Ռուբեն Հակոբյանը անդրադառնում է մարզային միջադեպերին
Ռուբեն Հակոբյանն այսօր Ազատության հրապարակում անդրադարձավ մարզային միջադեպերին՝ Սեւանի քաղաքապետի հետ վիճաբանությանը եւ Մարտունիի դեպքին: Նա վստահեցրեց, որ իշխանության կողմից սադրանքների հետեւանք են դրանք. «Կանչում են քրեականներին եւ քրեականների միջոցով փորձում սադրել մեր հավաքը: Ես ասել եմ եւ կրկնում եմ՝ ստորագրում եմ իմ բոլոր նախադասությունների տակ, որ նրանք, ովքեր գողացել են մեր ժողովրդի քվեն, ովքեր խոչընդոտում են մեր ժողովրդին, որ գան, լսեն մեզ, նրանք մեր մեջի թուրքերն են»:
«Ճի՜շտ ես ասել»,- գոռում էին հավաքվածները:
Ըստ Ռուբեն Հակոբյանի, «մեղկ են նրանք, ովքեր ուզում են քրեականների միջոցով մեզ ճնշել, մեղկ են նույնիսկ այդ քրեականները»:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ այս օրերին ժառանգականներին եւ իրենց պայքարի հետ առնչություն ունեցող մարդկանց վրա ճնշումներ են գործադրվում. «Գնացել են Իզաբելլա Աբգարյանի հոր տուն, ստուգել են, որ տեսնեն՝ այդ տանը զենք կա՞, թե՞ չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ