Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ դիմումը ՍԴ-ին. Ամբողջական տեքստ

Մարտ 11,2013 10:15

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

 

ԴԻՄՈՂ`

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ`

ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՓԱՍՏԱԲԱՆ`

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ`

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի

2-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի

1-ին մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Սույն դիմումով գործը քննության ընդունել և քննել մինչև 11.03.2013թ. դատական նիստը

1. Ընտրությունների ամփոփ գնահատականը և դիմումի փաստերը

 

Ժողովրդավարական պետության կարևոր բնութագրիչներից է ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության բարձր աստիճանը: Սակայն երբ հասարկության զգալի հատվածի մոտ առկա կասկածը ազատ, ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման նկատմամբ, զուգորդվում է ընտրական իրավունքի բազմաբնույթ խախտումներով, ձևավորվում է ակնհայտ անվստահություն ընտրական համակարգի հանդեպ: Դրա վկայությունն է 18.02.2013թ-ին տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրությունների թե նախընտրական և թե հետընտրական ժամանակահատվածում հասարակության զգալի հատվածի մոտ առկա, ընտրության արդյունքների կանխորոշվածության զգացողությունն ու արդյունքների նկատմամբ անվստահությունը: Չնայած անցանկալի այս վիճակի առաջացման պատճառները բազմաթիվ են, սակայն ներկայացնենք դրանցից էական համարվող մի քանիսը:

Այսպես, պետական իշխանության երեք թևերի` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության միջև բաժանման և հավասարակշռության ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով նախատեսված համակարգը փաստացի գոյություն չունի կամ այն նույնանում է ՀՀ Նախագահի ինստիտուտի հետ: Սերժ Թանգյանին ուղղված իր նամակում Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարում, որ ընտրություններն ինքն  է կազմակերպել[1]: Իրենց վարքագիծը պայմանավորելով այդ իրողությամբ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիների ու պաշտոնատար անձանց գերակշիռ մասը կառավարման այդ համակարգերը ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ և դրանից հետո վերածել են ընտրական համակարգի, որը հակաիրավական ձևով գործում է ի շահ իշխող քաղաքական ուժի և/կամ դրա թեկնածուի, կասկածի տակ դնելով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված` Հայաստանի Հանրապետության, որպես ժողովրդավարական և իրավական պետության լինելիությունը:

Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը փաստացի չի պատկանում ժաղովրդին, խախտվում է Սահմանադրության 2-րդ հոդվածով երաշխավորված` իր իշխանությունը ազատ ընտրությունների միջոցով իրականացնելու ժողովրդի իրավունքը, քանի որ կեզծվող ու խեղաթյուրվող ընտրությունների միջոցով յուրացվում է ժողովրդի իշխանությունը:

Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի (…) ընտրությունները (…) անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Նախագահի ընտրությունների անցկացման թվարկված սկզբունքներն էլ են խախտվել:

ՀՀ ընտրական օրենսգիրքն իր հերթին է երաշխավորում ընտրությունների անցկացումը ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ, որի նախապատրաստման, կազմակերպման և անցկացման օրինականության համար, իրենց լիազորությունների շրջանակում պատասխանատու են` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք: ՀՀ ընտրական օրենսգրքի 2-ից 6-րդ հոդվածներով ևս սահմանված են ընտրելու և ընտրվելու իրավունքի իրականացման երաշխիքներ, որոնք ունեն իրավունքի սկզբունքի ուժ:

ՀՀ ընտրական օրենսգրքի հատուկ նորմերը կոչված են ամրապնդելու ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից իր իշխանությունն իրականացնելու անօտարելի իրավունքի իրավական ընթացակարգով իրականացումը, սակայն նույն օրենսգրքի որոշ հատուկ նորմեր ուղղակի հակասում են Սահմանադրությանն ու անհավասար վիճակի մեջ են դնում ընտրություններին մասնակցող թեկնածուներին, խոչընդոտելով ժողովրդի կամքի ազատ իրականացմանը:

Բազմաթիվ են փաստերը, որոնք վկայում են, որ ՀՀ Նախագահի ընտրություններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը վեր են ածվել ընտրական մեխանիզմների: Դրանք ակտիվորեն ներազդելով ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, չունենալով համապատասխան լիազորություններ, խաթարելով ազատ ընտրություններով ժողովրդի իշխանության իրականացման ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված պահանջը, խախտում են ՀՀ Սահմանադրույթան 4-րդ հոդվածով նախատեսված` Հանրապետության Նախագահի ընտրությունների անցկացման հիմնարար սկզբունքները:

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող և հանրապետությունից բացակայող անձանց փոխարեն այլ անձի (անձանց) կողմից քվեարկության իրականացումը սահմանափակող երաշխավորված համակարգի բացակայությունը ձևավորում է քվեարկությանը մասնակցած անձանց թվաքանակի նկատմամբ հիմնավոր կասկածներ, որը բխում է թե տեսական և թե նաև գործնական դրսևորումներից: Դա են վկայում միջազգային դիտորդները և դա է փաստված ընտրությունների պաշտոնական արդյունքներում, որոնց համաձայն, այն ընտրական տեղամասերում և ընտրատարածքներում, որտեղ առավել, կարելի է ասել անոմալ աստիճանի բարձր է եղել ընտրողների «ակտիվությունը», այդտեղ ձայների անոմալ առավելություն է ստացել գործող Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչով փաստվում է, որ բոլոր այդ տեղամասերում, իսկ դրանք հարյուրավոր են, քվեարկություն է իրկանացվել բացակայող անձանց փոխարեն, լցոնումներ են իրականացվել, կարուսել կոչվող ընտրախտումն է իրականացվել, վարչական ռեսուրսներն են գործի դրվել և անձանց ընտրական իրավունքը խախտող բազմաթիվ այլ հնարքներ են կիրառվել, ինչի արդյունքում տեղամասեր կան, որտեղ ընտրություններին «մասնակցած» ընտրողների քանակը հավասար է ընտրացուցակներում ընդգրկվածների 100 տոկոսին, շատ ավելի տեղամասեր կան, որտեղ այդ թիվը կազմում է 90-99 տոկոս, է´լ ավելի շատ են այն տեղամասերը, որտեղ այդ թիվը կազմում է 80-90 տոկոս, հարյուրավորների են հասնում այն տեղամասերը, որտեղ ընտրություններին «մասնակցածների» թիվը կազմում է 60-70 և 70-80 տոկոս[2]:

Նշված հարցին իր 02.03.2013թ. Հետընտրական միջանկյալ զեկույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ ԸԴԱ-ն, մասնավորապես, զեկույցի V, Վերջնական արդյունքների հրապարակում հատվածում արձանագրելով հետևյալը. «Փետրվարի 25-ին ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի պարոն Սարգսյանը հայտարարվել է ընտրված նախագահ։ Արդյունքների արձանագրությունը ստորագրվել է ԿԸՀ-ի բոլոր յոթ անդամների կողմից։

ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների հիման վրա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է սերտ հարաբերակցություն ընտրողների մասնակցության թվի և գործող նախագահին կողմ քվեարկած ձայների միջև այն ՏԸՀ-ներում, որտեղ միջինից բարձր մասնակցության դեպքում պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի մեծ բաժին։ 1988 տեղամասերից 1746-ը ունեն 300 և ավելի գրանցված ընտրողներ (Բացառությամբ մեկից, բոլոր այդ տեղամասերը սովորական ընտրական տեղամասեր են, այսինքն չեն գտնվում քրեակատարողական հիմնարկներում կամ բժշկական հաստատություններում Դրանցից 144-ում ընտրողների թիվը գերազանցել է 80 տոկոսը, որը թվում է անհավանականորեն բարձր, և նմանատիպ 115 տեղամասերում գործող նախագահը ստացել է քվեարկած ձայների ավելի քան 80 տոկոսը։ 303-ից 198 տեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը կազմում էր 70-80 տոկոս, գործող նախագահը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասեր, որտեղ ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր, պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը 40 տեղամասերում, իսկ պարոն Հովհաննիսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս 155 տեղամասերում։ Ընտրողների բարձր մասնակցություն ունեցող տեղամասերի մեծամասնությունում դիտարկվել է գործող նախագահի ավելի շատ ստացած ձայների միտում, որը առաջացրել է մտահոգություն ընտրական գործընթացի ամբողջականության արժանահավատության հանդեպ»։

Ե՜վ վերը մեր կողմից նշվածը և՜ ԵԱՀԿ ԺՄԻԳ ԸԴԱ զեկույցի մեջբերված հատվածում խոսքը գնում է ընտրացուցակներում ընդգրկվածների մասին, իսկ եթե հաշվարկը կատարենք փաստացի առկա ընտրողների թվից ելնելով, ապա այդ տոկոսներին պետք է ավելացվեն առնվազն 11 տոկոս և դա, ըստ պաշտոնական տվյալների:

Այսպես, Հայաստանի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը ըստ ԿԸՀ-ի` 2.528.050 է, իսկ ընտրություններին մասնակիցների թիվը կազմել է 1.521.489 (տես` www.elections.am):

Համաձայն մարդահամարի տվյալների` 2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ, Հայաստանում առկա են եղել 2 մլն 871 հազ. 509 մարդ (www.armstat.am/am/): Բնականաբար, ոչ բոլորն է, որ ՀՀ քաղաքացի են, բայց համարենք, որ այդպես է:

Եթե հաշվի առնենք, որ միգրացիոն գործակալության տվյալների համաձայն 2012թ-ին ՀՀ-ից արտագաղթողների թիվը կազմել է 44.809 մարդ, իսկ 2013թ. հունվար ամսին այդ թիվը կազմել է` 7.002 (տես` www.smsmta.am/?id=937), ապա ստացվում է, որ Հանրապետությունում առկա է 2.819.698 մարդ: Եթե 2.819.698-ից էլ հանենք  մինչև 18 տարեկան 682.000 երեխաներին (www.armstat.am), որոնք ընտրելու իրավունք չունեն, ապա ստացվում է, որ Հանրապետությունում առկա ընտրողների թիվը կազմում է 2.137.698 մարդ:

Այսպիսով, պաշտոնական տվյալների համաձայն ընտրողների թիվը կազմում է 2.528.050 ընտրող, սակայն Հանրապետությունում առկա է 2.137.698 ընտրող, որից ըստ ԿԸՀ տվյալների ընտրություններին մասնակցել է 1.521.489 ընտրող, որը կազմում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների` 60,18 տոկոսը, սակայն Հանրապետությունում առկա ընտրողների` 71,17 տոկոսը:

Այս ամենն, ի դեպ, իր հիմքում ունի բացառապես պաշտոնական տվյալներ:

Դա նշանակում է, որ եթե ցանկանում ենք պարզել, թե Հանրապետությունում առկա ընտրողների քանի տոկոսն է մասնակցել ընտրություններին, ապա յուրաքանչյուր ընտրական տեղամասի կամ ընտրատարածքի համար ստացված մասնակցության տոկոսին պետք է ավելացնենք ևս 11 տոկոս: Այսպիսով, ընտրություններին մասնակցածների միջին տոկոսը Հանրապետությունում կազմում է առկա ընտրողների 71,17 տոկոսը, ինչը անհավանական և անիրական բարձր ցուցանիշ է և պարզ է, որ նման ցուցանիշը բացառապես լցոնումների արդյունք է: Ավելին, պարզվում է, որ 235 ընտրական տեղամասերում ընտրություններին մասնակցել են առկա ընտրողների 90-100 և ավելի տոկոսը, 260 ընտրական տեղամասում` 80-89 տոկոսը, ևս 88 ընտրական տեղամասերում` 72-79 տոկոսը: Այդ 586 ընտրական տեղամասերում քվեարկությանը «մասնակցած» 368.776 ընտրողից Սերժ Սարգսյանին ձայն են տվել 315.618 ընտրող, կամ ավելի քան 85,59 տոկոսը: Ակնհայտ է, որ նման թվական տվյալներ հնարավոր է ստանալ բացառապես լցոնումների, ուղղորդված և կրկնակի ընտրությունների արդյունքում:

Ահա, այսպիսին են մեր ընտրությունները:

Մեկ այլ հաշվարկից պարզ է դառնում, որ այն ընտրական տեղամասերում, որտեղ մասնակիցների քանակը մոտ է միջինին, առավելություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բնականաբար այս ամենը ԿԸՀ-ի համար ոչինչ չի նշանակում և բնականաբար ԿԸՀ-ն ու ԸԸՀ-ները որևէ ընտրական տեղամասում իրենց նախաձեռնությամբ որևէ վերահաշվարկ չեն կատարել: Ինչու՞ բնականաբար: Որովհետև Սերժ Սարգյանն ինքն է խոստովանել, որ ընտրություններն ինքն է կազմակերպել, հետևաբար էլ ինչ ենք ուզում ԿԸՀ-ից ու ԸԸՀ-ներից:

Նման և ակնհայտ ընտրախախտումների բազմաթիվ այլ  իրավիճակներում, ընտրական հանձնաժողովները ցուցաբերել են անգործություն. իրենց նախաձեռնությամբ որևէ տեղամասում չեն կատարել վերահաշվարկ, առանց ուսումնասիրության մերժել են հենց այդ, անոմալ արդյունքներով տեղամասերի ընտրության արդյունքները լցոնման և այլ հիմքերով անվավեր ճանաչելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր` 128 դիմումները, իրենց կողմից ընտրական գործընթացի որևէ խախտում չեն արձանագրել, ընթացք չեն տվել անգամ լրատվամիջոցներով ու այլ թեկնածուների վստահված անձանց արձանագրած խախտումներին, որոնք բազմաթիվ են և որոնց վերաբերյալ տեսանկարահանումները, լուսանկարները և այլ բազմաթիվ ապացույցներ առկա են և արդեն իսկ ներկայացվել են սահմանադրական դատարանին: ՏԸՀ-ները թույլ են տվել, որպեսզի իրականացվի բաց քվեարկություն, լցոնումներ, որպեսզի ընտրությունները կազմակերպած գործող նախագահը քարոզչական նպատակով ծախսեր անի ոչ հիմնադրամի միջոցներից, որի ընդհանուր գումարը նվազագույն հաշվարկով կազմել է թույլատրելի առավելագույն շեմի` 100.000.000 դրամի կրկնապատիկից ոչ պակաս գումար, մերժել են այդ կապակցությամբ ուսումնասիրություն կատարելու դիմումը և այլն:

Այս ամենը կատարվել է այն անձանց թողտվությամբ, ում վրա դրված է այդ խախտումների արգելումը:

ՀՀ սահմանադրական դտարանը իր որոշումներում արձանագրել է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորության ապահովումը պետության պարտավորությունն է, այլ ոչ թե առանձին քաղաքական միավորումների կամ անհատների:

Այսպիսով ընտրությունների կազմակերպման ընթացքում հասարակությունում տիրող անվստահության, ընտրությունների արդյունքների կանխորոշվածության, համակարգային բնույթ ունեցող բազմաթիվ ընտրախախտումների առկայության պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքները արժանահավատ չեն, հանրության կողմից որպես այդպիսին չեն ընդունվում և անվստահություն ու լարվածություն են առաջացնում:

Բայց դա դեռ ամենը չէ և ահա, թե էլ ինչ է տեղի ունենում:

 

2. Դիմումի իրավական հիմնավորումները զուգորդված լրացուցիչ փաստերով

 

ՀՀ Սահմանադրության`

–       1-ին հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

–       2-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

–       4-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»:

ՀՀ ընտրական օրենսգրքի`

–       1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման օրինականության համար»:

–      18-րդ հոդվածը վերնագրված է. «Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները», որի համաձայն. «1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները (…):

 5. Թեկնածուները ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

8. Թեկնածուները ինչպես նաև ընտրությունների մյուս մասնակիցները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Թեկնածուների, կողմից այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին, գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` դրանք կանխելու կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի նկատմամբ` տալով խախտումը դադարեցնելու համար 3 օրը չգերազանցող ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում խախտումը չդադարեցնելու դեպքում հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, ապա թեկնածուին, գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:

–       20-րդ հոդվածի համաձայն. «1. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել տարածելու քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:

2. Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն սույն հոդվածով նախատեսված տեղերում:

Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից:

Քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, եթե այդ տեղերում սույն հոդվածով արգելված չէ պաստառներ փակցնելը»:

–       26 հոդվածի համաձայն. «1. Նախընտրական հիմնադրամի միջոցները թեկնածուները կարող են օգտագործել նախընտրական քարոզչություն իրականացնելուն ուղղված ցանկացած միջոցառման ֆինանսավորման համար:

2. Թեկնածուները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով:

Սույն մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում:

3. Եթե հիմնավորվում է, որ նախընտրական քարոզչության համար մատուցված ապրանքը կամ ծառայությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում` պարտավորեցնելով թեկնածուին հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե:

4. Եթե հիմնավորվում է, որ թեկնածուի նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում` պարտավորեցնելով թեկնածուին հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով գումար փոխանցել պետական բյուջե:

5. Եթե նախընտրական քարոզչության համար ծախսված գումարի և սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պետական բյուջե վճարվող գումարների գումարի չափի և նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի տարբերությունը գերազանցում է նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափի 10 տոկոսը, ապա ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը»:

–        27 հոդվածի համաձայն. «1. Թեկնածուները իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչվերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հայտարարագրին կցվում են թեկնածուին զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կնքված պայմանագրերը:

2. Հայտարարագրի էլեկտրոնային ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:

3. Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ժամանակագրությունը, մուծված գումարի չափը.

2) սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր ծառայության, գույքի, ապրանքի ձեռքբերման համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը»:

–       88 հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Նախընտրական հիմնադրամից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը»:

–       94 հոդվածի համաձայն. «1. Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»:

 

Վերը նշված իրավանորմերից բխում է, որ ՀՀ-ում ընտրությունները պետք է լինեն ազատ, անցկացվեն ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ, ինչը երաշխավորված է Սահմանադրությամբ, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք և առաջին հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման օրինականության համար և դա ապահովելու համար պարտավոր են ակտիվորեն գործել օրենքով իրենց վրա դրված լիազորությունների շրջանակում, այդ թվում վերստուգում կատարել, իսկ հայտնաբերված խախտումների բնույթից ելնելով կարող են թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչել կամ ընդհուպ մինչև ընտրություններն անվավեր ճանաչել, այդ թվում ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտարարելուց հետո:

 

Հանրահայտ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ՀՀ վարչական դատարանում չվիճարկված ու ԿԸՀ-ի կողմից ընդունված փաստ է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն իրականացնելու համար 1600 ընտրական շտաբ է բացել[3]: Այդ շտաբները, սակայն, փաստացի գործել են որպես քարոզչական տարածքներ, դրանց վրա փակցված են եղել քարոզչական պաստառներ` գործող Նախագահի անվամբ և «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով, գործող Նախագահի այլ քարոզչական պաստառների ոճով և գունային նույն համադրությամբ: Այդ քարոզչական պաստառների վրա նաև գրված է ընտրական շտաբ, սակայն դրանով չի փոխվում դրանց քարոզչական բնույթը: Այս կապակցությամբ պարզաբանեմ, որ գործող Նախագահը օգտագործել է նաև ձողերի վրա փակցված (դրոշատիպ) նույն ոճով ու գունային համադրությմաբ քարոզչական պաստառներ[4], որոնց վրա միայն գրված է. «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը, ուստի նրա անուն ազգանունով և կարգախոսով պաստառն առավել քան քարոզչական նյութ, քարոզչական պաստառ է:

Նախընտրական շտաբ անվամբ 1600 քարոզչական տարածքները վարձակալվել և դրանց վրա քարոզչական պաստառները փակցվել են բնակավայրերի կենտրոնական, ամենաբանուկ մասերում, այնպիսի տարածքներում, որտեղ քարոզչական պաստառներ արգելվում է փակցնել, սակայն ընտրական շտաբի անվան տակ փակցվել են: Դրանք են` մշակույթի տներ, համայնքային և պետական պատկանելության, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների զբաղեցրած շենքեր, խանութներ և քարոզչական պաստառներ փակցնելու համար արգելված այլ տարածքներ[5]:

Քարոզչական պաստառներն, ի դեպ, գերազանցել են 1600-ը, քանի որ ընտրական շտաբ անվանված քարոզչական տարածքներում ոչ միայն դրսի կողմից են փակցված եղել քարոզչական պաստառները, այլ նաև` ներսում[6]:

Արդյունքում Նախագահի թեկնածու գործող Նախագահը հնարավորություն է ստացել իր նախընտրական քարոզարշավի համար թույլատրված առավելագույն` 100.000.000 դրամ գումարը կրկնակի և եռակի գերազանցով գումար ծախսել, ինչը նրա գրանցումն անվավեր ճանաչելու հիմք է, ինչպես նաև նրան անհամեմատ շահեկան վիճակի մեջ է դրել նախագահի մյուս թեկնածուների, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանի համեմատ:

Այն, որ նշված տարածքները քարոզչական տարածքներ են և դրանց վարձավճարը պետք է ներառվեր քարոզչական ծախսերի մեջ, արձանագրվել է նաև ԵԱՀԿ/ԺՄԻԳ 19.02.2013թ. միջանկյալ զեկույցում, ըստ որի. «Պարոն Սարգսյանի քարոզարշավը ընդգրկում էր նախընտրական շտաբների և ՀՀԿի գրասենյակների լայն ցանց, որը նաև օգտագործվում էր գործող նախագահի քարոզչության համար։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱին ՀՀԿի տրամադրած տեղեկատվության, ողջ երկրի տարածքում (բացի Երևանից) գործում էին գործող նախագահի 1,186 նախընտրական շտաբներ»։ Շարունակելով նշվում է. «Մինչդեռ Ընտրական օրենսգիրքը տարածքների վարձակալումը նշում է որպես քարոզչական ծախս, ԿԸՀ-ն որոշում էր կայացրել, ըստ որի նախընտրական շտաբների վարձակալությունը հանվել էր ծախսերի ցուցակից, որոնք պետք է ընգրկվեին թեկնածուների ֆինանսական հայտարարագրերում»:

 

Նշված` տարածքների վարձակալության ու այդ քարոզչական պաստառների տպագրման ծախսերը, մեր դիտարկմամբ ներառված չեն գործող Նախագահի կողմից ՀՀ ԿԸՀ-ին ներկայացված երեք հայտարարագրերից ոչ մեկում, սակայն ԿԸՀ կայքում 24.02.2013թ. թվագրմամբ հայտարարություն է տարածվել այն մասին, որ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրել (տես` https://www.elections.am/news/id-217/):

25.02.2013թ-ին ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի կողմից ԿԸՀ է ներկայացվել դիմում, վերը նշված հիմնավորումներով, ինչպես նաև հետևյալ պահանջով. «նշված` 1600 տարածքների վարձակալության շուկայական արժեքը և դրանց վրա տեղադրված ավելի քան 1600 քարոզչական պաստառների ծախսերը ավելի քան 10 տոկոսով գերազանցում է նախընտրական  հիմնադրամի սահմանած առավելագույն չափը` 100.000.000 դրամը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր լիազորությունների և պարտականությունների սահմաններում ուսումնասիրի վերը նշված փաստերը և դիմի դատարան, ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչած համարելու համար:

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից կատարված վերը նշված խախտումները, ինչպես նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ խախտումների վրա աչք փակելը, ավելին, դրանց օժանդակելը ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»:

ԿԸՀ-ին նաև խնդրվել է ՀՀ Սահմանադրության 2-րդ, 4-րդ հոդվածների, 18 և 19 հոդվածների, ՀՀ ընտրական օրենսգրքի վերը նշված հոդվածների համաձայն դիմել դատարան ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

ԿԸՀ-ն, սակայն, ցուցաբերել է անգործությություն, իր լիազորությունների և պարտականությունների սահմաններում չի ուսումնասիրել վերը նշված փաստերը և չի դիմել դատարան` ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչած համարելու համար, ավելին, ընդունել է 25.02.2013թ. թիվ 60-Ա որոշումը, որով փորձել է արդարացնել իր անգործությունը, մասնավորապես պատճառաբանելով, որ Նախագահի թեկնածուի ընտրական շտաբների վրա նրա անուն ազգանունով և կարգախոսով պաստառները ոչ թե քարոզչական նյութ են այլ` ցուցանակ, հետևաբար դրանց, ինչպես նաև ընտրական շտաբերի տարածքների վարձակալության գումարները չպետք է կատարվեն հիմնադրամի միջոցների հաշվին և ներառվեն այդ ծախսերի մեջ: Որպես նշվածի իրավական հիմմավորում հղում է կատարվել ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին:

Դիմումի քննարկման ժամանակ, ԿԸՀ կողմից որոշման նախագիծը հրապարակելուց հետո այդ կապակցությամբ նաև հարց է տրվել ԿԸՀ նախագահին և ստացվել պատասխան[7].

–       Փատաբան Կ. Մեժլումյան, հարց – «Ես որոշման նախագծից հասկացա, որ եթե պաստառի վրա գրված է թեկնածուի անուն ազգանունը և նրա կարգախոսը դա չի համարվում քարոզչական նյութ,

–       ԿԸՀ նախագահ` Տ. Մուկուչյան – Այո, այդպես է գնահատվել:

–       Փաստաբան Կ. Մեժլումյան, հարց – Այսինքն, եթե ընտրության օրը թեկնածուի անուն ազգանունով և կարգախոսով շապիկներով, պաստառներով գնան ընտրության, դա չի համարվի քարոզչություն:

–       ԿԸՀ նախագահ` Տ. Մուկուչյան – կոնկրետ փաստական հանգամանքի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում կա, Ձերը ասածը կոնկրետ մեկ այլ փաստական հանգամանք է, որի վերաբերյալ գնահատականը պետք է տրվի մյուս փաստական հանգամանքների համադրելիության արդյունքում:

–       Կարեն Մեժլումյանի հայտարարությունը – ընտրական օրենսգրքը հետևյալի մասին է խոսում. քարոզչական նյութը չի կարող տեղադրվել կամ կարող է տեղադրվել, այսինքն ի սկզբանե որոշվում է դա քարոզչական նյութ է, թե ոչ, հետագայում որոշվում է, որտեղ կարող է տեղադրվել թե ոչ, ԿԸՀ-ի տրմաբանությամբ հակառակն է, եթե ինչ որ տեղ է դա տեղադրված, ուրեմն քարոզչական նյութ է, եթե մեկ այլ տեղ է տեղադրված` քարոզչական նյութ չէ»:

ԿԸՀ տրամաբանությունը ավելի պատկերավոր ներկայացնելու համար արձանագրենք, որ եթե օրենքի համաձայն զենքը կարելի է պահել որևէ տեղում և արգելվում է պահել մեկ այլ տեղում, ապա դա չի նշանակում, որ թույլատրվող տեղում պահելու դեպքում այն համարվում է զենք, իսկ դրա վրա արդուկ գրելու և արգելված տեղում պահելու դեպքում` չի համարվում:

Մեր կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` վիճարկելու համար ԿԸՀ անգործությունը, ինչպես նաև  ԿԸՀ 25.02.2013թ. թիվ 60-Ա որոշումը, որի հիմքում դրվել են վերը արդեն իսկ նշված իրավական ու փաստական հիմնավորումները:

Բացի վերը նշվածը, հայցադիմումում նաև պատճառաբանվել է, որ ԿԸՀ այն պատճառաբանությունը, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն թեկնածուի … գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը կարող է ներկայացվել մինչև քվեարկության օրը, նույնպես անհիմն է, քանի որ ԿԸՀ-ն իրավասու է և պարտավոր է դիմել դատարան այն թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, որը թույլ է տվել ՀՀ Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խախտումը, որն արդեն վերը մեջբերվել է: Դա նաև նույն Օրենսգրքի 85 հոդվածի պահանջն է:

Բացի այդ, ՀՀ ընտրական օրենսգրքի 94 հոդվածի համաձայն` «1. Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»:

Եթե ԿԸՀ-ն անգործություն չցուցաբերի և ուսումնասիրի վերը նշված փաստերը, որն այսօր էլ կարող է անել, որով կպարզվի այն, ինչն ակնհայտ է, այսինքն կպարզվի, որ`

– առկա են եղել ավելի քան 1600 քարոզչական պաստառներ, ինչն ի դեպ, չի հերքվել նաև ԿԸՀ-ն, իր որոշմամբ,

– դրանց տեղադրման համար 1600 տարածքների առկայությունը

– քարոզչական պաստառների տպագրման ու տարածքների վարձակալության շուկայական արժեքը նախընտրական հիմնադրամում չընդգրկելը,

– ընդգրկելու դեպքում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամի ծախսերը օրենքով սահմանված առավելագույն չափից ավելի քան 10 տոկոսով գերազանցելը:

Այդ խախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ Հանրապետության Նախագահի ընտրությունը անվեր ճանաչելու պարտավորություն են առաջացնում ԿԸՀ-ի համար, կամ առնվազն Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու պարտավորություն են առաջացնում:

Վերը նշված հիմնավորումներով խնդրվել է «Ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը:

Պարտավորեցնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուսումնասիրել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների և դրանց վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և այդ ծախսերը ներառել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ:

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերը ՀՀ Ընտրական օրենսգրքի 88 և 26 հոդվածի 5-րդ մասով սահմանված չափերը ավելի քան 10 տոկոսով գերազանցելու դեպքում ընտրությունները ճանաչել անվավեր կամ դիմելու դատարան ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

Անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 60-Ա որոշումը»:

Նշված գործի քննության ժամանակ հաստատված փաստեր (դիրքորոշումներ) են և ԿԸՀ ներկայացուցիչներն ընդունել են, որ.

  1.  Նախագահի թեկնածուի անուն ազգանունը և կարգախոսը պարունակող պաստառը քարոզչական նյութ է, եթե փակցված չէ ընտրական շտաբի վրա, իսկ եթե փակցված է ընտրական շտաբի վրա, ապա քարոզչական նյութ չէ[8],
  2. Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական շտաբները 1600-ն են, իսկ դրանց վրա առկա պաստառները գերազանցում են 1600-ը[9],
  3. Ընդունել են, որ ընտրական շտաբ գրությունը պարունակով պաստառները տպագրվել են 400 օրինակ խմբաքանակով, ինչը ֆիքսված է նաև այդ պաստառների վրա, այսինքն 1600-ը գերազանցող նման պաստառների համար առնվազն պետք է 5 խմբաքանակ տպագրվեր[10],
  4. Հայտարարել են, որ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից  պաստառների տպագրության ծախսերը կատարվել են նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, նաև ներկայացրել են 8.000.000 դրամը գերազանցող մեկ հաշիվ ապրանքագիր: Այս կապակցությամբ մեր կողմի այն դիտարկմանը, որ այդ հաշիվը վերաբերում է մեկ խնբաքանակին, իսկ տպագրվել են առնվազն 4, նույնիսկ 5 խմբաքանակ, ինչի գումարը գերազանցում է 32-40 մլն. դրամը, ԿԸՀ ներկայացուցիչները չառարկեցին այդ փաստարկի դեմ, պատճառաբանելով, որ այդ ծախսերը չպետք է կատարվեն նախընտրական հիմնադրամի հաշվին[11]:

ՀՀ վարչական դատարանի 04.03.2013թ. որոշումով հայցը մերժվել է: Որոշումը հղում է պարունակում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150 հոդվածին, որի 1-ին հոդվածի համաձայն` «1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»:

Դատարանի որոշման վերջում նշված է, որ այն վերջնական է և ենթակա չէ վերանայման:

Նման դրույթի առկայությունը բացառում է նոր հանգամանքի հիմքով նման դատական դատական ակտի վերանայումը, ինչը հակասում է Սահմանադրության 1-ին և 18-րդ հոդվածներին, քանի որ եթե այդ դատական ակտով կիրառված օրենքը  սահմանադրությանը հակասող է ճանաչվել, սակայն դա չի հանդիսանում այդ դատական ակտի վերանայման հիմք, ապա հակասահմանադրական օրենք պարունակով նման դատական ակտի ուժի մեջ մնալը հակասում է իրավական պետության բնույթին, այլև անձը զրկվում է իր իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն իրականացնելու հնարավորությունից:

Այս դեպքում, այդ անձը Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն է:

Հայցի մերժման հիմքում դրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը և պատճառաբանվել է, որ նախագահի թեկնածուի անուն ազգանունով ու կարգախոսով պաստառը, եթե գտնվում է ընտրական շտաբի վրա, դա քարոզչական պաստառ չէ, օրենսգրքի իմաստով:

Մեջբերում դատարանի որոշումից. «Ընտրական շտաբների կազմավորման կարգը սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով, որը թեկնածուներին թույլ է տալիս ընտրություն նշանակվելուց հետո կազմավորել ընտրական շտաբներ։ Ընդ որում, նույն իրավանորմը հստակ սահմանում է, որ ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները նույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը։
Փաստորեն, որպեսզի ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները որակվեն որպես ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր, որոնց ուղղված ֆինանսավորումը պետք է իրականացվի նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին և ծախսերը ներառվի հայտարարագրերում, դրանք պետք է բավարարեն հետևյալ երեք վավերապայմաններից առնվազն մեկին.

1. դրանք պետք է ներառեն թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր,

2. դրանց թիվը պետք է գերազանցի ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը,

3. դրանց մակերեսը պետք է գերազանցի 6 քառակուսի մետրը։

Նշված պահանջներին չբավարարող` ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները չեն համարվում քարոզչական տպագիր նյութեր, որոնց ֆինանսավորումը չի իրականացվում նախընտրական հիմնադրամի միջոցներից։ Ըստ այդմ, դրանց վերաբերյալ ծախսերը չպետք է ներառվեն հայտարարագրերում։

Տվյալ դեպքում հայցվորի փաստարկները վերաբերում են Հանրապետության Նախագահի նախկին թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակների ֆինասնավորմանն ուղղված ծախսերի` հայտարարագրերում չներառելու հանգամանքին։ Ընդ որում, հայցվորը շտաբների վրա տեղադրված ցուցանակները որակում է որպես քարոզչական տպագիր նյութ, ելնելով բացառապես այն հանգամանքից, որ դրանց վրա նշված են թեկնածուի անուն, ազգանունը և «Դեպի ապահով Հայաստան…» կարգախոսը։

Մինչդեռ, վերոգրյալից հետևում է, որ թեկնածուի անուն, ազգանունը և «Դեպի ապահով Հայաստան…» կարգախոսն ինքնին չեն հանդիսանում թեկնածուի օգտին կամ դեմ ուղղակի կոչեր։ Հատկանշական է, որ օրենսդիրը օգտագործում է հենց «ուղղակի» եզրույթը, որն ուղղակի բացահայտում է օրենսդրի կամքը` բացառելու ցանկացած տեսակի կոչեր պարունակող` ընտրական շտաբների վրա տեղադրված պաստառները որպես քարոզչական նյութեր դիտարկումը։ Իսկ թեկնածուի անուն, ազգանունը և «Դեպի ապահով Հայաստան…» կարգախոսն ուղղակիորեն կոչ չեն ընտրողներին քվեարկելու Սերժ Սարգսյանի օգտին»։

Այն, որ թեկնածուի անուն ազգանունով և կարգախոսով պաստառը, թեկուզև ընտրական շտաբ նշումով, իրականում քարոզչական պաստառ է, իսկ դրանց համար վարձակալած տարածքներն էլ քարոզչական տարածքներ են, ուստի դրանց համար  ծախսերը պետք է կատարվեն ընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, բխում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 4-րդ հոդվածներից, որոնք inter alia իրավական պետությունում երաշխավորում են ազատ և հավասար ընտրություններով իշխանությունների ձևավորումը, որպիսի սկզբունքը խախտվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով:

Արդեն իսկ նշել ենք, թե Սահմանադրության վերը նշված հոդվածներին հակասով` ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի օգտագործմամբ ինչ չարաշահումներ են կատարվել, որոնք խախտել են Դիմողի` Սահմանադրության այդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, անհավասար պայմաններ են ստեղծել ընտրություններին մասնակցության համար, գործող Նախագահին դնելով շահեկան վիճակի մեջ, նրա գրանցումն ուժը կորցրած չի ճանաչվել, որոնց հիմնավորրումները վերը արդեն նշվել է:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 27, 63, 68 և 69 հոդվածների պահանջները`

Խնդրում եմ

  1. ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, այնքանով, որքանով հնարավորություն է տալիս որպես ընտրական շտաբի ցուցանակ օգտագործել քարոզչական բնույթի պաստառները, այդ թվում թեկնածուի անուն ազգանունով և կարգախոսով:
  2. ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով Նախագահի թեկնածուներին հնարավորություն է տալիս ընտրական շտաբի համար  տարածքների վարձակալման գումարը (շուկայական արժեքը), ինչպես նաև դրանց վրա որպես ցուցանակ օգտագործվող քարոզչական բնույթի պաստառների պատրաստման (տեղադրման) ծախսերը (շուկայական արժեքը) չներառել այն ծախսերի մեջ, որոնց համար օգտագործվում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները:
  3. ՀՀ Սահմանադրության 1-ին և 18-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով բացառվում է նոր հանգամանքի հիմքով վերանայման հնարավորությունը:

 

 


[1] Կից ներկայացվում է գործող Նախագահ և Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Սերժ Թանգյանին, որում նա երկու տեղ ասում է, որ ընտրություններն ինքն է կազմակերպել: Տես նաև` https://www.president.am/hy/press-release/item/2013/02/26/President-Serzh-Sargsyan-letter-to-Serj-Tankian/

[2] Տեղամասերի համարներն, ԿԸՀ հրապարական տվյալներն կից ներկայացված DVD-ում concourt-ում

[3] Տես`ՎԴ/1423/05/13 վարչական գործով դատական նիստի ձայնագրությունը, https://www.elections.am/sessions/id-412/, սկսած 1:05:00-ից (մեկ ժամ հինգ րոպե զրո վարկյանից), https://www.osce.org/hy/odihr/elections/99677, https://www.irates.am/hy/1359663280,

[4] Տես` կից ներկայացվող լուսանկարները (DVD)

[5] Տես նաև` կից ներկայացվող լուսանկարները, տեսագրությունը, https://raffi4president.am/hy/violations,

[6] Այդ փաստը ընդունել են ԿԸՀ ներկայացուցիչները թիվ ՎԴ/1423/05/13 վարչական գործով, ինչպես նաև առկա է տեսագրություն, որը կից ներկայացվում է:

[7] https://www.elections.am/sessions/id-412/, սկսած 1:05:00-ից (մեկ ժամ հինգ րոպե զրո վարկյանից),

[8] Տես դատական նիստի ձայնային արձանագրությունը սկսած ժամը` 13:13:50-ից

[9] Տես դատական նիստի ձայնային արձանագրությունը, ինչպես նաև որոշման 9-րդ էջի վերջին պարբերությունը,

[10] Տես դատական նիստի ձայնային արձանագրությունը սկսած ժամը` 13:28:50 -ից

[11] Դատական նիստի ձայնագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031