«Նա իր ընկերուհու հետ էր, շատ տգեղ աղջիկ էր, զարմացել էի, որ այդքան սիրուն լինելով` նրան է հավանել»,-պատմում է 22-ամյա Անուշը: Հակոբի հետ հանդիպել է ընդհանուր ծանոթի՝ ընկերուհու տանը, ում եղբայրը Հակոբի ընկերն էր: Նա իր սովորական այցելություն էր կատարել ընկերուհու տուն, երբ վերջինիս եղբայրը տեղեկացրել էր` հյուր են ունենալու. ընկերն իրենց ծանոթացնելու է իր ընկերուհու հետ: «Հակոբի մասին շատ էի լսել, բայց չէի տեսել: Գիտեի՝ շատ սիրուն տղա է, բայց անբախտ, ում սիրել է, վշտացրել են իրեն` կամ մեկնել են երկրից կամ խաբել են»,-պատմում է Անուշը: Հիշում է ՝ իր հետաքրքրությունն ավելի է գրգռվում, երբ ներս է մտնում տղան: «Նրա մեջ այնքան արտասովոր բան կար, աչքերն էլ թախիծ էին արտահայտում, միևնույն ժամանակ այդ աղջիկը իրեն չէր համապատասխանում»,-ասում է նա: Անուշը ևս մնում է ընթրիքին, քանի որ իր խոսքով՝ նա կարծես այդ ընտանիքի անդամն էր: Զրույցի ընթացքում ինչ-որ արտասովոր բաներ է նկատում, տղան անընդհատ հայացքն ուղղում է իր կողմը, բայց այնպես, որ աղջիկը դա չընկատի. «Նրա ընկերուհին՝ Սոնան, անընդհատ գլուխ էր գովում, թե ինչ հոյակապ ժամանակ են անցկացնում միասին, շատ երջանիկ են, ոնց որ ինքն իրեն համոզեր, որ այդպես է, իսկ Հակոբը մեկընդմեջ էր լսում նրան»:
Մեկ ամիս անց պարզվում է, որ զույգը այլևս միասին չէ, իսկ պատճառների մասին ոչ ոք չի իմանում: Միայն որոշ ժամանակ անց տղան քայլեր է ձեռնարկում Անուշին գրավելու համար: «Ընկերուհուս տանը ավելի հաճախ էինք սկսել հանդիպել, հետո Մանեն խոստովանեց, որ դիտավորյալ է այդպես կազմակերպել, խոսում էինք, թղթախաղ խաղում»: Հակոբը սկսում է տուն ճանապարհել աղջկան, մի օր էլ խոսովանում է, որ անտարբեր չէ. «Մինչ նրա ասելը գիտեի, ես էլ էի սիրահարվել նրան, դրա համար էլ չձգձգեցի, ասացի, որ մի քիչ կհանդիենք ու եթե հասկանանք իրար, ընկերություն կանենք»,-պատմում է աղջիկը:
Որոշ ժամանակ հանդիպում են, միասին զբոսնում: «Նա ինձ ոչ սրճարան էր հրավիրում, ոչ էլ մեկ ուրիշ հետաքրքիր վայր, միայն զբոսայգի: Սկզբից մտածում էի՝ ամառ ա, ինքը քայլել շատ ա սիրում, հետո էլ վատ չեն ապրում, փող ունի, մյուս անգամ կհրավիրի, բայց էլի ոչ մի բան, արդեն սկսում էի մտահոգվել, թե ժլատ է, ափսոսւմ է փողերը»,-պատմում է Աուշը: Հավելում է ՝ իր անհանգստության պատճառն այն էր, որ գուցե հետագայում ՝ միասին ապրելու դեպքում, ինքը չկարողանար իրեն թույլ տալ այնպիսի բաներ, որոնք կցանականար: Ամեն դեպքում աղջիկը համբերում է, ոչ մի անգամ չի ակնարկում նրա ժլատության մասին: Վերջիվերջո տղան հրավիրում է միասին ընթրելու ինչ-որ ռեստորանում: «Առիթ չկար, պարզապես հրավիրել էր, չմերժեցի, լավ ժամանակ անցկացրինք»,-ասում է նա: Հանդիպումները շարունակվում են պարբերաբար, հետո մոտ մեկ ամիս չեն տեսնում իրար: «Սկսել էի կարոտել, հարցրեցի, թե ինչի չի ուզում հանդիպենք, ասաց, որ իր մոտ գումար չունի, դրա համար էլ ավելի լավ է չտեսնվենք: Մի քիչ անհավատալի էր, բայց կարծեցի, որ բոլորի մոտ էլ պատահում է անհարմար իրավիճակ, ասացի, որ հասկանում եմ իրեն, պարտադիր չէ գնանք ինչ-որ տեղ, պարզապես կարող ենք զբոսնել, Հակոբը խնդաց ու ասաց. «Անուշ, դու ինչ լավն ես»,-պատմում է աղջիկը:
Սիրահարների տոնն էր: Համալսարանից դուրս գալով՝ անուշիկը նկատում է, որ աղջիկների կեսից ավելի ծաղկեփնջերն ու նվերներն ձեռքներին ժպտում են: Անուշիկը կարծում է՝ մի այդպիսի բան էլ իրեն է սպասում, բայց մոտենում է Հակոբը ՝ մի փոքրիկ ծաղիկ ձեռքին. «Վարդը թոռոմած էր համարյա, պուճուր էր, նույնիսկ ես կամաչեի իմ ընկերուհուն դա նվիրել: Բայց ձևացրի, թե ինձ շատ է դուր եկել, մոտեցա, համբուրեցի այտը»,-հիշում է Անուշիկը: Ինքն էլ չգիտեր ինչու, այնքան արագ է քայլում Հակոբի հետ, որ վերջինս զարմացած հարցնում է. «Շտապու՞մ ես»: Հարցին հարցով է պատասխանում՝ «Ինչու՞ ես հացնում» : Հակոբն ասում է. «Ասա, կասեմ»: «Ասացի, որ ընկերուհիներիս հետ պայմանավորվել եմ, մեկի տանը նշելու ենք տոնը, պիտի շուտ գնամ: Չհասկացա, թե ինչպես հորինեցի, ուղղակի իրան ու ինձ ուզում էի փրկել անհարմար իրավիճակից, համոզված էի՝ տեղ չէր հրավիրի»,-պատմում է Անուշիկը: Հավելում է ՝ իր պատասխանից հետո Հակոբն ասում է. «Փաստորեն պայմանավորվել ես, լավ կճանապարհեմ քեզ»:
Անցնում է 6 ամիս: Անուշիկը արդեն տվել էր իր համաձայնությունը, համբերատար սպասում էր այն օրվան, որ տղան կցանկանար իրեն ծանոթացնել ծնողների հետ. «Ես իսկապես սիրում էի նրան, մտածում էի՝ մեր հարաբերություններոը լրջացնելով կարող եմ ավելի մեծ ազդեցություն ունենալ նրա վրա ու նաև ավելի անկեղծ լինել, թե ինչ է ինձ դուր գալիս, ինչ դուր չի գալիս: Ուզում էի կոտրել նրա անտարբերությունը կամ այն, որ այնքան էլ շատ չի գնահատում ինձ»,-անկեղծանում է աղջիկը:
Անուշի ծննդյան տոնն էր: Աղջիկը չէր էլ սպասում, որ այդ օրն իր համար անմոռանալի կդառնար: Մտածում էր ՝տղան կշնորհավորի իրեն և այդ օրը կանցկացնի ինչպես նախորդ տարիներին՝ ընտանիքի հետ, բայց Հակոբը խնդրում է իր հետ հանդիպման գալ, այնուհետև փակում է նրա աչքերն ու նստեցնում մեքենան: «Աչքերս բացեցի ու տեսա, որ կարաոկեում ենք ՝ ընկերուհուս, նրա եղբոր հետ: Շատ ուրախացա, տորթիկ էին գնել ՝ մեր նկարներով, չէի սպասում, հիանալի անցավ»: Տուն ճանապարհելիս, երբ մենակ են լինում, Հակոբը բացում է իր սիրտը. «Ասաց, որ ինչ էլ որ ասի, ներեմ իրեն, քանի որ հիմա առանց ինձ չի կարող ապրել: Հետո ասաց, որ իր քայլերից շատերը դիտավորյալ են եղել՝ մասնավորապես այն փոքրիկ վարդը, այն, որ ձևացնում էր, թե գումար չունի ինձ հետ հանդիպելու համար: Բանն այն է, որ նա չէր ուզում կրկին սիրտը կոտրել, չնայած գիտեր, որ ես շատ լավ աղջիկ եմ, բայց ուզում էր համոզվել, որ չեմ վշտացնի իրեն, նախորդ ընկերուհիների պես նվերներ կուտակելու և լավ տեղեր հաճախելու համար չէ, որ իր հետ եմ, նաև ասաց, որ գնահատում է իմ համբերությունը»,-պատմում է աղջիկը: Հավելում է ՝ չզայրացավ, այլ ժպտաց և ուրախացավ, որ նա այնպիսին չէ, ինչպիսին մտածել է:
Նրանք արդեն մեկ տարի է, ինչ ամուսնացել են և իրենց համարում են ամենաերջանիկ ու տարօրինակ զույգը:
Նազենի Բաղդասարյան