Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին հորդորում են հեռանալ, քանի թոռը՝ Սերժիկը նրան չի մեղադրել

Մարտ 10,2013 18:16

«Ժառանգության» անդամը վստհեցնում է, որ Սերժ Սարգսյանի «պռոշը չի ճաքել» հայ ժողովրդի համար, որ ապահով Հայաստան կառուցի

«Ի՞նչ ապահով Հայաստան՝ 36 տոկոս աղքատների բանակով: Պարոն դե ֆակտո նախագահ, երբ դուք բռնազավթեցիք այդ աթոռը, ունեինք 26 տոկոս աղքատություն, այս 5 տարում 270 հազարով ավելացավ աղքատների բանակը»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը Ազատության հրապարակում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի կարգախոսին:

Նա նշեց, որ Հայաստանում  յուրաքանչյուր 3-րդ մարդ սոված է քնում. «Ծայրահեղ աղքատները՝ 46 հազարը դարձրիք 96 հազար: Հիմա էլ ասում եք ապահով Հայաստան: 250 հազար արտագաղթածներո՞վ եք գնում ապահով Հայաստան: Բզկտված ընդերքը, դրանո՞վ են գնում, կամակատար դատաիրավական համակարգո՞վ, թե՞ օրենքի սելեկտիվ կիրառմամբ: Ապահով Հայաստան եք գնում ծերանոցների թվի աճո՞վ, թե՞ մանկատների աճով: Խաբում եք մեզ: Դուք չեք կարող ստեղծել ապահով Հայաստան: Դուք չեք կարող բռնել կաշառակերի ձեռքը, ընտրակեղծարարի ձեռքը, որովհետեւ այդ թեթեւ ձեռքով եք ընտրվել նախագահ:Դրա համար, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում, դուք պետք է ներողություն խնդրեք հայ ժողովրդին եւ հեռանաք»:

Բազմությունը գոռում էր՝ «հե-ռա-իր, հե-ռա-ցիր»:

Ըստ Սուսաննա Մուրադյանի, Սերժ Սարգսյանը ներողություն պիտի խնդրի, քանի որ 5 տարի առաջ խոստումներ է տվել ու չի կատարել, «հիմա էլ պռոշը չի ճաքել այս ժողովրդի համար, հեռացեք, քանի որ ձեր քրեաօլիգարխիկ բուրգը արդեն բազմաթիվ տեղերից ճաքեր է տվել, մաքուր օդը արդեն թափանցել է ներս եւ դրա փլվելը օրերի հարց է: Որպեսզի ձեր փոքրիկ Սերժիկը չհարցնի, պապի, ինչի՞ այնպես արեցիր, որ Հայաստանը նաեւ ձեր պատճառով հայաթափվեց, հեռացեք արժանապատվորեն, քանի համազգային ալիքը ձեզ չի քշել-տարել: Ապրիլի 9-ի դուք չեք կարող ձեր ձեռքը դնել Սահմանադրության վրա եւ երդվել, քանզի 1000 անգամ խախտել եք Սահմանադրությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031