

Որքան հայտնի է, Քլինթ Իսթվուդն ու Բարբարա Սթրեյզանդը՝ տարբեր թեկնածուներին պաշտպանելու համար իրար չեն անվանել «ներքին Օսամա բեն Լադեն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վահե says:

    Ամբողջովին կողմ եմ այդ տարբերակին, եթե ընտրությունները անցնեին արդար, բայց տվյալ դեպքում ուրիշ կերպ չես կարող բնութագրել իշխանություններին, որոնք գործում են միմիայն իրենց սեփական շահեր օգտին:

  2. Տիգրան says:

    Արամ, քո կարծիքը ԱՄՆ իդերասանների մասին չի համապատասխանում իրականությունը… Այստեղ առավել քան մի ուրիշ երկրում գրեթե ամեն ինչ որոշում է քաղաքապետարանոը, նահանգային վարչությունը, կամ սպիտակ տունը նայած ինչ խնդիր է… Այո, կողքից թվում է այնպես, ինչպես դու ես ասում, բայց երբ այդ ամենը տեսնում ես քո աչքով, զարմանքով պարզում ես, որ այս երկրում, ես համոզված եմ նաև Եվրոպայում, բոլոր հարցերռ լուցվում են ծանոթույթյունների և փողի միջոցով… Կառավարությունն այդ դերասաններին ուղորդում է, անմիջականորեն ասում է` դու այսքան գումար պետք է փոխանցես և այլն… Կա մեկ իրական տարբերություն` Հայսատանում բարքերը չափազանց գռեհիկ են համեմատած ԱՄՆ-ի և ԵՎրոպայի հետ… ԱՅս առումով Հայաստանը մի քանի հարյուրամյակ ետ է մնացել քաքաքակրթությունից և զարմանալի չէ, որ հայաստանի արտաքին քաղաքակությունը միշտ պարտություններ է կրում… Հավատա, անձնական կարծիքները շատ բան են որոշում, որքան էլ մենք բղավենք, թե ամեն ինչ փողն ու շահն է որոշում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031