Քուվեյթ
Մարտի 7-ին Քուվեյթում ՀՀ դեսպանության եւ Հայ Դատի հանձնախմբի համատեղ կազմակերպմամբ Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցում մեկնարկեց սումգայիթյան եղեռնագործությունների 25-ամյա տարելիցին նվիրված հուշ-երեկոն: Երեկոյին ներկա էին համայնքային բոլոր կառույցների եւ դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, օտարազգի հյուրեր:
Միջոցառման սկզբում մեկ րոպե լռությամբ սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո ծավալուն ելույթով հանդես եկավ Քուվեյթի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Տիգրան Բայաթյանը` մանրամասն ներկայացնելով սումգայիթյան ջարդերի ժամանակագրությունը: Ելույթին զուգընթաց ցուցադրված համապատասխան տեսաֆիլմը պատմում էր ականատեսների վկայությունների մասին:
Իր ելույթում Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, խոսելով Ադրբեջանի իշխանությունների լիակատար աջակցության, ամենաթողության ու անպատժելիության պայմաններում Սումգայիթում կատարված սպանդի մասին, զուգահեռներ անցկացրեց Բուդապեշտյան գործի հետ, նշելով, որ Ադրբեջանը շարունակում է նույն գործելաոճի կենսագործման իր քաղաքականությունը նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:
Կարդացեք նաև
Երեկոյի ավարտին Քուվեյթի եւ Արաբական Ծոցի երկրների Կաթողիկոսական փոխանորդ, Գերաշնորհ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը կոչ արեց միահամուռ, համահայկական ջանքերի գործադրմամբ միջազգայնացնել Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը
Իրաք
Մարտի 8-ին Բաղդադի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին:
Պատարագից հետո իրաքահայ կազմակերպությունների, ինչպես նաեւ Իրաքում ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարին:
Այնուհետեեւ Ազգային վարժարանի «Գյուլբենկյան» սրահում կայացավ հիշատակի հանդիսություն, որի ժամանակ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերի նահատակների հիշատակին:
Արգենտինա
Մարտի 10-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց պատարագ եւ հոգեհանգստյան պաշտոն` նվիրված սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին: Արարողությանը ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, դեսպանության անձնակազմը, արգենտինահայ համայնքային կազմակերպությունների, կառույցների, միությունների, ինչպես նաեւ Արգենտինայում չիլիական, արաբական եւ ուկրաինական համայնքների ներկայացուցիչները։
Ելույթով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վ.Մանուկյանը։ Դատապարտելով սումգայիթյան եղեռնը եւ այն որակելով որպես տասնամյակներ շարունակվող ադրբեջանա-թուրքական հակահայկական ցեղասպան քաղաքականության բաղկացուցիչ` նա կոչ արեց ներկաներին համատեղ ու միասնական պայքար մղել նման ողբերգական երեւույթները հետագայում բացառելու համար:
Հոգեհանգստյան արարողությունից հետո Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի հետ համատեղ ծաղկեպսակ զետեղեց Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ