Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոված ժողովուրդը կգնա, կընտրի Սերժին 58 տոկոսո՞վ». Արտաշատցին կոչ է անում պայքարել (Տեսանյութ)

Մարտ 10,2013 21:39

Այսօր Արտաշատ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպեցին «Ժառանգության» կուսակցության անդամներ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Բանախոսները շրջապատված էին երկու տասնյակից էլ քիչ մարդկանցով, ովքեր ուշադիր լսում էին եւ մեկընդմեջ նաեւ միջամտում խոսակցությանը:

Անդրիաս Ղուկասյանն իր խոսքում նշեց. «Մարտի 15-ից հետո մեզ մնում է միայն մի պահանջ. Սերժ Սարգսյանին ներկայացնել ինքնաբացարկի պահանջ: Էտ պահանջը միայն մի դեպքում կարող է լինել. եթե ամբողջ հանրությունը միանա դրան, եթե ՀՀԿ-ի համար ձեւավորվի հստակ մի պատկեր, որ ինքը էլ քաղաքական ապագա Հայաստանում չունի: Միայն այդ դեպքում մինչեւ ապրիլի ինը ինքնաբացարկ կտա Սերժ Սարգսյանը»:

Անդրիաս Ղուկասյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստի վրա, որ Արտաշատ քաղաքում հավաքին քիչ թվով մարդիկ են մասնակցում. «Սա խոսում է այն մասին, որ գործող ուժերն իրենց գործը լավ են անում: Այս պայքարը գնում է բոլոր գյուղերում, քաղաքներում, մարդկանց փորձում են վախի մթնոլորտի մեջ պահել: Բայց սա չի նշանակում, որ մենք ետ ենք կանգնելու»,- ասաց նա եւ հավատացրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը եւ Երեւանի քաղաքացիական հանրությունը, ի դեմս նրա, պաշտպանելու են այսօրվա ռեժիմին դեմ գնացող մարդկանց շահերը:

Արտաշատի քաղաքացիներից մեկը հարց բարձրացրեց. «Սոված ժողովուրդը կգնա, կընտրի Սերժին 58 տոկոսո՞վ: Դա բացարձակ սուտ է եւ ոչ մեկն էլ չի հավատում, թող ինքը ինքնակոչ նախագահ չդառնա: Մեր հանրությունից էս եմ խնդրում՝ պայքարեք»:

«Ժառանգություն» կուսակցությունից Անահիտ Բախշյանը իր հետ Սահմանադրությունն էր բերել: Նա ուշադրություն հրավիրեց հատկապես Սահմանադրության այն հատվածին, որտեղ խոսվում էր` Մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների մասին եւ մեկ անգամ եւս նշեց, որ Հայաստանում, Սահմանադրությամբ է նշված, իշխանությունը ժողովրդինն է: Ու նաեւ հակադարձեց այն մարդկանց պնդումներին, թե հիմա իրենք երկրում անկայուն իրավիճակ են ստեղծում. «Ավելի կայուն վիճակ, քան այն, որ մենք մեր ընտրությամբ ընտրված նախագահին դնենք Բաղրամյան 26-ում, չի կարող լինել: Դա է կայունության երաշխիքը, որ մեր նախագահը լինի մեր ժողովրդի կողմից ընտրված, պաշտպանված, սիրված, որ եթե պետք լինի, ասենք` դե հիմա ցած իջիր, որովհետեւ դու քո պարտականությունները լավ չես կատարում….»:

Տիկին Բախշյանը նույնպես նկատեց` քաղաքային իշխանություններն ամեն ինչ արել են, որ արտաշատցիների շրջանակը նեղանա: Նշեց, որ նույն ճնշողների մեջ էլ կան մարդիկ, ովքեր չեն ընտրել Սերժ Սարգսյանին, ովքեր դժգոհ են այսօրվա իրավիճակից եւ անհամբերությամբ սպասում են՝ երբ է այս ամենն ավարտվելու:

Ստեփան Սաֆարյանը իր խոսքում նշեց. «Այսօր գործող կամ հեռացող նախագահի վիճակը նման է նրան, որ նա ուզում է նստել մի աթոռին, որի չորս ոտքը չկա. այդպիսի աթոռին նստել հնարավոր չէ: Աթոռը պետք է ոտքեր ունենա: Եթե չկա ժողովրդի վստահությունը՝ այդ վիճակով կառավարել հնարավոր չէ»:

Ստեփան Սաֆարյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ այսպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող պետության նախագահը, առանց հանրության աջակցության, երկիրը կառավարել չի կարող: «Բացի այն ողբերգությունը, որ ժողովուրդը չշնորհավորեց նախագահին, իսկ նրան շնորհավորեցին ընդամենը մի քանի պետությունների ղեկավարներ, մյուս ողբերգությունն այն է, որ այդ շնորհավորանքները պարզապես գործարքի մասին հիշեցումներ էին: Բացեք դրանք եւ կտեսնեք»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031