Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Վատաբանելն ու բամբասելը տղամարդուն չեն սազում»

Մարտ 09,2013 19:12

ՀԱՕԿ-ի նախագահ վերընտրված Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ խոսեց մարզաշխարհի անցած ճանապարհի ու ապագա ծրագրերի մասին:

Նա հերթական անգամ հավաստիացրեց, որ սպորտում քաղաքականությունն անելիք չունի եւ իր համոզմամբ միջազգային ասպարեզներում Հայաստանի պատիվը պաշտպանելու իրավունք տրվել ու պետք է տրվի միայն ուժեղագույնին եւ արժանավորին, անկախ նրանից, թե այդ մարզիկն ում բարեկամն է, ընդդիմադի՞ր է, թե հակառակը: Պարոն Ծառուկյանի խոսքերով Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի մեդալակիրն ու, առավել եւս, չեմպիոն, միանգամից չեն դառնում: «Դրա համար առնվազն ութ, տասը, տասներկու, տասնհինգ տարի մարզիկը պետք է քրտնաջան մարզվի, ինչն ապահովելու համար մենք անում ենք ամեն բան: Հայ մարզիկները տաղանդավոր են ու շատերն այդ ճանապարհը կարող են անցնել ութ տարում: Պեկինում միայն բրոնզե մեդալներ ունեցանք, Լունդոնում՝ արդեն արծաթ: Բայց ավելի շատ մեդալներ էինք ակնկալում: Հատկապես, ըմբշամարտից, բռնցքամարտից, ձյուդոից: Իսկ ծանրամարտում սպասում էինք մոտ երեք մեդալ ու դրանց մեջ նաեւ՝ ոսկի: Սակայն սպորտում ամեն ինչ էլ պատահում է, պետք է նաեւ հաջողություն լինի: Օլիմպիական խաղերը փոքր երկրների համար հզորների կողքին հանդես գալու հնարավորություն է: Մենք 205 երկրների պայքարում շատերից առաջ անցանք: Բայց ինչպե՞ս: Հայաստանում ութ աղջիկ էր պարապում ծանրամարտով, հիմա՝ մոտ քսանը: Բայց ընտրություն գրեթե չունենալու պայմաններում Հայաստանի աղջիկները դարձել են Եվրոպայի, աշխարհի առաջնությունների չեմպիոններ ու բազմակի մրցանակակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ: Կրկնում եմ, ընդամենը ութ կամ քսան հոգու մեջ ընտրության պայմաններում: Նույնը՝ տղամարդկանց մեջ, որտեղ եւս ընտրության հնարավորությունը խիստ սուղ է: Իսկ, ասենք, Չինաստանում միայն ծանրամարտով մարզվում է ութից տասը միլիոն մարդ: Մենք գոնե հարյուր հոգուց ընտրելու հնարավորություն չունենք: Բայց մարզիչները, մարզիկները, բոլորս միասին աշխատում ենք քրտնաջան ու հաղթում մեզանից շատ ավելի հնարավորությունների տեր երկրների: Հիմա պիտի Ռիո-դե-Ժանեյրոյում անպայման ոսկի էլ նվաճենք: Մենք Լոնդոնում մեր մարզիկների ընդհանուր մասնակցությունը գնահատում ենք լավ», – ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: Բայց նա նշեց նաեւ, որ մարդիկ էլ կան, որ մեր ամբողջ մարզաշխարհի աշխատանքը փորձում են նսեմացնել: Վատաբանելը եւ բամբասանքը տղամարդու գործ չէ, տղամարդուն դրանք չեն սազում: ՀԱՕԿ-ի նախագահը նրանց հորդորեց, որ ավելի լավ կլիներ, որ դրա փոխարեն մի քար դնեին մեր սպորտի պատին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031