Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովում օրակարգային առաջին հարցի զեկուցող ՀԱՕԿ-ի ամառային օլիմպիական մարզաձեւերի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը 2009-2012 թթ. ընկած ժամանակահատվածում զեկույցում անդրադարձավ նաեւ ֆինանսական այն նեդրումներին, որ հաշվետու ժամանակահատվածում անձնական միջոցներից կատարել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու, մարզիկների ուսումնամարզական գործընթացը լիարժեք ապահովելու եւ մարզչական անձնակազմի սոցիալ տնտեսական վիճակը բարելավելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից 724 մարդու հատկացվել է 568 միլիոն 948 հազար դրամ պարենային բավարարում, ինչպես նաեւ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկները եւ մարզչական անձնակազմը պարգեւատրվել են դրամական մրցանակներով: Գագիկ Ծառուկյանի կողմից նաեւ տարբեր մարզաձեւերի հավաքական թիմերի համար լրացուցիչ լրացուցիչ ֆինանսավորվել է 32 ուսումնամարզական հավաք, որի գումարը կազմում է 104 միլիոն 980 հազար դրամ: Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում պարոն Ծառուկյանի կողմից ներդրվել է 1 միլիարդ 234 միլիոն 260 հազար դրամ: Բացի այդ, հատկացվել են բնակարաններ եւ 30-ից ավելի ավտոմեքենաներ: Հաշվի առնելով, որ լսելու ենք նաեւ ֆինանսների վերաբերյալ ՀԱՕԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, թույլ տվեք ավարտել հաշվետվության այս կետը», – ներկայացրեց Գաբրիել Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ