Էդգար Վարդանյանի կարծիքով դա պայքարն ավելի ուշադրության կենտրոնում կդարձնի
Ազատության հրապարակում երեկ հրավիրած հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը «կեղծ երդում տա», նա այդ երդումը կտա իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիակի վրայով։
ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանին Aravot.am-ը հարցրեց՝ արդյոք այդ ծայրահեղ միջոցը մի վերջին քա՞յլ էր, թե՞ դա մի քայլ է, որը կարող է նոր գործընթացի սկիզբ դառնալ։
«Հացադուլը իրոք ծայրահեղ քայլ է, բայց չի նշանակում, որ այդ ծայրահեղ քայլին դիմողը սպառել է բոլոր այլ քայլեր անելու հնարավորությունը: Ուղղակի կա որոշակի ժամանակի դեֆիցիտ, որովհետեւ հայտարարվել են ժամկետներ: Որպես վերջնաժամկետ՝ ինագուրացիայի օրն է նշվել, իսկ հասարակությունը մինչ այդ ժամկետը սպասելիքներ ունի: Կարծում եմ, պարոն Հովհաննիսյանը հաշվի առնելով դա եւ այն, որ իշխանությունները կարծես թե չեն ցանկանում ընդառաջ գնալ ընդդիմադիր հանրության պահանջներին եւ նույնիսկ արդեն սկսել են դիմել որոշակի սադրանքների՝ այս պայմաններում պարոն Հովհաննիսյանը դիմեց ժողովրդի գիտակցության վրա ազդելու ամենաազդեցիկ քայլին», նկատեց ՌԱՀՀԿ փորձագետը:
Կարդացեք նաև
Ժողովրդի՞, թե՞ իշխանության գիտակցության վրա ազդելու քայելին, հարցրեցինք նրան: «Կարծում եմ ժողովրդի, որովհետեւ այդ դեպքում ժողովուրդն արդեն ճնշում կգործադրի իշխանությունների վրա, իշխանությունների խղճի կամ այլ զգացմունքների վրա ազդելու առումով կարծում եմ պատրանքներ չպետք է ունենալ: Այս հացադուլը պայքարն ավելի ուշադրության կենտրոնում կդարձնի եւ հնարավոր է, պայքարին նոր լիցք հաղորդի: Նաեւ ասեմ, որ պայքարի կոնցեպցիան, ըստ էության, «գանդիզմն» է, պարզապես դեռեւս այն մեկ մարդու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով է սահմանափակվում։ Հնարավոր է, որ այս քայլը նպաստի նրան, որ այս կոնցեպցիայով տոգորված տարբեր քաղաքացիներ, քաղաքական, քաղաքացիական խմբեր ավելի ակտիվ գործողություններ իրականացնեն եւ հասարակությունը ավելի կրավորական, պասիվ, ինչ-որ առումով՝ հանդիսատեսի դերից դուրս գա եւ ակտիվ քաղաքացու դերակատարություն ստանձնի», պատասխանեց Էդգար Վարդանյանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Հայստանի իշխանություններին ավելի հոգեհարազատ է ջունգլիների օրենքով գործելը….