«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի վերջին կանգառը այսօր Սեւան քաղաքում էր, որտեղ ուշագրավ դեպք տեղի ունեցավ. Սեւանի քաղաքապետը, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը ընդառաջ եկավ Րաֆֆի Հովհաննիսյանին, ողջունեց նրան եւ ամբողջ հանդիպման ընթացքում Հովհաննիսյանի կողքին էր: Սեւանի քաղաքապետը առաջարկեց Հովհաննիսյանին ընդունել Սերժ Սարգսյանի հաղթանակը, հաշվի նստել նրա հետ, սեղանի շուրջ նստել եւ համագործակցել գործող նախագահի հետ:
«Կրկին անգամ շնորհակալություն Ձեր ներկայության համար… ազգային համաձայնությունը, միասնական ազգը հնարավոր է միմիայն իրավական, սահմանադրական ընտրությունների միջոցով: Հայ ժողովրդի մեծ մասը ունի այն տեսակետը, եւ ունենք ապացույցները, փաստերը, ցույց տալու համար, որ հերթական անգամ ընտրությունները խեղվեցին, գողացվեցին, եւ չի կարելի հիմա հռետորաբանության համար ասել, որ [Սերժ Սարգսյանը] ընտրված նախագահ է: Ներկա դրությամբ եթե ընտրված նախագահ կա, դա պարոն Սարգսյանը չէ: Բայց ես ունեմ այնքան համեստություն` չասելու համար հաջորդ նախադասությունը: Ասում եմ, որ ժողովրդի մեծ մասի կարծիքն այն է, որ մեկ ուրիշն է ընտրված նախագահ, բայց ես պատրաստ եմ հիմա լուծում գտնել: Եվ եթե պարոն Սարգսյանը ուզում է հանգուցալուծել այս վիճակը, ազգային համաձայնության իրական հնարավորություն տա, ես պատրաստ եմ ընդունել նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի հնարավորությունները», – Սեւանի քաղաքապետին արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Քաղաքապետը շեշտեց, որ Սեւանը ընտրել է Սերժ Սարգսյանին, որից հետո սեւանցի մի կին կշտամբեց նրան` ասելով «մի կեղծարար էլ դու ես»:
Սեւանում եւս մեկ միջադեպ գրանցվեց. մի քաղաքացի մոտեցավ եւ փորձեց քաշքշել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանին:
Կարդացեք նաև
Հովհաննիսյանը միջատեց. – «Ո՞ւմ են բերել… ինձ, որ խաղաղության կողմնակից եմ, ներողություն, տղա՞ են բերում իմ վրա, ուրեմն յան տվեք, որովհետեւ ես թույլ չեմ տալու: Դուք ինձ խփեք, բայց ես ձեզ չեմ խփելու: Ասում եմ` ոչ մի կաթիլ արյուն, իմ կյանքի գնով, իսկ եթե լինի արյուն, դա լինելու է դիմացի մայթից: Ես պահանջում եմ հիմա Սերժ Սարգսյանից, իրավապահ մարմիններից, որոնք մեր հպարտությունն են, թույլ չտալ, որ նման պրովոկացիաները շարունակվեն եւ խորանան», – ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր մինչ կհասներ այն վայրը, որտեղ պետք է Սեւանում հանդիպում ունենար, պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:
«Հայաստանը երկունքի մեջ է, մենք ծնունդ ենք տալիս նոր Հայաստանին, եւ կարելի է ակնկալել, որ այս լարումները, որ բերում են իշխանությունները, ոչ թե մենք, կստանան պատասխան մեր կողմից: Եթե իրենք սադրեն, մենք մեր պատասխանը կտանք օրենքի սահմաններում: Ով կանգնեց ժողովրդի ճանապարհին` օտար լինի եւ հատկապես հայաստանցի, ինքը պիտի ժողովրդի առջեւ իր պատասխանտվությունը կրի: Դրա համար ոչ միայն ոստիկանները, այլեւ քաղաքական դեմքերը, մարզպետներ արդեն իրենց վերջին ճիգերի մեջ են», – ասաց նա:
Հարցին, թե կարելի է ասե՞լ, որ վաղը` Երեւանի Ազատության հրապարակում խոստացված հայտարարությամբ փոփոխություն կմտցնի իր նախաձեռնած շարժման ռազմավարության մեջ, Հովհաննիսյանը պատասխանեց. – «Մեր ծրագիրը մի կետ ունի, դա հայ ժողովրդի սահմանադրական իրավունքը, օրենքով տրված ընտրությունը ճանաչել տալն է` առաջին հերթին Հայաստանի կողմից եւ հետո աշխարհի կողմից: Ուրիշ ծրագիր չկա, մեր ռազմավարությունը ուժի մեջ է եւ վաղը ուղղակի մտնում ենք այդ ռազմավարության իրականացման նոր հանգրվան»: