Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» ներկայացուցիչներն այսօր իրենց աջակցությունը հայտնեցին Ծավի գյուղապետին (Տեսանյութ)

Մարտ 10,2013 20:53

Tsav-gyughumԱյսօր «Ժառանգության» ներկայացուցիչներն այցելեցին Կապանի տարածաշրջանի Ծավ գյուղ` իրենց աջակցությունը հայտնելու գյուղապետ Սեյրան Զաքարյանին, ում դեմ քրեական գործ է հարուցվել վերջերս: Նրանք պատրաստակամություն հայտնեցին հարկ եղած դեպքում լինել համայնքի ղեկավարի կողքին:

Հանդիպման ժամանակ գյուղապետը նշեց, որ հողի սեփականատերն ու ՀԷԿ կառուցած կազմակերպությունը հաշտության եզրեր են գտել եւ հարցը քաղաքականացնելը ճիշտ չհամարեց: Գյուղապետի խոսքով` ինքը մինչ օրս քրեական գործի հարուցման վերաբերյալ ոչ մի ծանուցագիր չի ստացել: «Ուղղակի երկու անգամ կանչել են հարցաքննության, պաշտպանության կարիք այս պահին չունեմ, հուսով եմ, որ ծանուցագիր չեմ էլ ստանա: Ես շահադիտական բան չեմ արել, նույնիսկ 18 աշխատատեղ է բացվել գյուղում»,- ասաց Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանը:

Գյուղամիջում հավաքված գյուղացիները դժգոհեցին երկրի սոցիալական վիճակից. աշխատատեղերի բացակայությունից, ցածր թոշակներից ու աշխատավարձերից եւ նշեցին, որ իրենց գյուղում ընտրությունների արձանագրված արդյունքները պայմանավորված էին հենց այդ դժգոհությամբ: Հիշեցնենք, որ Ծավ համայնքում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ճիշտն ասած ժողովուրդը հիասթափված է, էսքան ընտրություն է լինում եւ ոչինչ չի փոխվում: Բնակիչների համար մեկ էր, թե ով կլիներ, միայն թե Սերժ Սարգսյանը չլիներ, էլ արդեն լցված ա էս ժողովուրդը… Մի հատ չեն նայում էս գյուղերին, աչքաթող արված, ընտրությունից ընտրություն հայտնվում են, մի բան խոստանում, թողնում-հեռանում: Եթե գյուղերը չպաշտպանես, պետությունը ո՞նց պիտի գոյատեւի», – ասաց Երեւանից գյուղ հարս եկած եւ արդեն 27 տարի գյուղում բնակվող տիկին Վարդանուշը:

Գյուղում կային մարդիկ, ովքեր դեմ էին երկրում տիրող հետընտրական լարվածությանը: «Էս պետության համար վիզ դրած, տառապած ժողովուրդ ենք, էստեղ շատ քչերը կան, որ պետության համար արյուն տված չլինեն: Ես կարծում եմ, որ կռիվ տեղը խոտ չի բուսնում, ինչքան համերաշխություն լինի, ինչքան նվիրվածություն լինի, մեր երկիրը, մեր ժողովուրդը կշահի»: Զարուհի Փոստանջյանն ի պատասխան ասվածի՝ նշեց, թե որեւիցե մեկը պետության դեմ չի գնացել, իսկ սկսված պայքարով եւ փետրվարի 18-ին կայացրած որոշմամբ` ժողովուրդը մերժում է երկրում տիրող քաղաքականությունը:

«Այսօր հանրապետության երեք քաղաքներում կազմակերպում ենք պահանջի ակցիաներ: Պահանջն ուղղված է այս պահին Բաղրամյան 26-ում գտնվող Սերժ Սարգսյանին, որպեսզի նա գա հրապարակ եւ իշխանությունը փոխանցի իրական տիրոջը` ժողովրդին», -Ծավում ասաց տիկին Փոստանջյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031