«Ժառանգությունը» պարզաբանում է, որ Հրազդանում հանրահավաքի եկած մարդիկ իրենց հրավերով չեն եկել
«Մենք ոչ միայն Հրազդան, այլեւ բոլոր մարզկենտրոններ էինք ուղարկել, որ կարող է լինեն հավաքներ: Ուղղակի ցավում եմ, որ լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են անընդհատ փորձում տարածել, ներկայացնել իրադրությունն այնպես, կարծեք թե նախօրոք հանրահավաք է հայտարարվել ու չի եղել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսպես մեկնաբանեց տեղեկատվությունը,որ Հրազդանում Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի մարդկանց հրավիրել, մարդիկ եկել են, ինքը ծաղկաձորյան հաճույքներ է վայելել՝ չգնալով հավաքի:
Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց. «Ոչ, այդպիսի բան չի եղել: Ես եմ ուղարկել մարզկենտրոններին նախնական հայտ, որ եթե անհրաժեշտություն լինի՝ տեղերում հանրահավաք կազմակերպենք: Ինչպես գիտեք, Կապանում եւ Արտաշատում եղել է հանրահավաք: Նույն ձեւով մնացած 9 մարզենտրոններում էլ կարող են ասել, որ ասել են՝ չեն եկել: Ոչ: Մենք ընդամենը հայտ ենք ներկայացրել, հավաքի մասին չենք հայտարարել: Երբ որ մենք հավաքի մասին հայտարարում ենք, պարոն Հովհաննիսյանը բարձրաձայն Ազատության հրապարակում կարդում է, թե մենք որտեղ ենք լինելու: Հրազդանի մասին չի հայտարարվել»:
Մենք ճշտեցինք՝ փաստորեն իզո՞ւր են Հրազդանում մարդիկ հավաքվել եւ նեղվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի եկել՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իզուրի հարց չէ, ոչ թե իզուր, մենք չենք հրավիրել: Մեր օրենսդրությունը ցավոք այնպիսին է, որ նախապես երկար ժամանակ առաջ պետք է տեղեկացվեր: Ու քանի որ կարող էր մեկ ժամվա մեջ որոշում կայացվեր հավաք անցկացնելու՝ մենք նախօրոք ուղարկեցինք հայտերը: Մենք հայտը նամակով ենք ուղարկել, եւ մարզկենտրոնի աշխատակիցները կարող է դրա մասին իմանան եւ էժանագին նման բաներ սարքեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ