Ըստ Ֆրանսիայի դեսպանի` ֆրանս-գերմանական հաշտեցման պայմանագիրը եզակի է իր տեսակի մեջ
Այս պահին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ընթանում է ֆրանս-գերմանական հաշտեցման պայմանագրին եւ երկխոսությանը նվիրված հանդիպում, որը կազմակերպվել է ֆրանս-գերմանական տարվա շրջանակներում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ուսանողներին ներկայացնելով ֆրանս-գերմանական երկխոսության կարեւորությունը, ասաց. «Երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները կարեւոր են տարբեր տարածաշրջանների, այդ թվում` Կովկասյան տարածաշրջանի համար: Կարող է թվալ, թե ֆրանսգերմանական հաշտեցումը եւ հետպատերազմյան Եվրոպայում տեղի ունեցած հարաբերությունների կանոնավորումը քիչ առնչություն ունի Կովկասի ժողովուրդների հետ: Դա այդպես չէ այն պատճառով, որ ֆրանս-գերմանական հարաբերությունների կարգավորման խնդիրը ցույց տվեց աշխարհին, թե ինչպես երկու ժողովուրդներ եւ երկրներ, որոնք դարավոր խնդիրներ են ունեցել իրար հետ, կամք ու գիտակցում ունեցան խնդիրը լուծելու համար»:
Ռեկտորը փաստեց, որ երկու համաշխարհային պատերազմ տեսած ժողովուրդները ծանր իրավիճակում էին հայտնվել. «Այս առումով ֆրանս-գերմանական հարաբերությունների կարգավորումը հրաշք կարելի է համարել: Այն սկիզբ դրեց միացյալ Եվրոպայի ստեղծմանը: Զարմանալ կարելի է, թե ինչպես երկրները փոքր քայլերով մեծ գործն ավարտին հասցրեցին: Նրանք դրսեւորեցին կամք և փոխըմբռնում»:
Կարդացեք նաև
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ ֆրանս-գերմանական հաշտեցումը եւ բարեկամությունը դարակազմիկ իրադարձություն կարելի է համարել. «Դրանով վերջ տրվեց 75 տարի տևած թշնամանքին, որը ծանր դեպքերով ուղեկցվեց: Հաշտեցման օրինակը ցույց է տալիս, որ չկա պատմական ֆաթալիզմ. պատմության ընթացքը երբեմն կարելի է շրջել: Չկա այնպիսի խորը վիշտ եւ վերք երկու ազգերի միջեւ, որ հնարավոր չլինի բուժել: Մարդատյատության եւ ատելության մթնոլորտը մեծ հաջողությամբ կարող է տեղը զիջել խաղաղությանը»:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի դիտարկմամբ` իր տեսակի մեջ եզակի հաշտեցման պայմանագիրը հնարավորություն տվեց կերտել երկու երկրների համատեղ ապագան:
Ներկայացնելով երկխոսության հաստատումից հետո երեք հատորով լույս տեսած ֆրանսգերմանական պատմության դասագրքի դերակատարությունը` պատմաբան, Գերմանիայում Պատմության ֆրանսիական ինստիտուտի ղեկավար Պիեռ Մոնեն ասաց, որ դասագիրքը երկու երկրների պատմաբանների ամենացանկալի երազանքն էր: Մոնեն հավելեց, որ դասագիրքը կարեւոր նշանակություն ունեցավ երկու երկրների ժողովուրդների միջեւ երկխոսության հաստատման գործում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ